«Լևոն Տեր-Պետրոսյանին մնում է 2017-ին ընդառաջ՝ մնալ հրապարակում և ցույց տալ, որ ինքն է ամենալոյալ ուժը Ռուսաստանին». Ստեփան Սաֆարյան

«Կարծում եմ, Տեր-Պետրոսյանը հիմա մի խնդիր է լուծում՝ դա 2017 թվականի ընտրություններին ընդառաջ հրապարակում (ոչ միայն Ազատության հրապարակում, այլև ընդհանրապես քաղաքական հրապարակում) մնալն է, որովհետև, կարծես թե, այլևս բան չկա փորձելու, որ կարող է փորձել պարոն Տեր-Պետրոսյանը»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ` խոսելով մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին, ասաց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի պետական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Լ. Տեր-Պետրոսյանն ինքն էլ հասկանում էր, որ եթե ինչ-որ ժամանակ հասարակությանը պահում էին իշխանության հետ երկխոսության դիսկուրսով, որի տապալումից հետո արդեն ՀԱԿ-ը և Տեր-Պետրոսյանը հրապարակ նետեցին քաղաքագիտական վերլուծությունը, ապա արդեն չկա որևէ բան, հատկապես, որ բոլոր նախկին զինակիցների հետ անդառնալիորեն կամուրջները այրվել են, և այդքանից հետո՝ նրան մնում է՝ մնալ հրապարակում և ցույց տալ, որ ինքն է ամենալոյալ ուժը Ռուսաստանին. «Պատահական չէր, որ նման ուղերձներ հղեց՝ «այ, որ ես գնամ, հրապարակ կգան ուժեր, ովքեր Պուտինի հրաժարականը կրծքի տակ են պահում»»:

Ս. Սաֆարյանը նկատեց, որ առաջին նախագահի այդ օրվա ամբողջ ելույթը, կարծես թե, նվիրված էր արտաքին քաղաքականության խնդիրներին. «Այսինքն՝ չկա որևէ այլ պրոցես, որից կառչի Լևոն Տեր-Պետրոսյանը, և իրեն մնում է ընդամենը 2017-ին ընդառաջ՝ մնալ հրապարակում: Տեսնենք ՝ ինչքանով կհաջողվի իրեն: Այս կտրվածքով՝ ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտում կա վակուում, որը լցվելու է: Քաղաքական դաշտում առկա ուժերից ո՞վ ճարպիկ կգտնվի և ավելի արդյունավետ կգործի, կարծում եմ՝ նրան էլ կհաջողվի զբաղեցնել այդ պատվավոր տեղը»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ, խոսելով առաջին նախագահի ելույթի մասին, նշեց, որ այնտեղ ինքը քաղաքական մի շատ խոշոր բացթողում է տեսնում. «Որովհետև ասում է՝ այդ քաղաքական ուժերը «Պուտինի հրաժարականը սրտերի տակ պահած գնում են»… Ինձ մի բան է մտահոգում: Ինչքան ես գիտեմ՝ մենք սուվերեն պետություն ենք և այլ երկրի նախագահի հրաժարականը մեզ պետք է առանձնապես չհուզի՝ լինի դա դիմություն, թե ընդդիմություն: Դրա համար, հենց ինքնին այդ ձևակերպումն ավելի շատ ուղղված էր ոչ այնքան քաղաքական ռեալիաներին, որքան Պուտինին: Երևի Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ-որ առումով շատ լավ հասկանում է, որ Պուտինը խիստ անձնավորված քաղաքական ղեկավար է, և իրեն թվում է, որ անձնական զգացմունքերը մի այլ երկրի նախագահի հղումը, կարող է որոշակի քաղաքական ուժերի դիրքափոխություն առաջացնել: Չեմ կարծում՝ Հայաստանի՝ դեպի մարում գնացող քաղաքական ուժերի հայտարարությունը՝ ուղղված դեպի Մոսկվա, կարող է ներկա պահին արձագանք գտնել: Եվ եթե դրանով Լևոն Տեր-Պետրոսյանը հետապնդում էր այդ նպատակը, կարծում եմ, որ արդյունավետ չէր»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս