«Ռոբերտ Քոչարյանն օլիգոպոլիան դարձրեց պետական կառավարման ձև, Սերժ Սարգսյանն էլ դրան գումարեց չինովնիկական օլիգարխիա դառնալու իր սկզբունքը»
«Իմ տպավորությամբ՝ Հայաստանում կա ճգնաժամ, այն համակարգային է, աշխարհի միակ ուժը, որ Հայաստանում ճգնաժամը չի տեսնում, դա Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Ազգային ժողովում քննարկվող «Կառավարման ճգնաժամի մասին» նախագծի մասին՝ ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորները հեղինակել էին «Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը, որն այսօր քվեարկության դրվեց և այդպես էլ չընդունվեց: Ընդդիմությունն իշխանությանն էր մեղադրում կառավարման ճգնաժամի մեջ, իշխանությունն էլ ասում էր՝ ճգնաժամն ընդդիմությունում է:
Ա. Կարապետյանի գնահատմամբ՝ Հայաստանում ճգնաժամը ոչ միայն կառավարման ոլորտում է, այլև՝ համակարգային է. «Այսինքն՝ բոլոր ոլորտներում է ճգնաժամ՝ արտագաղթը, տնտեսությունը, կոռուպցիան, սոցիալական խնդիրների լուծումը, քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացները… Այսինքն՝ եթե հասարակության կենսագործունեության յուրաքանչյուր ուղղություն վերցնեք՝ ճգնաժամ է»:
Հարցին՝ որքանո՞վ է այդ ճգնաժամը կապված քաղաքական վերջին իրադարձությունների հետ, Ա.Կարապետյանը պատասխանեց՝ ոչ մի կապ չունի. «Դրանք մասնավոր բաներ են, ճգնաժամերն այդպես չեն բնորոշվում: Ես զարմանում եմ, որ պատգամավորներից շատերը ճգնաժամի հետ կապված խոսակցություններ տանում են դեպի մարդկային, կուսակցական ոլորտ: Ճգնաժամերը բնութագրվում են բավականաչափ լուրջ չափանիշերով: Հայաստանում կա ընդհանուր համակարգային ճգնաժամ, և այն կապ չունի «Բարգավաճի» կամ Հանրապետականի հետ: Սուբյեկտիվորեն՝ ճգնաժամը կապված է կառավարման վատ համակարգով, բայց այն ունի նաև օբյեկտիվ պատճառներ՝ պատերազմական դրություն, ճանապարհների փակ լինելը, տնտեսության ընդհանրապես անծրագիր զարգացումը»:
Ըստ Ա. Կարապետյանի՝ ճիշտ է ասում ընդդիմությունը՝ պնդելով, որ կա նաև կառավարման ճգնաժամ. «Այսինքն՝ վատ են կառավարում երկիրը, չեն կարողանում կառավարել: Նայեք տեղի ունեցող բոլոր գործընթացներին՝ սկսած դրամավարկային քաղաքականությունից, վերջացրած տնտեսական զարգացման, արտաքին առևտրի անկման, արտաքին պարտքի ավելացման… Սրանք են ճգնաժամի ռեալ ցուցանիշները: Մարդիկ ասում են՝ դուք ռեալ ցուցանիշներով վատ եք կառավարում, ասում են՝ դուք իրար մեջ կռվում եք: Շատ կներեք, մեր հարևանն էլ իր կնոջ հետ կռվում է, դա ի՞նչ կապ ունի երկրի ճգնաժամի հետ»:
Ա. Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում ճգնաժամը սկսվել է Սովետական Միության քանդվելուց հետո.
«Հենց անկախացումից հետո՝ գիտեք՝ ինչ վիճակ է ստեղծվել Հայաստանում, ես նկատի ունեմ՝ սոցիալ-տնտեսական ոլորտում, դրան գումարվել է պատերազմը, բլոկադան, և այն ժամանակվանից սկսված, իմ տպավորությամբ, բավականաչափ այլանդակ կառավարման, կենսագործունեության համակարգը: Այսինքն՝ Հայաստանի տնտեսական հիմնական համակարգը մենաշնորհային օլիգոպոլիա է՝ օլիգարխիա է: Դա ստեղծվել է այն ժամանակվանից. Ռոբերտ Քոչարյանն այն դարձրեց պետական կառավարման ձև, Սերժ Սարգսյանն էլ ոչինչ չարեց, որ դրանից ազատվի, ընդհակառակը՝ դրան գումարեց նաև չինովնիկական օլիգարխիա դառնալու իր սկզբունքը: Այ, սրանք են ճգնաժամի բնորոշիչները, այլ ոչ թե այն, ինչ ես լսում էի երեկ խորհրդարանում»:
Հարցին էլ՝ ի՞նչ ելքեր եք տեսնում այդ ճգնաժամից դուրս գալու համար, Ա. Կարապետյանն այսպես պատասխանեց.
«Ես ելքերը տեսնում եմ, բայց ես հիմա չեմ ուզում խոսել: Կա խորհրդարանական ընդդիմություն, կա ընդդիմություն, իշխանություն: Իրար հետ եղբայրաբար կռվում են, եղբայրաբար բարիշում են, կգա պահը, երբ որոշիչ կլինի մեր ձայնը, ես ձեզ վստահեցնում եմ՝ կասվեն բոլոր ծրագրային դրույթները, թե մենք ոնց ենք դուրս գալու ճգնաժամից, մեր կարծիքով՝ ինչ պետք է անել, ինչ փոփոխություններ են պետք՝ թե՛ կառավարման համակարգում, թե՛ քաղաքական համակարգում, թե՛ սոցիալական ոլորտում: Եթե Հայաստանը մոտակա ժամանակ չսկսի նոր տնտեսական մոդելի կիրառում, ապա Հայաստանի կենսագործունեությունը՝ ուղղակի որպես ֆիզիկապես պետություն, շատ խիստ կասկածի տակ է դրվելու»: