Եվրասիական պրոյեկտներն ակնթարթորեն մի կողմ չեն դրվի, բայց դրանց ապագան լուրջ կասկածի տակ է. Սիմոնով
Հարցազրույց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովի հետ
– Պարոն Սիմոնով, միջազգային պարբերականները, վարկանիշային գործակալությունները պնդում են, որ Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը, նավթի գնանկումը, ռուբլու փոխարժեքի նվազումը հետագայում խոչընդոտելու են Ռուսաստանի տնտեսական աճի հնարավորությանը, ինչը ստիպելու է Պուտինին գնալ կրճատումների: Վերլուծաբանների կարծիքով` ռազմական ծախսերի կրճատումն անհնար է, ոչ այնքան ապահով խավերին տրվող աջակցության կրճատումը` ևս, իշխանության պահպանման միջոց է մերձավորներին պետական միջոցներով ապահովելը, դա ևս, ըստ կանխատեսումների, անհնար է: Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտները, շատ փորձագետների կարծիքով, այն ոլորտն են, որտեղ Պուտինը կարող է տնտեսել, երբ տպավորություն է, թե դրանք չեն գործում: Ի՞նչ եք կարծում այս մասին:
– Ես համաձայն եմ այն կարծիքին, թե տնտեսական ոլորտում Ռուսաստանի Դաշնությունում դրությունը պարզ և հեշտ չէ, սակայն ես չէի փորձի թաղել տնտեսական ինտեգրացիոն պրոյեկտներն այս դժվարությունների ֆոնին, քանի որ կան առաջնայնություններ: Այո, Ռուսաստանում կան տնտեսական դժվարություններ, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանի ռեսուրսները վերջացել են, և Ռուսաստանը թևակոխել է տոտալ սովի մի հազարամյակ: Բարեբախտաբար, իրավիճակը հեռու է նման բացասական կանխատեսումներից: Ինձ թվում է, որ այստեղ հարցն այլ է:
Տնտեսական ճգնաժամը պատճառ է, որպեսզի կրճատվեն ավելորդ շռայլ ծախսերը: Այս իմաստով մի մշտական հարց կա անհանգստացնող` արդյո՞ք տնտեսապես արդյունավետ է «վճարել» քաղաքական գործիչներին Ռուսաստանին նվիրվածության համար: Գաղտնիք չէ, որ ինտեգրացիոն պրոյեկտները ձեռնտու են մեր հարևաններին հետսովետական տարածքում, բայց ձեռնտու չեն Ռուսաստանին տնտեսապես, և, երբ ճգնաժամ է առաջանում, բնականաբար, հարց է առաջանում, թե կարո՞ղ ենք մենք մեզ այս շռայլությունը թույլ տալ, կամ այն մեկը, դա պե՞տք է, թե՞ ոչ: Այսինքն` կան որոշակի ռեսուրսներ, բայց պե՞տք է արդյոք դրանք ծախսել ինտեգրացիոն գործընթացների վրա այն մասշտաբով, ինչ պլանավորվել էր: Սա բավականին լուրջ հարց է, որն այս պահին առկա է և մտահոգում է բոլորին, քանի որ այդ ինտեգրացիայի ազդեցությունը, էֆեկտը Ռուսաստանի համար միանշանակ չէ:
Բայց Հայաստանի անդամակցության դեպքում ևս մի շարք լուրջ հարցեր կան: Եթե Հայաստանն ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ, ապա ինչո՞ւմն է Մաքսային միության արդյունավետությունը Հայաստանի համար: Սա թուլացնում է այդ անդամակցութան ազդեցությունը:
Եվրասիական տնտեսական միությունում այլ գործոններ ևս տեսնում ենք, ոչ միայն ՌԴ տնտեսական ճգնաժամի հարցը: Օրինակ` տեսեք, թե ինչպես է իրեն դրսևորում Լուկաշենկոն: Նա ակնհայտորեն օգտագործում է Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը, որպեսզի ևս մեկ անգամ խաղա Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում առկա խնդիրներից շահելու իր սիրելի խաղը: Նա իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում: Բայց մենք կարո՞ղ ենք Լուկաշենկոյին համարել տնտեսական լավ գործընկեր, ով անկեղծ է խաղալու: Իհա՛րկե ոչ, և մենք նրա ձեռքը բռնեցինք: Ղազախստանի դեպքում նույնն է, ռուբլու արժեզրկումից հետո Ղազարստանը փակեց սահմանն ընդհանուր տարածքի պայմաններում: Այսինքն` մենք տեսնում ենք, որ ոչ բոլոր մեր գործընկերներն են անկեղծ մեզ հետ:
– Եթե պրոյեկտները նույնիսկ Ռուսաստանի համար տնտեսապես նպատակահարմար չեն, իսկ գործընկերներն իրենց շահերն են հետապնդում, միգուցե օրակարգում կա՞ արդեն այդ պրոյեկտներից հրաժարվելու հարցը:
– Ես պարզապես կարծում եմ, որ այդքան հեշտ մենք այդ պրոյեկտներից չենք հրաժարվի, քանի որ Արևմուտքի հետ հարաբերությունների ճգնաժամը ենթադրում է, որ մենք, անկեղծ խոսենք, ցույց տանք` ունենք այլ գործընկերներ, այլընտրանքներ, և այս իմաստով՝ հետսովետական երկրները կարող են նման դերակատարություն ունենալ: Ես կարծում եմ, որ այդ պրոյեկտները կշարունակվեն, բայց ամեն դեպքում այն հարցերը, որոնք առաջանում են, մնում են օդում կախված և ավելի ու ավելի են շատանալու: Իհարկե, խոսքը նրա մասին չէ, որ այդ պրոյեկտներն ակնթարթորեն մի կողմ կդրվեն, այլ այդ պրոյեկտների տնտեսական նպատակահարմարությունը կասկածի տակ է առնվում, որն էլ կասկածի տակ է դնում այդ պրոյեկտների ապագան:
– Դուք նշեցիք, որ, այնուամենայնիվ, մյուս երկրներն ավելի են շահում, քան Ռուսաստանը, որը կորցնողի դերում է: Բայց Հայաստանը հունվարի 2-ից այդ պրոյեկտների անդամ է, և էական տարբերություն չի նկատվում:
– Հայաստանի համար ես տեսնում եմ որոշ ձեռնտու հանգամանքներ: Այդ շահերն ակնհայտ են Հայաստանի դեպքում:
– Կոնկրետ առավելություններ կկարողանա՞ք նշել:
– Հայաստանն այդ պրոյեկտներին անդամակցության միջոցով ստանում է էժան գազ, ինչպես նախկինում: Այս հարցում Ռուսաստանի գործընկերներն ապագայում ևս շահելու են: Հայաստանի համար այդ գազն էժան է, իսկ ամենաէժանը Բելառուսի համար է: Սա հնարավորություն է՝ երկիրը լցնել ռուսական ներդրումներով, հնարավոր է հայկական արտադրանքի ներկայությունը ռուսական շուկայում մեծացնել հատկապես հիմա, երբ կա իսկապես դրա կարիքը: Այսինքն` այն, ինչ Հայաստանը ցանկանա, կարող է ստանալ: Հարցը ցանկությունն է ու աշխատանքն այդ ուղղությամբ:
– Հայկական թերթերից մեկը փետրվարի սկզբին գրեց, որ ՀՀ կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ համաձայնության գալ Հայաստանին մատակարարվող գազի դիմաց վճարումները ռուբլով իրականացնելու շուրջ: Այս հարցի շուրջ բանակցելու էին ՀՀ և ՌԴ վարչապետներն իրենց հանդիպման ժամանակ: Հանդիպումը կայացավ, սակայն այս մասին դեռ որևէ պաշտոնական տեղեկություն չկա: Ռուսական կողմը չէ՞ր համաձայնի նման գործարքի:
– Հասկանալի է, թե որն է այստեղ Հայաստանի հետաքրքրությունը, քանի որ ռուբլին չափազանց լուրջ արժեզրկում է ապրել, և ողջ հարցն այն է, թե արժեզրկման որ փուլի դեպքում եք պատրաստվում վճարել: Հիմա իրավիճակը կայունանում է: Ես կարծում եմ, որ այս դեպքում Ռուսաստանը դեմ չի լինի, քանի որ կուրսը կայունացել է, և հետագայում ամեն ինչ կախված է նաև նրանից, թե ինչ կլինի նավթի գնի հետ: Վերջին շաբաթների ընթացքում մենք տեսնում ենք, որ կուրսը կայուն է, և ռուբլին արժևորվում է նավթային լավ «լուրերի» շնորհիվ: Եթե մենք ֆիքսենք այս կուրսը, խնդիր չի լինի: Բայց ես հասկանում եմ, որ Հայաստանը կցանկանար վճարել արժեզրկման պայմաններում, թեև իմ համոզմամբ, Հայաստանի համար գազի գինը շատ հարմար է, և դա օբյեկտիվորեն պետք է ընդունել ու գնահատել:
– Պարոն Սիմոնով, ռուբլին արժևորվում է, բայց Ադրբեջանում, Վրաստանում և Մոլդովայում արժեզրկվում են ազգային արժույթները: Ինչո՞վ եք սա բացատրում, և ո՞րն է արժութային ճգնաժամը հաղթահարելու ելքը:
– Սա շատ հեշտ է բացատրել: Ինչ վերաբերում է Մոլդովային, ապա ապրանքների մեծ հոսքեր ուղղվում են Ռուսաստան, և, եթե չարժեզրկեն լեյը, ապա դեպի Ռուսաստան մատակարարումներն էականորեն շահավետ չեն լինի, մրցունակ` ևս, և, որպեսզի ինչ-որ չափով Մոլդովան կարողանա պահպանել ռուսական շուկայից ստացված իր եկամուտները, պետք է գնա լեյի արժեզրկման, որը մեկ օրվա ընթացքում արժեզրկվեց 25 %-ով: Ադրբեջանում ևս նույն գործոնն առկա է, Ղազախստանում` ևս: Այս դեպքում Ադրբեջանի համար է ավելի հեշտ լինելու հաղթահարել մանաթի ճգնաժամն ու լցնել բյուջեն: Մենք պարզապես տեսնում ենք, որ հետսովետական երկրները՝ ցանկանան նրանք դա թե ոչ, կախված են ռուսական շուկայից: Մոլդովան պնդում է, թե կապված է Եվրոպային, այնինչ ապրանքային մատակարարումներով Ռուսաստանի հետ է կապված, և այդ կապը պահելու համար անհրաժեշտ է արժեզրկել ազգային արժույթները: Խնդիրը կարող են լուծել տվյալ երկրները: