Լավագույն միզամուղները
1. Ձմերուկ- Ձմերուկի մեջ մեծ քանակությամբ ջուր կա, ինչն էլ ինքնին նրան բնական միզամուղ է դարձնում: Բացի դրանից, այն մեր օրգանիզմն ապահովում է լիկոպեններով, հակաօքսիդանտներով, որոնք թույլ չեն տալիս ազատ ռադիկալներին կաթվածահար անել մեր օրգանիզմը: Իսկ նրանում եղած ամինաթթուները նպաստում են անոթների լայնացմանը: Արդյունքում՝ հեղուկն ազատ է տեղաշարժվում, ինչպես նաև՝ հյուսվածքներից դուրս է գալիս ավելորդ հեղուկը:
Ձմերուկն ունի նաև դետոքսիկացնող հատկություն. նպաստելով աղիների ճիշտ աշխատանքին՝ օգնում է օրգամիզմից դուրս բերել թույները:
2. Պոմիդոր- Պոմիդորը 90%-ով բաղկացած է ջրից և պարունակում է մի քանի տեսակի հակաօքսիդանտներ՝ C վիտամին, սելեն, բետա-կարոտին և լիկոպին: Խոչընդոտում է ազատ ռադիկալների կողմից մեր օրգանիզմի ախտահարմանը: Իսկ դրանք կարող են վնասել արյունատար անոթների պատերը, հարուցել բորբոքումներ, և այլն:
3. Վարունգ- Հիանալի միզամուղ միջոց է, իր կազմում ունի ջրի մեծաքանակ պարունակություն: Բացի դրանից, վարունգն օրգանիզմն ապահովում է այնպիսի բաղադրիչներով, որոնք օգնում են երիկամներին դուրս բերել միզաթթուն:
Դա նպաստում է մարմնում հեղուկների չկուտակվելուն: Վարունգը պարունակում է նաև ասկորբինաթթու, ինչը նույնպես նպաստում է հեղուկների դուրսբերմանը: Եվ վերջապես, այն վերջույթների դողը կանխող կալիումի հիանալի աղբյուր է:
4. Լոռամրգի (клюква) հյութ- Այս ըմպելիքն օժտված է միզահեռացման ուղիների ինֆեկցիաները բուժելու հատկությամբ: Այն այնպիսի միզամուղ է, որը միևնույն ժամանակ կալիումին չի խանգարում կատարել իր խնդիրը, այն է՝ օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը: Այս հյութը նաև իր տեսակի մեջ հակաբիոտիկ է, թույլ է տալիս միզածորանը պահել բարվոք վիճակում: Բացի դրանից, հարմար է դիաբետիկների համար:
5. Արտիշոկ- Բարելավում է երիկամների աշխատանքը՝ ի հաշիվ սրճաթթվի, ֆլավոնոիդների, ինչպես նաև՝ միզամուղ հատկություն ունեցող վիտամինների և հանքանյութերի:
Սինարինն էլ, իր հերթին, կարգավորում է լեղու արտազատումը, ինչը նույնպես նպաստում է, որ հեղուկն օրգանիզմում չհավաքվի:
6. Նեխուր- Նեխուրը, ավելի ճիշտ՝ նրա սերմերը, օգնում է ավելացնել օրգանիզմից դուրս բերվող միզաթթվի քանակը, մեծացնում է մեզի արտադրման արագությունը, ինչը նպաստում է օրգանիզմի դետոքսիկացիային:
Կարևոր է նաև նշել, որ նեխուրը մեծ քանակությամբ նատրիում է պարունակում, բայց դա չեզոքացվում է կալիումի ոչ պակաս բարձր մակարդակով, այսինքն՝ 2 ցուցանիշներն էլ նորմայից փոքր-ինչ բարձր են, սակայն դա վնասակար չէ:
7. Խաղող- Խաղողը շատ ջուր և կալիում է պարունակում: Դրա համար էլ համարվում է բնական միզամուղ միջոց: Ի տարբերություն նեխուրի՝ խաղողի մեջ նատրիումի պարունակությունը բավականին ցածր է, ինչն էլ նրան մեզի միջոցով օրգանիզմը թունազրկելու հիանալի միջոց է դարձնում:
8. Գազար- Այս բանջարեղենը մեր օրգանիզմին անհրաժեշտ հակաօքսիդանտների, վիտամինների և հանքանյութերի մատակարարն է:
Այդ պատճառով էլ ամենաշատը խորհուրդ տրվող բնական միզամուղներից է:
Այն նպաստում է օրգանիզմի մաքրմանը, արագացնում է նյութափոխանակությունը, ինչպես նաև՝ լուծում է տեսողության հետ կապված խնդիրները:
9. Սմբուկ- Օժտված է ջրի և ֆլավոնոիդների բարձր պարունակությամբ: Այդ պատճառով էլ ոչ միայն հավաքված հեղուկն է դուրս բերում օրգանիզմից, այլև լավացնում է արյան շրջանառությունը: Խորհուրդ է տրվում խմել այն ջուրը, որում եփվել է բադրիջանը, իսկ նիհարել ցանկացողներին՝ օգտագործել այն հում վիճակում:
10. Ծնեբեկ (спаржа)– Պարունակում է ասպարագին: Այս ամինաթթուն օժտված է հզոր միզամուղ հատկությամբ:
Բացի դրանից, այն ցածր կալորիականություն ունեցող մթերք է, որը կարող է բուժել ռևմատիզմով, օրգանիզմում հեղուկի կուտակմամբ և արթրիտով պայմանավորված ցավերը:
Իսկ շնորհիվ իր մեջ եղած բջանյութի մեծ քանակի՝ ծնեբեկն էֆեկտիվորեն մաքրում է աղեստամոքսային տրակտը:
11. Կանաչ թեյ- Զանազան դիետաների մեջ կանաչ թեյը հաճախ օգտագործվում է ավելորդ քաշից ազատվելու նպատակով, քանի որ այն մեզի միջոցով օրգանիզմից դուրս է բերում նաև ճարպը:
Սակայն իր մեջ եղած կոֆեինի բարձր պարունակության պատճառով այս ըմպելիքը խորհուրդ չի տրվում խմել օրական 4 բաժակից ավելի:
12. Վարսակ– Իր էներգետիկ հատկությունների շնորհիվ այն շատ հարմար է՝ որպես նախաճաշ, ինչպես նաև՝ պարունակում է այնպիսի միացություն, որը կատարում է բնական միզամուղի ֆունկցիա:
13. Մաղադանոս- Սա հիանալի միզամուղ միջոց է և շատ օգտակար է նաև երիկամներից տոքսինները դուրս բերելու համար: Օգտագործելու լավագույն տարբերակն այն հում վիճակում ուտելն է:
14. Բազուկ- Բարելավում է երիկամների և լյարդի աշխատանքը: Այն նաև երկաթ է պարունակում, որը նպաստում է օրգանիզմում ճարպային կուտակումների ծավալի փոքրացմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ