Ադիբեկյանն Աշոտյանին զգուշացրել է, որ հայերի IQ-ն իջնում է
Մարտի 4-ը մանկական հեռուստատեսության և ռադիո հեռարձակման միջազգային օրն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պարզաբանեց, թե ինչու է ՄԱԿ-ը նմանատիպ օր նշանակել: Նրա խոսքով՝ մենք ապրում ենք պոստ-մոդեռն դարաշրջանում, որը մեզնից պահանջում է ունենալ ռեֆլեքսիվ մտածողություն և բարձր մտավոր ունակության գործակից՝ IQ: Այն երկիրը, որը հասնում է բարձր IQ-ի, այդ երկրում մարդիկ ավելի երջանիկ, հարուստ և առողջ են:
Բարձր IQ ունենալու համար կարևոր են կյանքի բոլոր փուլերը, հատկապես՝ նախադպրոցական փուլը:
Ա. Ադիբեկյանը նկատեց, որ եթե երեխան ստանում է մեկնարկային լավ դաստիարակություն, նա հետագայում ունենում է բավականին բարձր IQ, լինում է ավելի պինդ անձ և ավելի հետևողական է լինում՝ իր շահերը պաշտպանելու խնդրում.
«Երեխայի բանական մտածողության ձևավորումը սկսվում է 3 տարեկանից և հիմնականում դա կերպարադերային բնույթ ունի, նա նմանակում և կրկնօրինակում է: Լավ է, որ նա ընկնում է իր տարեցների շրջապատը՝ մանկապարտեզ, այնտեղ կարողանում է դերային համակարգով ինքնահաստատվել, վերլուծել գործողությունները, հասկանալ ուրիշի գործողությունների մտադրությունները և այլն, նա ձևավորվում է որպես անձ: Մեզ մոտ մանկապարտեզ հաճախում են երեխաների կեսը: Ծնողները գումար չունեն երեխաներին մանկապարտեզ տալու, և երեխան թերի է գալիս դպրոց:
Երբ մենք թեստավորում էինք առաջին դասարանցիներին, այն երեխան, որը մանկապարտեզ էր գնացել, ավելի լավ էր մտածում, ավելի լավ էր կողմնորոշվում խնդիրների լուծմանը, քան այն երեխան, որը տունն է մեծացել»:
Սոցիոլոգը նշեց, որ այդ խնդիրը լուծելու մի քանի տարբերակ կա: Նախ, կարելի է տալ ձեռնարկ ծնողներին, որ իրենք զբաղվեն երեխաների կրթությամբ, երկրորդ՝ օգտվեն հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումներից, որն ավելի մատչելի և ավելի հասանելի է և ավելի կերպարային տեղեկություն է տալիս երեխային:
«Ավելի մեծ տարիքի մարդիկ կհիշեն, որ երբ երեխան մանկապարտեզից գալիս էր տուն, ճաշ էր ուտում, միացնում էին հեռուստացույցը՝ մուլտֆիլմեր կամ մանկական հաղորդումներ էին լինում: Հիմա այդ բանը չկա: Քանի որ հեռուստաընկերությունը շուկայական ծառայություն է, որը պետք է գումար բերի, պարզ է, որ ընտանեկան հեռուստահաղորդումներն այնքան էլ եկամտաբեր չեն, սերիալներն ավելի են նշանակալից, և երեխաները դուրս են մղվում»,- նշեց բանախոսը:
Սոցիոլոգը նկատեց, որ կան մի քանի հեռուստաընկերություններ, որոնք սովորեցնում են երեխային նկարել, պարել, բայց դա բավական քիչ է: Ըստ նրա՝ մուլտֆիլմերը, որոնք ավելի ընկալելի են և դաստիարակչական բնույթ ունեն երեխաների համար, ընդհանրապես անհետացել են:
«Մեր խորհուրդը հետևյալն է՝ Կրթության և գիտության, Մշակությի նախարարությունները պետք է գրանտեր տան այն ընկերություններին, որոնք կունենան հեռուստամանկական հաղորդումներ՝ կրթական դաստիարակման և նման թեմատիկայով, որ նրանք ավելորդ ծախս չանեն, և այդ ծախսերն իր վրա վերցնի պետությունը: Դա մեծ գումար չի լինի: Այն միլիոնները, որ մենք տալիս ենք Հ1-ին, թող մի քիչ էլ ավելացնեն՝ տանք մյուս հեռուստաընկերություններին, և նրանք կարողնանան այդ խնդիրը լուծել»:
Ա. Ադիբեկյանը նկատեց նաև, որ 3-5 տարեկանը ամենակարևոր տարիքն է մարդկային զարգացման շրջանում, և պետք է, որ այդ հիմքում դնեն բավականին լավ, ամուր ֆունդամենտ, որ կարողանա այդ մարդը հետագայում դառնալ պոստ-մոդռեն դարաշրջանի լավագույն կրողը:
Հարցին՝ մանկական հաղորդումների բացակայությամբ պարագայում, երբ պահանջարկը ձևավորվում է սերիալների շուրջ, կարելի՞ է ասել, որ այսպես շարունակվելու դեպքում կարող է հայերի IQ-ի մակարդակը իջնել, Ա.Ադիբեկյանը պատասխանեց՝ անպայման կիջնի.
«Դրա մասին գիտի կրթության նախարարը, որին ես նյութը տվել եմ, եթե մենք չաշխատենք այս ուղղությամբ, 21-րդ դարում անելիք չունենք, ու դա պետք է սկսենք նախադպրոցական համակարգից»:
Նա նշեց, որ դեռ ԿԳ նախարարությունից իրեն չեն պատասխանել:
Մանրամասները՝ տեսանյութում: