
Էրդողանն ու Պուտինը քննարկել են Հայոց ցեղասպանության հարցը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ քննարկել է նաև Ուկրաինայի, Ղրիմի թաթարների ու Հայոց ցեղասպանության հարցերը:
Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահական ապարատի աղբյուրները: Երեկ երեկոյան տեղի ունեցած հեռախոսազրույցը տևել է մոտ 30 րոպե: Հեռախոսազրույցի ժամանակ հիմնական շեշտը դրվել է երկու երկրների հարաբերությունների զարգացման վրա:
Բացի այդ, քննարկվել են նաև Ուկրաինայի ճգնաժամի ու Ղրիմի թաթարների խնդիրների կարգավորման ուղիները: Էրդողանը Պուտինին հիշեցրել է, որ մարտի 20-ին մեկնելու է Ուկրաինա:
Էրդողանն ու Պուտինը կարճ քննարկել են նաև Հայոց ցեղասպանության հարցը: Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիան շեշտը դնում է պատմական արդար հիշողության վրա և դրա հետ մեկտեղ խաղաղության կոչեր է անում Հայաստանին, առաջարկում է ձևավորել պատմաբանների համատեղ հանձնաժողով, սակայն Հայաստանը դրականորեն չի արձագանքել այդ ամենին»: