Բաժիններ՝

«Այսօր գիտությունը թանկ հաճույք է, և Հայաստանի պես երկրների համար նոր մոտեցումներ են պետք»

Երիտասարդ գիտնական, Օքսֆորդի համալսարանի IT Innovations ոլորտի OxTalent 2012 գլխավոր մրցանակակիր, աստղաֆիզիկայի բնագավառի դոկտոր (DPhil) Միհրան Վարդանյանի ստեղծած նախագիծը` iCosmos-ը (www.icosmos.co.uk), Տիեզերագիտության նորարար հաշվիչ է, որը հնարավորություն է տալիս արագ հաշվարկեր կատարել և հասկանալ տիեզերքի «վարքը» տարբեր ժամանակաշրջաններում, համեմատել տիեզերքից ստացված ինֆորմացիան` հստակեցնելով գիտության համար անհրաժեշտ տարբեր տվյալներ: Նախագիծ-աշխատությունն այսօր օգտագործվում է առաջատար համալսարաններում և ընդգրկված է ուսումնական ծրագրերում, դրա հիման վրա գրվում են հոդվածներ ու գիտական թեզեր:

Միհրան Վարդանյանն աստղաֆիզիկայի միջազգային առաջատար գիտաժողովների և սեմինարների սպասված հյուր է, և թվում է` գիտնականի համար եվրոպական գիտական առաջընթացը ոչնչով չի կարող փոխարինվել, բայց ահա Երևանում ծնված և մեծացած Միհրան Վարդանյանն Անգլիայում և Դանիայում ապրելուց հետո, 2 տարի առաջ ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան:

Նրա մեկ այլ նորարար գաղափար` վիրտուալ տարածքում (www.hush.am) համախմբել աշխարհի բոլոր հայկական գերեզմանները, պանթեոնները, խաչքարերը, հիշատակի կոթողները և այդ ձևով աշխարհով մեկ ցրված հայերին կապել միմյանց հետ, նույնպես ստացել է նորարարության ոլորտի երկու մրցանակ (Մոսկվայում), իսկ 2013 թվականին Հայաստանի Նորարարության զարգացման մրցույթում արժանացել է հատուկ մրցանակի: Նախագիծը, ըստ Միհրան Վարդանյանի, հայապահպանության, մարդկանց միմյանց հետ կապելու նպատակից բացի, մեկ այլ խնդիր ունի` հոգեբանական, ազգագրական, հասարակական և այլ բնույթի ուսումնասիրություններ կատարել հատկապես հիշատակի նման վայրերի միջոցով: Ներկայացնում ենք «168 Ժամի» հարցազրույցը Միհրան Վարդանյանի հետ:

– Միհրան, որտեղի՞ց աստղաֆիզիկոսի մոտ նման նախագիծ իրականացնելու գաղափար առաջացավ:

Կարդացեք նաև

– Թվում է, թե իմ մասնագիտության հետ կապ չունեցող գաղափար է, բայց իրականում այն կապ ունի աստղաֆիզիկայի հետ: Մեր նախագծի նպատակն առհասարակ կապ ստեղծելն ու ինչ-որ բան ճանաչելի դարձնելն է: Եթե տիեզերքում մենք նպատակ ունենք գալակտիկաներ ճանաչել, ապա այս նախագծում էլ մարդկանց, նրանց դեմքերը, գտնվելու վայրերը ճանաչելն է, և այլն:

Mihran (4)

Նախագծում օգտագործել եմ ալգորիթմներ` աստղաֆիզիկայից: Գաղափարն առաջացավ, երբ դեռևս գտնվում էի Օքսֆորդում: Հաճախ էի տեսնում, որ մարդիկ ուզում են գտնել իրենց հարազատներին և, փնտրելով Ֆեյսբուքի միջոցով, միշտ չէ, որ ունենում էին նման հնարավորություն: Իսկ մահացած հարազատներին գտնելն ավելի էր դժվարանում, երբ տեղյակ չէին նրանց գտնվելու, տեղափոխման, հուղարկավորման վայրերի մասին: Մենք շրջելով տարբեր երկրներ` լուսանկարեցինք հայկական գերեզմաններ, թվայնացրեցինք այդ գերեզմանների ամբողջ ինֆորմացիան և այն մաս առ մաս և՛ տեքստային, և՛ լուսանկարային տեսքով զետեղում ենք մեր կայքում` անընդհատ թարմացնելով այն:

Թվայնացրել ենք նաև Հայաստանի գերեզմանները, որոնցով հատկապես հետաքրքրված են դրսում ապրող հազարավոր հայեր, որոնք հնարավորություն չունեն հաճախ այցելելու, խնամելու, հետևելու իրենց հարազատների շիրիմներին: Կայքը և նրանում ներառված բոլոր ծառայությունները տալիս են գերեզմաններ գտնելու և նրանց հետևելու հնարավորությունները:

Mihran (3)

Այս կայքը նաև հարուստ ինֆորմացիայի աղբյուր կարող է դառնալ այն ուսումնասիրողների համար, ովքեր զբաղվում են տարբեր ժամանակաշրջանում մահացության, ծնելիության թվերի, հայերի կենցաղի, անունների, ազգանունների և այլ հարցերի ուսումնասիրությամբ: Ննջեցյալների հիշատակը հարգելու մշակույթն իր մեջ շատ տարրեր է պարունակում, որը կարող է դառնալ հասարակական մտածողությունն ու ժողովրդի ժառանգականության առանձնահատկություններն ուսումնասիրելու միջոցներից մեկը:

Մարդիկ «նորարարություն» ասելով` այսօր պատկերացնում են, ասենք, նանոտեխնոլոգիաների կամ այլ ժամանակակից ասպարեզում կատարվող նորարարությունները, բայց մեր նախագիծը, իբրև հետազոտության հիմք հանդիսացող և հեռահար նպատակ հետապնդող գաղափար, նույնպես նորարար է:

– Իսկ ովքե՞ր են հետաքրքրված այս նախագծով:

– Ամենատարբեր մարդիկ` աշխարհի բոլոր երկրներից: Հաճախ են մահացած հարազատներին փնտրելու ճանապարհին նաև ապրող ազգականները գտնում միմյանց: Իհարկե, այսօր Ֆեյսբուքով էլ է հնարավոր գտնել մարդկանց, բայց մեր նախագիծը միմյանց գտնելու և մարդկանց կապելու ուրիշ հայացք է:

Mihran (2)

Արևմտյան Հայաստանից տեղահանվածների սերունդներն են փնտրում իրենց հարազատներին, տարբեր տեղափոխությունների ժամանակ միմյանց կորցրած մարդիկ, ովքեր ուզում են նախ` գտնել իրենց հարազատի գերեզմանը, և այդպես գտնում են նաև միմյանց: Նախագիծը նաև զբոսաշրջությունը զարգացնելու նպատակ ունի. մեր ծրագրի միջոցով արդեն տարբեր երկրներից մարդիկ գտել են իրենց հարազատների գերեզմաններն ու այցելել: Նրանցից ոմանք առաջին անգամ են այցելում Հայաստան, այս ձևով նաև երկիրն ու մշակույթն են ճանաչում:

Եղել են և լինում են դեպքեր, երբ նախորդ գերեզմանի վրա ստեղծվում է նոր գերեզման. նույն վայրում հուղարկավորում են մեկ ուրիշի, գերեզմանն անհետանում է իրականում, բայց եթե մենք տվյալ գերեզմանն ունենք թվայնացրած, ապա մեր կայքում այն մնում է և հնարավոր է լինում իմանալ` այդ վայրում եղե՞լ է գերեզման, թե՞ ոչ: Մենք խորհրդանշական կարգով մեր շտեմարանում ուզում ենք ունենալ 1,5 միլիոն հայի տվյալ:

– Ի՞նչ կարևոր եզրահանգումներ եք ունեցել աշխատանքի արդյունքում:

– Եզրահանգումներից գլխավորն այն է, որ հայերը շատ մեծ գումարներ են ծախսել ու շարունակում են ծախսել գերեզմաններ կառուցելու համար: Հսկայական հողատարածքներ են հատկացված գերեզմանների համար, որոնցում մարդիկ ծավալուն շինություններ են իրականացնում:

Mihran (1)

Մինչդեռ, ես կարծում եմ, որ մարդուն պետք է հարգել ու նրա հանդեպ դրական վերաբերմունք ունենալ նրա կենդանության օրոք, իսկ մահից հետո էլ ոչ թե` ահռելի գումարներ ծախսել, այլ հիշատակը հարգելու համար մի շատ համեստ շիրմաքար պատրաստել, իսկ մնացած գումարը տրամադրել այդ մարդու լավ գործերը, լավ մտքերը տարածելուն, կամ այն գումարը, որ դրվում է հսկա գերեզման կառուցելու վրա, ներդնել այդ մարդու սերունդների կրթության մեջ և ուղղել նման տարբեր ծրագրեր իրականացնելուն, որն ավելի կբարելավի մարդու կյանքն առհասարակ: Ի վերջո, այսօր վիրտուալ տարածքը տալիս է մարդու հիշատակը պահպանելու շատ այլ հնարավորություններ: Մենք աշխարհի շատ գերեզմանոցներում ենք եղել և ուսումնասիրել, կան ինքնատիպ մոտեցումներ, քիչ ծախսերով լավագույնին հասնելու ճանապարհներ:

– Զուգահեռ` զբաղվում եք նաև խաչքարերի ուսումնասիրմամբ: Դա նո՞ւյնպես կապված է այս նախագծի հետ:

– Մենք ստեղծել ենք նաև խաչքարերի մեծ հանրագիտարան, հավաքագրել ենք տարբեր երկրներում և Հայաստանում գոյություն ունեցող հազարավոր խաչքարեր և երեք լեզվով ստեղծել ենք «Հայաստանի խաչքարերը» էջը, որը նույնպես ուսումնասիրության դաշտ է խաչքարագործությամբ` իբրև գիտություն, զբաղվողների համար: Ցավոք, մեր աշխատանքի ընթացքում տեսնում ենք, որ հայկական խաչքարն աշխարհում պատշաճ կերպով ներկայացված չէ. տեղադրված են բազմաթիվ խաչքարեր, որոնք կապ չունեն խաչքարագործության ավանդույթների հետ, բայց դրանք ներկայանում են` իբրև հայկական խաչքար: Նույնն է վիճակը Հայաստանում:

Մինչդեռ խաչքարագործությունը դարերից եկող արվեստ է, այն ունի իր հստակ կանոնները, որոնք պետք է պահպանել խաչքար պատրաստելիս: Պատահական մարդիկ խաչքար չեն կարող պատրաստել, և խաչքարն ինքը պատահական վայրում չի կարող դրվել: Ուրախ ենք, որ մարդիկ հետաքրքրվում են հայկական խաչքարերով, մեր էջի այցելուների մեծ թիվը դրա վկայությունն է: Մեծ հաշվով մեր նպատակն Արևմտյան Հայաստանի խաչքարերի վերականգնումն է. եթե որևէ մեկն ուզում է խաչքար պատրաստել, մենք առաջարկում ենք լուսանկարի հիման վրա վերականգնել հին, կոտրված մի խաչքար, որը գուցեև անհետանալու վտանգի առջև է, բայց վերականգնելով` այն կարելի է փրկել:

Mihran (5)

– Իբրև գիտնական` ինչպե՞ս եք զգում Հայաստանում: Ինչպիսի՞ դաշտ է Հայաստանն աստղաֆիզիկայի համար:

– Դժվար հարց է, քանի որ լուրջ գիտությամբ զբաղվելու համար ֆինանսներ են պետք, ու որքան լուրջ ես ուզում զբաղվել, այնքան շատ միջոցներ են պահանջվում: Ցավոք, այս պահին Հայաստանում ես չեմ տեսնում գիտության այս ճյուղի զարգացումը, բայց անհնարին ոչինչ չկա: Հնարավոր է ճիշտ քաղաքականության միջոցով զարգացնել գիտությունը, կազմել գիտական խմբեր, որոնք տարբեր նախագծեր կիրականացնեն: Ի վերջո, գիտնականը չի կարող առանձնացված աշխատել, բացի այդ, նրանք մի համալսարանում երկար չեն մնում, տեղաշարժվում են, տեղի է ունենում մտքերի ներհոսք և արտահոսք: Այսպիսին է գիտության զարգացման կառուցվածքն ամբողջ աշխարհում:

Նշանավոր համալսարանները պրոֆեսորների են հրավիրում ոչ թե մեկ-երկու դասախոսություն ունենալու, այլ` տեղի գիտնականների հետ որևէ նախագիծ առաջ տանելու համար: Պետք է Հայաստանում էլ հնարավորություն ստեղծվի, որ օտար, նշանավոր գիտնականներ գան, այստեղ որոշ ժամանակ աշխատեն:

Մեր երկրում Վիկտոր Համբարձումյանի անվան 500.000 դոլարանոց մրցանակ է սահմանվել, ինչը շատ ողջունելի է: Սակայն, ցավոք, մրցանակը շնորհում են` առանց որևէ նախապայմանի, բայց կարելի էր, չէ՞, իբրև նախապայման` սահմանել, որ մրցանակ ստացողը գա և Հայաստանում մի ծրագիր իրականացնի, դասախոսությունների շարք կարդա, համագործակցություն ունենա հայ գիտնականների հետ: Վերջիվերջո, այդ գումարով կարելի էր Հայաստանում պահել միջազգային դոկտորական կոչում ստացած մի քանի գիտնականների, ովքեր կաշխատեին և կտպագրվեին Հայաստանի անունից:

– Իսկ շա՞տ են աշխարհում հայ աստղաֆիզիկոսները:

– Շատ-շատ են: Շատ լավ գործեր են անում, բայց` դրսում: Տպագրվում են դրսի համալսարանների անունից: Իմ հոդվածներն էլ տպագրվում են Օքսֆորդի համալսարանի անունից: Նրանք բոլորն էլ հետաքրքրված են Հայաստանով, ուզում են մի լավ բան անել Հայաստանի համար, բայց դա իրականում այնքան էլ հեշտ չէ:

Ամենակարևորը ռեսուրսների պակասն է, որ նրանց ետ է պահում, մանավանդ, երբ այնպիսի հետազոտություններ են ուզում իրականացնել, որոնք լուրջ տեխնիկա են պահանջում: Իմ կարծիքով` ժամանակն է արդեն կյանքի կոչել այնպիսի գաղափարներ, որոնք քիչ միջոցներով առավելագույն արդյունքներ են ապահովում: Եվ ընդհանրապես, նվազագույն ռերսուրսներով առավելագույնին հասնելու գաղափարն իմ սկզբունքներից մեկն է, որի մասին նաև իմ գիտական աշխատանքում կա: Լավ կլիներ, որ այդ սկզբունքը կիրառվեր բոլոր ոլորտներում և, առաջին հերթին` գիտության մեջ: Այսօր գիտությունը թանկ հաճույք է, և Հայաստանի պես երկրների համար նոր մոտեցումներ են պետք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս