Ինչ է կատարվում ՌԴ-ում, կամ ով է զանգահարել Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միջազգային և հատկապես ռուսական լրատվամիջոցներն արդեն երկու օր է՝ քննարկում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «երկարատև բացակայության» հարցը:
Բանն այն է, որ ըստ ռուսական լրատվամիջոցների՝ մարտի 5-ից հետո ՌԴ նախագահը լրագրողների մասնակցությամբ որևէ միջոցառման կամ պաշտոնական արարողության չի մասնակցել:
Մարտի 11-ին Կրեմլում նախատեսված է եղել Վլադիմիր Պուտինի և Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Տիբիլովի հանդիպումը, որի ընթացքում պետք է երկկողմ պայմանագիր ստորագրվեր, սակայն ՌԴ նախագահի աշխատակազմը վերջին պահին այն չեղյալ է հայտարարել: Անսպասելի չեղյալ է հայտարարվել նաև ՌԴ նախագահի այցը Աստանա, որը նախատեսված էր այսօր` Բելառուսի և Ղազախստանի նախագահների մասնակցությամբ:
Ռուսական լրատվամիջոցներն արձանագրել են, որ Պուտինի պաշտոնավարման մեկուկես տասնամյակի ընթացքում նման` արարողությունը կամ հանդիպումը վերջին պահին չեղյալ հայտարարելու դեպք երբևէ չի եղել:
Հենց այս ֆոնին Հայաստանի և ՌԴ նախագահականները երեկ տարածեցին հաղորդագրություն` Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին: Այս հաղորդագրությունում կոնկրետ ոչինչ չէր ասվում, ուստի ռուսական լրատվամիջոցները դրա կայանալու հանգամանքը ևս կասկածի տակ առան, և ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ստիպված եղավ, ի վերջո, հայտարարել, որ ՌԴ նախագահը խոստացել է ապրիլի 24-ին ժամանել Հայաստան»:
Կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։