Բաժիններ՝

CNN-ը համեմատել է համաշխարհային առաջնորդների աշխատավարձերը

Ամերիկյան CNN հեռուստաալիքն օրեր առաջ համեմատել է զարգացող ու զարգացած մի շարք երկրների նախագահների ու վարչապետերի աշխատավարձերը: Նրանց թվում է հայտնվել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որի աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նա իր աշխատավարձը կրճատել է 10 տոկոսով՝ կապված երկրի տնտեսական վիճակի հետ:

Աշխատավարձի ցուցանիշով առաջատարն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է, ով տարեկան վաստակում է 400.000 դոլար: ԱՄՆ-ի նախագահի աշխատավարձը կրկնապատկվել է այն բանից հետո, ինչ 2001 թվականին երկրի նախագահ դարձավ Ջորջ Բուշ-կրտսերը: Բացի այդ, Օբաման ծախսերի համար ստանում է հարկման չենթակա 50.000 դոլար:

 

Կարդացեք նաև

 

 

 

 

Երկրորդ տեղում Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերն է, ով տարեկան վաստակում է 260.000 դոլար:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ցուցանիշը երրորդն է՝ տարեկան 234.400 դոլար: Կանցլերն ու նրա նախարարները մարտի սկսզբից ստանում են 2.2 տոկոսով բարձրացված աշխատավարձ՝ կառավարության փաստաթղթերին համապատասխան:

Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է ՀԱՀ-ի նախագահ Ջեյկոբ Զուման, որի ցուցանիշը կազմել է 223.500 դոլար:

5-րդ տեղում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն է՝ տարեկան 142.500 ֆունտ-սթեռլինգ կամ 214.800 դոլար:

6-րդ տեղում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն է՝ 202.700 դոլար:

7-րդ լավագույն ցուցանիշն ունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով տարեկան վաստակում է 194.300 դոլար: Ընդգծվում է, որ Օլանդն այս ցուցակում կզբաղեցներ շատ ավելի բարձր տեղ, եթե 2012 թվականին Ֆրանսիայի նախագահ դառնալուց հետո 30 տոկոսով չկրճատեր իր աշխատավարձը: Աշխատավարձն այդչափ չկրճատելու դեպքում նա տարեկան կստանար 255.600 եվրո կամ 274.500 դոլար աշխատավարձ: Այդպիսի ցուցանիշով նա կզիջեր միայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 8-րդն է՝ 136.000 դոլար: Հաշվի առնելով վերջին շրջանում երկրի տնտեսական ծանր դրությունը՝ Պուտինը նախորդ շաբաթ հայտարարեց, որ 10 տոկոսով կրճատում է իր աշխատավարձը: Ներկայումս նա տարեկան վաստակում է մոտ 8.2 միլիոն ռուբլի կամ էլ 136.000 դոլար:

9-րդ տեղում Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին է՝ 124.600 դոլար:

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը 120.000 դոլար ցուցանիշով 10-րդ տեղում է:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին տարեկան վաստակում է ընդամենը 1.900.000 ռուփի, ինչը համարժեք է տարեկան ավելի քան 30.000 դոլարին:

Իսկ ահա երկրորդ խոշոր տնտեսությունն ունեցող Չինաստանի նախագահ Սի Ծինփինի տարեկան աշխատավարձը կազմել է ընդամենը 22.000 դոլար, և դա էլ այն դեպքում, երբ այս տարեսկզբից աշխատավարձի չափն աճել է 60 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս