«Միայն Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանն էին պատրաստ խաչը դեպի Գողգոթա տանող ճանապարհին իրենց պատասխանատվության մասնաբաժինը ունենալ»
Փետրվարի 12-ից Հայաստանի ներքաղաքական կյանքում զարգացումները սկսեցին շատ արագ ընթանալ: Այս կարծիքին է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, որն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրարձավ վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:
Նրա խոսքով՝ եռյակը, այն հասարակական կառույցները, շերտերը, որոնք թվացյալ ձևով միավորված էին Գագիկ Ծառուկյանի շուրջ, փոտրվարի 12-ից հետո «իրենց ճիշտ չդրսեևորեցին և քաղաքական պայքարի ճիշտ մեթոդներ չընտրեցին»:
Գ. Իսագուլյանը պատմում է, որ ինքն այդ օրերին՝ օրը 1, 2 անգամ հանդիպել է Գ. Ծառուկյանին և մասնակցել է համարյա բոլոր խորհրդակցություններին և քննարկումներին.
«Կարող եմ ասել, որ փետրվարի 14-15-ից հետո պարզ դարձավ մի պարզ երևույթ, որը հետագա գործընթացների վրա ունեցավ ամենամեծ ազդեցությունը՝ պարոն Ծառուկյանը մնաց մենակ՝ բառի իսկական իմաստով: Այն քաղաքական ուժերը, հատկապես՝ եռյակը, որ պարտավոր էր իր ղեկավարների մակարդակով այդ օրերին ուղղակի կանգնել պարոն Ծառուկյանի կողքին, նրան մենակ թողեցին: ՀԱԿ-ի ղեկավարը ամենադժվար ժամանակ նամակ հղեց Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով քննարկման ենթարկել մի հարց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, որն ամենևին չէր տեղավորվում այդ օրերի զարգացումների մեջ: «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր խորհրակցություններին (համենայնդեպս, նրանց, որոնց ես մասնակցել եմ) հարկ չհամարեց առաջին դեմքով մասնկացել: Ճիշտ է՝ մասնակցում էր պարոն Ռուբիկ Հակոբյանը՝ ֆր ակցիայի ղեկավարը, բայց, սա այն պարագան է, որտեղ անչափ կարևոր էր հենց Րաֆֆի Հովհաննիսյանի անմիջական մասնակցությունը: Բոլորի հայացքն ուղղված էր պարոն Ծառուկյանի վրա»:
Գ.Իսագուլյանը կարծում է, որ այդ ժամանակ ԲՀԿ-ի ամենաակտիվ քաղաքական կյանք վարող գործիչները նույնպես անցել էին «մի տեսակ ստվեր». «Ճիշտ է՝ որոշակի հայտարարություններ անում էին, բայց բոլոր խորհրդակցությունների ժամանակ դարձյալ նրանց բոլորի հայացքն ուղղված էր պարոն Ծառուկյանի վրա»:
Ըստ Գ. Իսագուլյանի՝ Գագիկ Ծառուկյանը հասկացել է, որ ամեն սցենարի դեպքում էլ ինքը մենակ է մնացել, ու այս զարգացումները շատ վտանագավոր հետևանքներ կարող են ունենալ ապագայում. «Այս մտորումների արդյուքնում պարոն Ծառուկյանը կայացրեց միակ ճիշտ որոշումը»:
Նա նաև նշեց, որ վերջին խորհրդակցության ժամանակ, երբ արդեն հաջորդ օրը Գ. Ծառուկյանը հստակ հայտարարություն արեց, երբ քննարկման թեման հետագա գործողություններն էին, միայն երկու հոգի էին, որ պատրաստ էին «խաչը դեպի Գողգոթա տանող ճանապարհին իրենց պատասխանատվության մասնաբաժինը ունենալ». «Այդ մարդիկ Վարդան Օսկանյանը և Գուրգեն Արսենյանն էին: Հազարավոր մարդկանց մեջ, ովքեր այնտեղ էին, միայն այդ երկուսն էին, որ պատրաստակամություն հայտնեցին պատասխանատվության իրենց բաժինը կրելու: Նույնիսկ ես, կարծում եմ, այդ ժամանակ բավարար վճռականություն ու դիրքորոշում չցուցաբերեցի, որպեսզի գնար այն ուղղությամբ, ինչպես ես պատկերացնում էի»: