Գագիկ Ծառուկյանի կողքին լինելու փոխարեն՝ այդ օրերին եռյակի ղեկավարները սկսեցին նամակներ գրել ու հայտարարություններ անել. Գ. Իսագուլյան

168.am-ի զրուցակիցը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն է

– Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ դուրս է գալիս կուսակցության առաջնորդի պաշտոնից և ընդհանրապես՝ ակտիվ քաղաքականությունից: Ինչպե՞ս եք գնահատում նրա այս քայլը, և արդյոք սպասելի՞ էր այն Ձեզ համար:

– Անկեղծ ասած, այնքան էլ սպասելի չէր, որովհետև ես տեսնում էի նաև այլ լուծումներ, բայց, կարծում եմ՝ պարոն Ծառուկյանն իրավունք ունի անձնական որոշում կայացնելու, և ես հարգում եմ իր որոշումը: Դա մի մարդու որոշում է, որն իսկապես ամենադժվարին պահին գնաց ինքնազոհողության, և կարծում եմ՝ դա բացի գովելի լինելուց՝ ուրիշ կերպ մեկնաբանել չի կարելի:

– Պայքարի մասին հայտարարելուց առաջ Գագիկ Ծառուկյանը չէ՞ր հաշվարկել, որ իշխանությունները կգնան նման գործողությունների, այդքան անսպասելի՞ էին նրա համար իշխանությունների գործողությունները, որ նա պատրաստ չէր դիմակայելու:

– Կարելի է ասել՝ ինչ-որ առումով՝ այո, որովհետև, ըստ էության, փետրվարի 12-ին այն, ինչ ասվեց ՀՀԿ խորհրդի նսիտում, դա որևէ կերպ չի կարելի մեկնաբանել Հայաստանի Սահմանադրության ու օրենքների շրջանակներում: Իհարկե, դրան հաջորդեցին որոշակի գործողություններ, և ես կարծում եմ՝ այս որոշումը, որը կայացերց պարոն Ծառուկյանը, իրեն տրվել է շատ դժվար: Կարելի մի բան ասել, որ նա հասկացավ, որ մնացել է մենակ, և ողջ պատասխանատվությունը իր վրա է: 2 ճանապարհ ուներ՝ մեկը՝ գնում էր շռնդալից պարտության, մյուսը՝ գնում էր շռնդալից հաղթանակի: Ես կարծում եմ՝ այս 2 պայմանների պարագայում էլ, չկար հետագա գոծողությունների այն շարքը, որը որոշակի շրջան կայունություն կապահովեր:

– Ինչպե՞ս էր մենակ մնացել: ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը նրա կողքին չէի՞ն:

– Ես կարծում եմ՝ դա հոգեբանական խնդիր է: Ցավոք սրտի, շատ շատերն ունեն ինֆորմացիոն պակաս: Ըստ էության, եթե մենք նայում ենք փետրվարի 12-ից հետո հետագա գործողություններին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի «Սրտի խոսքը», մնացած գործողությունները, բոլորն ասում էին՝ փետրվարի 20-ի ամեն ինչը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանով: Ըստ էության, բոլորը պատասխանատվության սլաքն ուղղել էին Գագիկ Ծառուկյանի վրա, այդ թվում նաև իր թիմի անդամները:

Հստակ երևում էր, որ ինքն, ըստ էության, ամբողջ պատասխանատվության կրողն է դառնում, և մնացած բոլորը ցանկացած ելքի պարագայում՝ ունեն արդարացումներ, միակ մարդը, որի վրա մնում է ամբողջ ծանրությունը, դա պարոն Ծառուկյանն էր: Այդ պարագայում արդեն բավականին լուրջ որոշում պետք է կայացվեր, և նա որոշեց, որ այդ ամբողջ հարվածը ուղղակի կարող է վերցնել իր անձի վրա:

– Այսինքն՝ մյուս ոչ իշխանակն ուժերն է՞լ նպաստեցին, որ նա այս որոշումը կայացնի:

– Ես ասացի՝ ըստ էության՝ բոլորը: Իշխանությունները հստակ սլաքն ուղղեցին նրա ուղղությամբ: Ցավոք սրտի, այդ օրերին եռյակի ղեկավարները ամեն րոպե և վայրկյան պետք է լինեին Գագիկ Ծառուկյանի կողքին, բայց սկսեցին նամակներ գրել և տարբեր կարգի հայտարարություններ անել: Թիմի անդամները բացառապես ամեն ինչը պայմանավորում էին պարոն Ծառուկյանով:

Չգտնվեց մեկը, որ ասի՝ ինքն է պատասխանատվության ինչ-որ մաս վերցնում իր վրա: Այսինքն՝ և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը, և՛ հասարակությունը, և՛ իր թիմի բոլոր անդամները, ըստ էության, մատնանշում էին դեպքերի հիմնական պատասխանատուին: Այս պարագայում՝ բավականին ծանր է մարդու համար:

– Ինչպե՞ս եք պատկերացնում ԲՀԿ-ի հետագա գործունեությունը՝ առանց Գագիկ Ծառուկյանի:

– Պետք է ընդունել մի շատ հստակ փաստ: ԲՀԿ-ի և՛ հեղինակությունը, և՛ վարկանիշը, և՛ գործունեությունը, և՛ ինքաբավությունը, ամեն ինչը պայմանավորված էր կոնկրետ Գագիկ Ծառուկյանով: Այս առումով՝ որևէ այլ մեկնաբանություն անելն անհնար է: Բայց կուսակցություն է, ես կարծում եմ՝ մոտ ժամանակներս իրենք պետք է կարողանան իրենց դրսևորել ճիշտ, և եթե կարողանան ճիշտ դրսևորել, Հայաստանի քաղաքական սպեկտրում որոշակի տեղ կզբաղեցնեն, բայց ասել, որ կարձանագրեն նույն հաջողությունները, ինչ կարողացան արձանագրել պարոն Ծառուկյանի նախագահության պայամաններում, իհարկե, չեմ կարծում, որ ճիշտ կլինի:

 

Տեսանյութեր

Լրահոս