ՀՀ Սահմանադրության ապագա տեսքի վերաբերյալ Մոսկվայից հրահանգն ուշանո՞ւմ է. Արմեն Բադալյան

«Սահմանադրական բարեփոխումների թեման ունի այլևս միայն արտաքին սպառող»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական քննարկումներին և գործընթացի արտաքին սպառողներին:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ելույթին և արտահայտած մտահոգություններին` Արմեն Բադալյանն ասաց, թե Հայաստանում Սահմանադրությունն իշխանությունների ձևավորման իրավական փաստաթուղթն է և ոչ ավելին, և, քանի որ Հայաստանում իշխանությունների ձևավորումը կախված է ոչ թե Հայաստանի հասարակությունից, այլ աշխարհաքաղաքական կենտրոններից, մասնավորապես` Ռուսաստանից, միգուցե Ռուսաստանից վերջնականապես հրահանգ չի եկել Սահմանադրության ապագա տեսքի վերաբերյալ: Այսինքն, թե ինչ տեսք պետք է ունենան ՀՀ իշխանությունները` պետք է լինի խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական կառավարման համակարգ: «Որևիցե բան չի խանգարում ՀՀ իշխանություններին անցկացնել հանրաքվե՝ ստանալով ցանկալի արդյունք: Նախկինում ևս չէր խոչընդոտում, բայց ներկայում առավել ևս երկրի ներսում խոչընդոտներ չկան, այդ իսկ պատճառով հարցը պետք է քննարկվի դրսի հետ և մասնավորապես՝ Ռուսաստանի: Երևի թե ՌԴ-ն իր վերջնական տեսակետը չի ասել»,- նման կարծիք հայտնեց Արմեն Բադալյանը:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետի համոզմամբ` սահմանադրական բարեփոխումների թեման առավել ևս ներկայում ունի միայն արտաքին սպառող՝ Ռուսաստանի տեսքով: Ըստ նրա` քաղաքական գործընթացները ստատիկ վիճակում չեն գտնվում. դինամիկ են, ինչը նշանակում է՝ չի բացառվում, որ սահմանադրական բարեփոխումների որոշումն իջեցվել էր Մոսկվայից՝ Հայաստանն առավել արդյունավետ կառավարելու համար, սակայն ընթացքում փոփոխություններ են եղել, և այդ որոշումը չեղարկվել է, որի հետևանքով փոխվել են Սերժ Սարգսյանի շեշտադրումները: Սակայն փորձագետը նաև չի բացառում, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մտորումները ձևական են և նրա PR-ի մասն են կազմում:

«Միգուցե ներքուստ որոշված է, որ անպայման անցում է կատարվելու խորհրդարանական կառավարման համակարգին, պարզապես ձևականությունից ելնելով՝ ինչ-ինչ ընտրության հնարավորություն են հրամցնում հասարակությանը: Այսինքն` կա երկու տարբերակ` կամ Ռուսաստանից վերջնական պատասխան չի եկել, կամ ձևական ընտրության հնարավորություն է տրվում հասարակությանը»,- հստակեցրեց Բադալյանը:

Կարդացեք նաև

Արմեն Բադալյանը նաև նշեց, որ քաղաքական հանդիպումները, որոնք կայացան, անիմաստ PR ակցիա էին, որովհետև, երբ որևէ գործողություն է իրականացվում, այն պետք է ունենա լսարան՝ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի դրսում:

«Հաշվի առնելով այն, որ Հայաստանի հասարակության 90-95%-ն այլևս չի զբաղվում ՀՀ ներքաղաքական գործընթացներով, մի կողմ է քաշվել պետությունից և պետական կառավարման, իշխանության ձևավորման գործընթացներին չի մասնակցում, արտագաղթը խոշորածավալ է, այս հանդիպումներն այլևս չեն հետաքրքրում մարդկանց, որովհետև նրանք գիտեն, որ հանրաքվեն լինելու է, հանրաքվեն ընտրություն է, ընտրությունների ժամանակ գումար են բաժանում, ու հանրաքվեի ժամանակ հասարակությանը հետաքրքրող միակ հարցը հետևյալն է լինելու, թե որքան գումար են բաժանելու: Հասարակության մի փոքր մասին՝ քաղաքականապես ակտիվ դիրքորոշում ունեցող հատվածին, չես կարող հանդիպումներով համոզել, որ կա կոնսոլիդացիա, բոլոր քաղաքական ուժերը կողմ են այս փոփոխություններին: Նույն այդ հանդիպումներով Արևմուտքին ոչինչ չես կարող համոզել, քանի որ, եթե Արևմուտքը ցանկանա ճանաչել հանրաքվեն կամ անտարբեր լինել, խնդիր չի լինի: Ռուսաստանին չես կարող խաբել ևս, քանի որ, եթե ՌԴ-ն ցանկանա, որ Հայաստանում իսկապես լինի խորհրդարանական կառավարման համակարգ՝ կլինի խորհրդարանական կառավարման համակարգ, եթե ցանկանա, որ լինի կիսանախագահական կառավարման համակարգ՝ կլինի այդպիսի համակարգ, և ոչ մի լայն կոնսոլիդացիա ՌԴ-ին չի կարող համոզել հակառակում: Այսինքն` երբ մենք դիտարկում ենք կայացած հանդիպումները, տեսնում ենք, որ դրանք ոչ մի լսարանի ուղղված չեն, առավել ևս, երբ տեսնում ենք, որ հանդիպում են այն կուսակցությունները, որոնք քաղաքական դաշտում դերակատարներ չեն»,- ասաց Արմեն Բադալյանը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս