Անշարժ գույքի շուկայում ավելացել են շտապ վաճառքները
Անշարժ գույքի շուկայում պասիվությունը շարունակվում է, սակայն սրան զուգահեռ՝ շտապ վաճառքներն են շատացել: 168.am-ի հետ զրույցում «Էլատե» անշարժ գույքի գործակալությունից տեղեկացրին, որ ընթացիկ տարվա երկրորդ ամիսն արդեն կիսվել է, սակայն դրական տեղաշարժեր չկան, անցած տարիների հետ համեմատած՝ գործարքների թիվը 20-30 տոկոսով նվազել է:
«Այստեղ կարևոր է նաև սեզոնայնությունը, ձմռան ամիսներին, գարնան սկզբին ակտիվությունը միշտ էլ թույլ է լինում, ամռանն ու աշնանը, հատկապես դրսից տուն գնողների հաշվին, ոլորտն աշխուժանում է: Փոխարժեքի տատանումից բխող հետևանքներից բացի, այս գործոնը ևս պետք է դիտարկել շուկայում ուսումնասիրություններ անելուց առաջ»,- հայտնեց «Էլատե» գրասենյակի տնօրեն Նաիրա Հայրապետյանը:
Նրա խոսքով, այս պահին շուկայում հիմնական ակտիվությունը պահպանվում է շտապ վաճառքների հաշվին, այս դեպքում գնորդը ցանկանում է հնարավորինս արագ վաճառել իր գույքը՝ նորը գնելու կամ երկրից հեռանալու պատճառով:
«Գների փոփոխություն չկա, միայն շտապ վաճառքների դեպքում է լինում մոտ 20 տոկոսի չափով, իսկ ակտիվություն, ինչպես միշտ, ամենաշատը նկատվում է Արաբկիր համայնքում և Նոր Նորքում, Կենտրոնում գործարքները քիչ են, բայց ֆինանսապես ավելի կայուն: Ամենաքիչ պահանջարկը կա Մալաթիա-Սեբաստիայում, Չարբախում, մնացած համայնքների վիճակագրությունը նույնն է, ինչ անցած տարիներին»,- տեղեկացրեց Ն. Հայրապետյանը:
«Վիվա Ռիելթի» գործակալության տնօրեն Էդվարդ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ անշարժ գույքի շուկայում մարտին, հունվար-փետրվար ամիսների համեմատությամբ, արդեն շարժ կա, բնակարան ձեռք բերելու պահանջարկը հիմնականում 50-70 հազար դոլարի սահմաններում է, գները կայուն են, նվազման միտում չկա:
«Հիմնականում գները պահում են այն վաճառողները, ովքեր ցանկանում են վաճառել տունը և այլ տուն գնել, սպասում են և ընդհանրապես գին չեն գցում, քանի որ գնային տարբերությամբ հարցեր ունեն լուծելու: Հիմնական խնդիրն այս պահին միայն ֆինանսական շուկայի խառնաշփոթը չէ, այլ հիպոթեքային վարկերի տրամադրման դժվարությունը։ Վերջին ամիսներին բանկերը սկսել են կրճատել հիպոթեքային վարկավորման ծավալները, իսկ մեր հիմնական գնորդներն այս տարբերակով են ցանկանում գույք ձեռք բերել»,- հայտնեց գործակալության տնօրենը՝ հավելելով, որ իրենց մոտ, անցած տարվա համեմատությամբ, մոտ 15-20 գործարքների անկում կա:
Նրա խոսքով, շղթան կաշխատի, եթե բանկերը սկսեն դրամային վարկավորումը, քանի որ վաճառողը կվաճառի, գնորդը նոր տուն կգնի: Իսկ այս պահին պահանջարկը բավարար է, պարզապես բոլորը սպասողական վիճակում են:
Ինչ վերաբերում է կառավարության ծրագին, որով հիպոքեթի տոկոսները եկամտահարկի հաշվին վճարելու է պետությունը, մեր զրուցակիցը հայտնեց, որ ծրագրով բնակարան շահառուները պետք է ձեռք բերեն կառուցապատողից, սակայն այս դեպքում պետք է հաշվի առնել գները: «Կառուցապատողից կլինեն գնողներ, բայց այս տարբերակով գները բարձր են, երկրորդային շուկայում պահանջարկի դեպքում վերավաճառողն ավելի էժան է վաճառում, քան կառուցապատողը, որի մոտ գները ֆիքսված են: Չեմ կարծում, որ անշարժ գույքի շուկան չտուժի այս որոշումից, սակայն ավելի ճիշտ կլիներ, եթե օրենքը վերաբերեր ընդհանուր շուկային, որն այս դեպքում զգալի կատիվանար»,- հայտնեց Է. Հարությունյանը: