Բաժիններ՝

Գործարարների լավատեսությունը նվազել է

Գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) 2014թ-ի չորրորդ եռամսյակում կազմել է 51.8։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը։

Գործարար միջավայրի արժեքը հաշվարկվում է  գործարարների շրջանում անցկացվող հարցումների միջոցով։ Հարցերը վերաբերում են տնտեսության տարբեր ոլորտներում գործարարների սպասումներին։ Մասնավորապես, արդյունաբերությունում՝ թողարկման ընթացիկ եւ սպասվող ծավալների ու պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների, շինարարությունում ՝ ընկերության ներկա տնտեսական վիճակի եւ աշխատողների ընթացիկ թվաքանակի, առևտրում՝ թողարկման ընթացիկ եւ սպասվող ծավալների եւ արտադրանքի նկատմամբ պահանջարկի, ծառայություններում՝ ընկերության ներկա ու սպասվող տնտեսական վիճակի փոփոխությանը վերաբերվող հարցերի պատասխանների սեզոնային հարթեցված մակարդակների հիման վրա:

Ցուցանիշի հաշվարկման համար տրվող հարցերը ունեն պատասխանների հետեւյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետեւ դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների արժեքները: Արժեքները տատանվում են [0, 100] միջակայքում: 0 արժեքը խոսում է այն մասի ն, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ եւ նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայունության միջակայք ընդունել ենք արժեքի տատանումը 45-ից մինչեւ 55-ը:

Ըստ ԿԲ տվյալների՝ 2014 թվականի վերջին եռամսյակում ԳՄՑ-ն նախորդ եռամսյակի մակարդակից ցածր է 0.8 կետով, այսինքն՝ լավատեսական սպասումները նվազել են։ Սակայն ընդհանուր առմամբ, ցուցանիշը գտնվում է 50-ից բարձր մակարդակում՝ կայունության միջակայքի սահմաններում՝ պահպանելով գրեթե բոլոր ոլորտներ ում առկա լավատեսական տրամադրվածությունը:

Կարդացեք նաև

Ընդ որում, սպասումների փոփոխությունը խիստ տարբեր է՝ ըստ ոլորտների։

Սպասումների բացասական փոփոխությունն ամենից ակնհայտը առևտրի ոլորտում է։ Գործարար միջավայրի ցուցանիշն այս ոլորտում նվազել է 11.4 տոկոսային կետով՝ 60.2%-ից հասնելով 48.8%-ի։  Սա թերևս պայմանավորված է փոխարժեքի կտրուկ տատանումներով, անորոշությամբ և արտաքին առևտրով զբաղվողների համար ստեղծված դժվարություններով։

Արդյունաբերության ոլորտում գործարարների սպասումները նույնպես փոփոխվել են բացասականի ուղղությամբ. ԳՄՑ-ն նվազել է 2.8 տոկոսային կետով։ Սակայն ընդհանուր ցուցանիշը դեռ լավատեսական է՝ 55.5%։

Շինարարության ոլորտում աննշան՝ կես տոկոսային կետով բարելավում է նկատվել։ Սակայն ցուցանիշը դեռ խիստ անկումային է՝ 34.6%։ Նկատենք նաև, որ տարեկան կտրվածքով շինարարության ոլորտի ցուցանիշը նվազել է 18.8 տոկոսային կետով։

Ամենալավ վիճակում գտնվում է ծառայությունների ոլորտը։ Այս ոլորտի գործարարները մեծ ակնկալիքներ ունեն ապագայից և դրական սպասումների կշիռը գերիշխող է։ Ծառայությունների ոլորտի ԳՄՑ-ն երրորդ եռամսյակի համեմատ աճել է 9.6 տոկոսային կետով և կազմել 63.8%։

gmc111

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս