«Գագիկ Ծառուկյանը հոգեբանական պարտություն կրեց». Արմեն Բադալյան

«ԲՀԿ-ն պետք է նոր իմիջ ձևավորի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ԲՀԿ արտահերթ համագումարի ընթացքում կայացված որոշումներին և Գագիկ Ծառուկյանի հեռանալու պատճառներին:

Արմեն Բադալյանը նշեց, որ տեղի ունեցածը քաղաքական դաշտի, հատկապես՝ ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի  համար նշանակում է, որ ուժերից մեկի «ռեստարտ» է տեղի ունենում, իսկ մյուսները պետք է իրենց գործունեությունը շարունակեն: Ըստ նրա` շատ դժվար է հաղթահարել մի ամբողջ պետական ապարատի գործունեությունը, պայքարը մեկ մարդու դեմ:

«Եթե անգամ պայքարողը դասական քաղաքական գործիչ է, դա հեշտ գործ չէ, իսկ եթե դասական քաղաքական գործիչ չէ, ապա շատ ավելի բարդ է: Բնականաբար, ամեն մեկը չէ, որ կարող է դիմանալ այդ վիճակին: ԲՀԿ-ն, ի վերջո, չէր պարտվել ՀՀԿ-ԲՀԿ «մենամարտում». ԲՀԿ-ն իր կուսակցական համագումարն էր անցկացրել, ներկայացրել իր տեսակետը, որին պատասխանել էր նախագահը շատ կոպիտ, որին հետևել էր ԲՀԿ առաջնորդի պատասխանը: Այսինքն` այստեղ ֆիզիկական պարտություն չէ, որ տեղի ունեցավ, այլ հոգեբանական՝ ԲՀԿ արդեն նախկին ղեկավարի դեպքում»,- ասաց վերլուծաբանը:

Ըստ Արմեն Բադալյանի՝ ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ, լիդերային կուսակցություն էր, որի գաղափարախոսությունը հենց Գագիկ Ծառուկյանի իմիջն էր: Նրա խոսքով` գաղտնիք չէ, որ շատերը ԲՀԿ-ի օգտին քվեարկում էին երկու հիմնական գործոնից ելնելով:

Կարդացեք նաև

«Գագիկ Ծառուկյանի անձին էին ձայն տալիս, կամ առաջնորդվում էին նյութական շահագրգռվածությամբ՝ որպես իշխանություններին հակակշիռ: Իհարկե, նյութական շահագրգռվածությամբ ձայն տվողներն ավելի շատ էին, քան Գագիկ Ծառուկյանին ձայն տվողները: Գագիկ Ծառուկյանի դուրս գալուց հետո ԲՀԿ-ն չի կարող լինել լիդերային կուսակցություն, քանի որ գաղտնիք չէ, որ ԲՀԿ նոր ղեկավարը չունի այն դրական աուրան, ինչ ուներ ԲՀԿ նախկին ղեկավարը, այդ իսկ պատճառով ԲՀԿ-ն պետք է իր իմիջային փոփոխության գործընթացն իրականացնի, իսկ դա բավականին բարդ և մասնագիտական գործունեություն է: Համարենք, որ կա նյութ, որից պետք է ձևավորել նոր մարմին, որը նախկինի հետ ոչ մի առնչություն չի ունենալու, բացի անունից»,- մեկնաբանեց Արմեն Բադալյանը:

Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի՝ ընդդիմադիր առաջնորդ դառնալու հնարավորությանը, Բադալյանն ասաց, որ չի կարծում, թե ապագայում Զոհրաբյանը կդառնա ընդդիմության առաջնորդ, քանի որ ընդդիմության առաջնորդին որոշում է հասարակությունը: «Ընդդիմության լիդերի խնդիր այլևս չկա, որովհետև ոչ թե լիդեր պետք է լինի, այլ նոր իմիջ պետք է ձևավորել, որտեղ լիդերի դերն այդքան էական չէ, որովհետև սա այլևս Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը չէ»,- ասաց Արմեն Բադալյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս