Վարդան Բոստանջյանը դուրս չի գա ԲՀԿ-ից, որովհետև… ժամանակ չունի
«Բոլորն նրանք, ովքեր այս պահին ստանձնել են ԲՀԿ-ի ղեկավարությունը, ավելի շուտ իրենք կարող են պատասխանել ԲՀԿ-ի հետագա գործունեության վերաբերյալ հարցերին»,- 168.am-ի հետ զրույցում պատասխանելով մեր հարցին՝ ինչպիսի՞ն է լինելու ԲՀԿ-ի հետագա գործունեությունն առանց Գագիկ Ծառուկյանի, այսպես արձագանքեց ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Հիշեցնենք, որ այսօր Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ համագումարում հայտարարել է, որ դուրս է գալիս ակտիվ քաղաքականությունից. «Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլևս կուսակցության նախագահ չեմ: Բայց ես շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին և իմ ժողովրդին: Դա կարվի այլ ոլորտներում, այլ բնագավառներում: Ես կշարունակեմ կառուցել իմ երկրում եկեղեցիներ, դպրոցներ, մարզասրահներ, օգնել մշակույթի և գիտության մարդկանց: Բայց ես դա կանեմ՝ որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես Գագիկ Ծառուկյան»,- ասել էր նա:
Այժմ արդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կղեկավարի Նաիրա Զոհրաբյանը:
Մեր հարցին՝ սպասելի՞ էր Գ. Ծառուկյանի այս քայլը, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Դե, ես ոչ էլ մտածում էի, որ սպասեի կամ չսպասեի, տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար»:
Մեր մյուս հարցին՝ Դուք շարունակելո՞ւ եք այդ կուսակցության անդամ մնալ, Վ. Բոստանջյանն այսպես պատասխանեց.
«Դե, գիտե՞ք ինչ, բավականաչափ երկար ժամանակ է պահանջում՝շարժվել, գնալ մի տեղ, դիմում գրել, չգրել, այս պահին այդ կտրվածքով ժամանակ չունեմ»:
Ճշտող հարցին՝ զուտ ժամանակ չունենալո՞ւ տեսանկյունից չեք դուրս գա ԲՀԿ-ից, Վ. Բոստանջյանը պատասխանեց՝ «Որ տեսանկյունից ուզում եք՝ պատկերացրեք»: