«Սա իշխանության միայն սարսափեցումն էր, սա ամբողջը չէր. այն, ինչ արեցին, խարակիրի էր երկու կողմի համար». Ստյոպա Սաֆարյան
Հայաստանում փորձ արվեց ընդդիմության դաշտում կատարել մի բան, որն ի սկզբանէ հակասում էր քաղաքագիտության բոլոր կաննոներին և քաղաքական կյանքի ամբողջ տրամաբանությանը: Այս կարծիքին է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, ասաց, թե քաղաքական համակարգում իր մեծությամբ երկրորդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հայտնվեց քաղաքական ընդդիմադիր դաշտի առանցքում:
Ըստ Ս. Սաֆարյանի՝ մինչև փետրվարի 12-ը տեղի ունեցող գործընթացները բավականին շահեկան էին «Բարգավաճ Հայաստան» կուսկացության համար. «Ինքը, չլինելով ընդդիմադիր քաղաքական կեցվածքով կուսակցություն, դարձել էր ընդդիմադիր դաշտում համախմբման առանցք: Բոլորը նրան էին սպասում՝ արդյոք նա նույնպես կանի՞ վերջին քայլը, ինչպես արել են «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, արդյոք նա կդնի՞ արտահերթ կամ ընդհանրապես իշխանափոխության խնդիր, և երրորդը, արդյոք ինքը կսպասարկի՞ այդ փոփոխությունների պրոցեսը: Նա, չլինելով ընդդիմադիր, կորուստներ չէր ունենում իր կառույցնում և անդամների մեջ: Ինչքան մոտենում էր 2017 թիվը, այնքան նա կարող էր դառնալ գրավիչ կենտրոն, ի դեպ ուր կձգտեին բախտ որոնողները, պաշտոն որոնողները, ապագայում տեղ որոնողները և այլն»:
Ս. Սաֆարյանը կարծում է, որ փետրվարի 12-ից հետո փոխվեցին խաղի կանոնները, որոնք, ըստ նրա՝ առաջին հերթին անակնկալ էին Գագիկ Ծառուկյանի համար.
«Ստեղծվել էր մի իրավիճակ, որ «Բարգավաճ Հայաստանին» ոչինչ չէր մնում, քան իսկապես հայտարարել, որ ինքը ընդդիմադիր է և ինքը պատրաստ է կրել այդ բոլոր զրկանքները, բայց այդ դեպքում ինքը դառնում էր ոչ միայն հալածյալ, այլև դա չափազանց ազդում էր իր կառույցների վրա: Տեսանք՝ ինչ եղավ այս օրերի ընթացքում, սա իշխանության միայն սարսափեցումն էր, սա ամբողջը չէր: Գագիկ Ծառուկյանին ուրիշ ոչինչ չէր մնում, քան լրջագույն որոշում ընդունել՝ կա՛մ շարժվում է դեպի առաջ՝ կորցնելով շատ բան, կա՛մ ետ քայլ է կատարում»:
Ս.Սաֆարյանի համար ԲՀԿ-առաջնորդի այսօրվա հայտարարությունը ամենահավանական տարբերակն էր: Ըստ նրա՝ Գ.Ծառուկյանը հրաշալի հասկանում է, որ հալածանքների և զրկանքների ճանապարհով անցնելը դեռևս երաշխիք չէ իշխանության հասնելու համար:
Նա նկատեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, նրա առաջնորդը մինչ այդ եղած բոլոր ընդդիմադիր ուժերից ամենախոցելին է եղել. «Դա առաջին հերթին այն պատճառով, որ ծնունդը այդ քաղաքական ուժի տեղի է ունեցել իշխանական դաշտում: Համակարգը չի համդուրժի, որ իր սնած, իր մեծացրած դերակատարը դուրս գա իր դեմ:
Քանի որ հայտարարվել էր շտապ հանրահավաքի մասին, նկատելի էր, որ Սերժ Սարգսյանի ոչինչ չէր մնում, քան արագ ավարտել պարտիան, այսինքն՝ ամեն ինչ անել մինչև ամսին 20-ը, որ հանրահավաքը բացառվի, և դա տեղի ունեցավ»:
Ս.Սաֆարյանի խոսքով՝ սա թերևս այն լուծումն էր, որտեղ 2 կողմը դուրս են գալիս նվազագույն կորուստով, թեպետ այն, ինչ արեցին, խարակիրի էր երկու կողմի համար էլ.
«Գ. Ծառտուկյանի հայտարարությունից կարելի է ասել, որ նա, կարծես թե, դուրս է գալիս հրապարակից, ռադիկալ ընդդիմադիր դաշտից, նրա հայատարարության մեջ կար միտքը՝ «ես չեմ մտնում Ազատության հրապարակ, ես չեմ մտնում ռադիկալ ընդդիմության դաշտ», իսկ դրանից հետո թե ո՞ւր կլինի, դա դժվարանում եմ ասել, որովհետև փետրվարի 12-ից հետո նկատելի է, որ Սերժ Սարգսյանը խնդիր էր դրել ընդհանրապես Գագիկ Ծառուկյանին հանել քաղաքական դաշտից, դնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում նոր լիդերի խնդիր: Ի՞նչ լուծումենրի կգան նրանք այսքանից հետո, մի փոքր դժվարանում եմ այս պահին ասել»: