
2015 թվականին Ուկրաինայի տնտեսական անկումը կկազմի 5.5 տոկոս. ԱՄՀ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը 2014 թվականին Ուկրաինայի տնտեսական անկման մակարդակը գնահատել է 6.9 տոկոս: ԱՄՀ-ը կանխատեսում է, որ այս տարի այն կկազմի 5.5 տոկոս:
Այս մասին նշված է ԱՄՀ-ի ու Ուկրաինայի միջև հուշագրի նախագծում, որը ստորագրել են Ուկրաինայի նախագահը, վարչապետ, ֆինանսների նախարարն ու Ազգային բանկի ղեկավարը: Այդ գնահատականները համընկնում են կառավարության տված գնահատականներին, որոնք արվել են 2015 թվականի պետբյուջեում փոփոխություններ պատրաստելու շրջանակում:
Հուշագրում նշված է, որ Ուկրաինայի արևելքում առկա չլուծված հակամարտությունն իր ներդրումն ունի տնտեսական կանխատեսման որոշակի անորոշության մեջ, և դրա հետ կապված՝ տնտեսական ակտիվությունը կարող է 2015 թվականի կեսերին հասնել ամենացածր մակարդակի: