Գագիկ Ծառուկյան. Ես որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ
«Սիրելի գործընկերներ, ընկերներ
Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց հետ միասին երկար ճանապարհ ենք անցել, տեսել ենք ուրախության, տխրության, հիասթափության, ցնծության պահեր: Ես միշտ աշխատել եմ ձեզ հետ լինել անկեղծ ու բաց:
Եթե աշխատանքի ընթացքում ծագել են լարվածության, իրար չհասկանալու պահեր, ես միշտ աշխատել եմ արագ հարթել դրանք, որպեսզի չմնա որևէ նստվածք կամ հետին միտք:
Մեզ միասին հաջողվեց ստեղծել թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս լուրջ կշիռ ունեցող, մեծ հեղինակություն վայելող կուսակցություն: Ձեզնից յուրաքանչյուրն այդ գործում ունի իր ավանդը: Այսօր եկել է այն պահը, երբ ես որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները: Սա չի եղել հեշտ որոշում, սա երկար մտորումների արդյունք է: Սա իմ անձնական որոշումն է, և ես ակնկալում եմ, որ դուք ըմբռնումով կմոտենաք: Մեկ բան ուզում եմ անպայման շեշտել. Քաղաքականության մեջ գտնվելու տարիներին ես երբեք չեմ հետապնդել անձնական շահ: Չեմ օգտագործել ժողովրդի աջակցությունը անձնական նպատակներով: Չեմ փոխանակել ժողովրդի հավատը պաշտոնների և այլ շահի հետ: Իմ թիմի և ժողովրդի մեջքի հետևում գործարքներ չեմ կնքել: Այս բոլոր տարիների ընթացքում ես հետապնդել եմ պարզ, մարդկային նպատակ՝ իմ ժողովրդի աչքերում տեսնել ժպիտ, և ոչ թե արցունքներ: Ուզում եմ լինել ավելի՛ անկեղծ: Քաղաքական բոլոր հնարավոր ճանապարհներով ես փորձել եմ լուծումներ գտնել, պայքարել մեր ժողովրդին տանջող խնդիրների լուծման համար:
Բայց ես միշտ դեմ եմ եղել մայդաններին, ու այստեղ նույնպես ես անկեղծ եմ: Ես չէի կարողանա ներել ինձ, եթե թափվեր անգամ մեկ անմեղ մարդու արյուն: Սա այն սահմանն է, որն իմ ուժերից վեր է: Ինձ ընդունեք այնպիսին, ինչպիսին ես կամ: Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլևս կուսակցության նախագահ չեմ: Բայց ես շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին և իմ ժողովրդին: Դա կարվի այլ ոլորտներում, այլ բնագավառներում: Ես կշարունակեմ կառուցել իմ երկրում եկեղեցիներ, դպրոցներ, մարզասրահներ, օգնել մշակույթի և գիտության մարդկանց: Բայց ես դա կանեմ որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես Գագիկ Ծառուկյան:
Իմ խնդրանքն է Ձեզ՝ ինձ այլևս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որևէ որոշմանը: Ես որևէ կապ այլևս չունեմ ԲՀԿ-ի հետ: Դուք քիչ հետո կընտրեք նոր նախագահ, նոր ղեկավար մարմիններ, և կուսակցության ճակատագիրն այսուհետ ձեր ձեռքերում է: Սա իմ վերջնական որոշումն է: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր թիմակիցներին, կառույցների ղեկավարներին, քաղխորհրդի անդամներին, մեր պատգամավորներին: Շնորհակալություն բոլոր շարքային բհկ-ականներին: Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր քաղաքական թիմի մի խումբ մարդկանց, ովքեր գիշեր-ցերեկ, առանց հանգստյան օրերի, առանց խուսափելու պատասխանատվությունից, մի կողմ էին դրել իրենց ընտանեկան և անձնական հոգսերը ու աշխատում էին հանուն մեր ընդհանուր գործի:
Շնորհակալություն:
Իսկ հիմա ուզում եմ անդրադառնալ ընթացիկ հարցերին: Կան շատ թեկնածուներ, որոնք պատվով կարող էին ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը: Ես առաջարկում եմ, որ այդ գործը վստահվի մեր գործընկեր Նաիրա Զոհրաբյանին: Հաշվի առնելով նրա ժողովրդականությունը, նվիրումը թիմին: Մնացածը ձեր որոշելիքն է: Այսուհետ ամեն ինչ ձեր որոշելիքն է:
Շնորհակալություն»: