«Տեղի ունեցածը վեճ է իշխանական էլիտաների միջև». Սերգեյ Մարկեդոնով
Հարցազրույց ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովի հետ
– Պարոն Մարկեդոնով, փետրվար ամսին ՀՀԿ-ԲՀԿ «փոխհրաձգությանը» հաջորդած բանակցությունների հետևանքով` մարտի 5-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ակտիվ քաղաքականությունը, ԲՀԿ ղեկավարի աթոռը լքելու մասին։ Ի դեպ, ՀՀԿ-ԲՀԿ հաշտության մեջ, ըստ մամուլի հրապարակումների, էական դերակատարություն է ունեցել ՌԴ-ում բնակվող հայազգի գործարարներից մեկը, և տեսակետներ կան, որ հայաստանյան ներքաղաքական կյանքի այս գործընթացները չէին կարող առանց Մոսկվայի հետ համաձայնեցման տեղի ունենալ։ Ի՞նչ եք կարծում այս մասին։
– Բնականաբար, Հայաստանում ներքաղաքական լարվածությունը, առավել ևս` ճգնաժամը ձեռնտու չէր լինի Մոսկվային։ Ստեղծված ողջ իրավիճակն ու զարգացումները Մոսկվային վերագրելը ճիշտ չէ։ Այս հարցում իմ դիրքորոշումը նոր չէ. հետսովետական տարածքի փոքր երկրները, իրենց երկրների արտաքին և ներքին զարգացումները վերագրելով Մոսկվայի և Վաշինգտոնի միջամտությանը, իրենք իրենց են նվաստացնում։ Այդ դեպքում ո՞րն է այդ երկրների դերակատարությունը, եթե Մոսկվայի մատի մեկ շարժումով Հայաստանում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում։ Իսկ եթե ընդունենք, որ այդպես է սովորաբար պատահում, ապա, այո՛, տեղի են ունենում միջամտություններ, դրանց արդյունքում` փոփոխություններ, բայց հասարակությունը դեմ է դրանց, և, ամենայն հավանականությամբ, հասարակությունը փողոց է դուրս գալիս։
Բայց ես չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանն այն քաղաքական գործիչն է, ում կարելի էր համարել աղքատների, անպաշտպանների և խեղճերի, ստորացվածների, վիրավորվածների պաշտպան, այլ է նրա դեպքում, ես այդպես եմ կարծում։ Ուստի առաջին հերթին` պետք է տեղի ունեցածը որակել՝ որպես վեճ իշխանական էլիտաների միջև։ Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա Մոսկվային հետաքրքիր է, որ Հայաստանում, պայմանականորեն ասած, «Մայդան» տեղի չունենա, միայն դա և ոչ ավելին։
– Ռուս քաղաքական վերլուծաբանները պնդում են, որ Մոսկվայի համար կարևոր է աշխատել հենց ռուսամետ կամ գոնե ՌԴ-ին հարմար քաղաքական կուրս իրականացնող իշխանության հետ։ Ըստ Ձեզ` Մոսկվային հետաքրքիր չէ՞, թե որ քաղաքական ուժն ավելի նպատակահարմար կուրս կիրականացնի Ռուսաստանի հետ հարաբերություններում։
– Դա այդքան էլ կարևոր չէ։ Ի՞նչ է, ըստ Ձեզ, Մոսկվան այնքան է սիրել Սարգսյանին, որ ամեն դեպքում նրա՞ն է պատրաստվում աջակցել, բացարձակապես միայն նրա՞ն։ Այդքան էլ վստահ չեմ այս հարցում։ Առավել ևս, որ հայաստանյան ընդդիմադիր ուժերը բացարձակապես տարբեր են։ Հայաստանի դեպքում խոսել ընդդիմության մասին` որպես մեկ միասնական երևույթ, չի կարելի։ Ծառուկյանի և դաշնակների կամ Ծառուկյանի և Հովհաննիսյանի միջև տարբերությունն ավելի մեծ է, քան Ծառուկյանի և Սարգսյանի համեմատության դեպքում է։
Բնականաբար, սրանից կարող ենք ենթադրել, որ դրանք բացարձակապես տարբեր քաղաքական ուժեր են, ես չեմ կարողանում նրանց մեկ դաշտում պատկերացնել։ Մոսկվան կարող է օգնել ինչ-որ մեկին` մյուսի հետ պայմանավորվել, հաշտվել, գումար տալ, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի ողջ քաղաքականությունը Մոսկվան է կերտում։ Հայաստանն անկախ երկիր է, ուստի այն, ինչ կատարվում է Հայաստանում, առաջինը հենց Հայաստանի քայլերի հետևանքն է, իսկ Մոսկվան, Վաշինգտոնը դրանում այս կամ այն կերպով ներգրավվում են կամ միանում հետագայում։
– Ներկայիս իշխանությունները, ըստ էության, Մոսկվայի համար ամենակարևոր` ԵՏՄ անդամակցության հարցում, համաձայնության եկան։ ՀՀ իշխանություններից ավելիի սպասելիքներ կա՞ն, թե՞ ՀՀ իշխանությունների ներկայիս նվիրվածությունը բավարար է, այսինքն` այս իշխանությունների հետ աշխատանքը Մոսկվային ձեռնտո՞ւ է։
– Չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանը ևս հարմար քաղաքականություն էր վարում, Լևոն Տեր-Պետրոսյանը` ևս հարմար էր, ում օրոք ստորագրվեց ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագիրը։ Ես մեկ այլ բան ասեմ. եթե նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը դառնա ՀՀ նախագահ, չեմ կարծում, թե նրա քաղաքականությունը Մոսկվայի համար անհարմար լինի։ Եթե Հայաստանում խորհրդարանի երկու պատգամավոր է «դեմ» քվեարկում ԵՏՄ անդամակցության մասին համաձայնագրին, դա մեկ բան է, իսկ երբ նախագահը` բացարձակապես այլ։
Ուստի, այո, Սերժ Սարգսյանը լիովին ձեռնտու է այսօր, բայց եթե վաղը ժողովուրդն այլ մեկին ընտրի, չեմ կարծում, որ ամեն ինչ միանգամից կփոխվի Մոսկվայի համար։ Ես կարող եմ օրինակով բացատրել` Վրաստանի նախագահը Սահակաշվիլին էր, բոլորն ասում էին` կգա Իվանիշվիլին, և ամեն ինչ այլ կլինի, եկավ Իվանիշվիլին, ու ի՞նչն է այդ երկրում այլ։
Ավելին` հենց Իվանիշվիլիի օրոք Վրաստանը Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրեց, հենց նրա օրոք Վրաստանը սկսեց իրագործել ՆԱՏՕ-ի հետ խորը համագործակցության փաթեթը, ի՞նչն է փոխվել, միգուցե Ռուսաստանի նկատմամբ հռետորաբանությունը, բայց դրանք խոսքեր են, պետք է բովանդակությանը նայել։ Ուստի ես չեմ կարծում, որ որևէ նոր գործչի հայտնվելն իշխանության գլխին կհանգեցնի ջախջախիչ հետևանքների Ռուսաստանի համար։ Միակ բանը, որ ես կցանկանայի ասել, հետևյալն է. Մոսկվան պետք է հասկանա, որ նոր մարդու հետ բացարձակապես նոր արդյունք չի լինելու։ Իսկ Հայաստանում պետք է հասկանան, որ քաղաքական լարվածությունն այս պահի դրությամբ մեղմվել է, բայց երկրում հասարակության առջև ծառացած խնդիրները, բողոքները պահպանվում են։