Արևմուտքի գլուխխոնարհումը Պուտինի առջև բացասաբար կանդրադառնա նաև ԼՂ հակամարտության վրա. Պիոնտկովսկի
168.am-ի զրուցակիցն է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Անդրեյ Պիոնտկովսկին:
– Պարոն Պիոնտկովսկի, այսօր Մինսկում «նորմանդյան քառյակը» հերթական անգամ հրադադար հաստատելու մասին համաձայնության եկավ: Հաշվի առնելով սեպտեմբերյան մինսկյան համաձայնագրերի բացասական նախադեպը` ի՞նչ երաշխիքներ կան, որ այս համաձայնությունները նույն ճակատագրին չեն արժանանա, երբ բավականին հիմնավոր տեսակետներ են հնչում, որ այս փաստաթղթի գլխավոր նպատակը եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթի և Ուկրաինա՝ ամերիկյան զենք մտցնելու հեռանկարները չեզոքացնելն էր:
– Ես այդ տեսակետների հետ կարող եմ միայն համաձայնել: Կարծում եմ, որ Օլանդ-Մերկել այս ողջ նախաձեռնությունը կապված էր Ուկրաինա ամերիկյան զենքի մատակարարման հեռանկարների վերաբերյալ նրանց մտավախություններին: Ինչո՞ւ նրանք այդքան վախեցան, որովհետև Մոսկվան զբաղվում էր միջուկային շանտաժով, սպառնում էր, որ եթե Արևմուտքը սկսի զենք տրամադրել Ուկրաինային, ապա Մոսկվան կօգտագործի տակտիկական միջուկային զենք, ինչը վտանգավոր է հատկապես եվրոպացիների համար, քանի որ տակտիկական զենքը մեծ արդյունավետությամբ կխոցեր հենց Եվրոպային: Մերկելը վերջին ամիսներին կոշտ դիրք էր ստանձնել, բայց այս սպառնալիքից վախեցավ, որոշեց ամեն կերպ համաձայնության բերել կողմերին: Այս համաձայնությունն ինքնին ի օգուտ Պուտինի է, ավելի ճիշտ՝ ոչ այնքան բուն այդ համաձայնությունը, այլ այն, որ Օլանդն ու Մերկելը եկան Մոսկվա, նրա հետ սկսեցին շփվել` դրանով իսկ կոտրելով Պուտինի մեկուսացումը:
Ինչ վերաբերում է բուն համաձայնություններին, ապա միակ, իմ կարծիքով, դրական արդյունքը կամ գոնե դրական արդյունքի հույսը հրադադարի հաստատման հեռանկարն է: Այսօր փետրվարի 12-ն է, ու փոքր-ինչ տարօրինակ է, որ հրադադարը հաստատվելու է փետրվարի 15-ից: Ես ճանաչում եմ Պուտինին և չեմ կարող բացառել, որ այս երեք օրերը նա չի օգտագործի ինչ-որ սադրանքի համար:
– Այսինքն` չե՞ք կարծում, որ այս համաձայնությունները կայուն և տևական կլինեն:
– Հիմա կայունության մասին խոսելը վաղ է: Եկեք տեսնենք, թե կմտնե՞ն այս պայմանավորվածություններն ուժի մեջ, թե՞ ոչ: Եթե սա ուժի մեջ մտնի, այն կլինի շատ ավելի կայուն, քան նախորդ պայմանավորվածությունները, քանի որ այս համաձայնագրերը ենթադրում են սահմանազատումներ, ԵԱՀԿ վերահսկողություն, բայց մինչ դա, եկեք սպասենք մինչև փետրվարի 15-ը: Մյուս բոլոր կետերն ընդդեմ ուկրաինացիների են և ի օգուտ Պուտինի:
Ինչ վերաբերում է հիմնական պահանջներին, ապա Արևմուտքը Պուտինից պահանջում էր զորքերի դուրսբերում, ՌԴ-ի կողմից վերադարձ Ուկրաինային՝ իր սահմանների վերահսկողությունը: Իսկ այստեղ խոսք չկա զորքերի դուրսբերման մասին, քանի որ Պուտինը բացարձակապես հրաժարվում է ընդունել, որ այնտեղ ռուսական զորքեր կան, իսկ սահմանների նկատմամբ վերահսկողության վերաբերյալ ասվում է, որ ինչ-որ մի ժամանակ, մեկ տարի անց Դոնեցկում, Լուգանսկում նոր ընտրություններ կլինեն, նրանք ինքնիշխան կլինեն:
Այսինքն` ինչ հետաքրքրում էր Ուկրաինային, Ուկրաինան չստացավ, քանի որ Ռուսաստանը չվերցրեց որևէ պարտավորություն, իսկ Ուկրաինան ստանձնում է մի շարք պարտավորություններ` ֆինանսական աջակցություն Դոնեցկի ու Լուգանսկի անջատողականներին, Ուկրաինայի սահմանադրության փոփոխություն, հատուկ կարգավիճակի ճանաչում: Այսինքն` բոլոր հարթություններում սա Պուտինին ձեռնտու համաձայնագիր է: Սա Ֆրանսիայի ու Գերմանիայի ակնհայտ նահանջն է Պուտինի առջև: Ի՞նչն է ավելի մտահոգում: Սա Պուտինի միջուկային շանտաժի առաջին հաջողված փորձն էր: Այսինքն` չի բացառվում, որ Պուտինն այս մեթոդին դիմի հետագայում ևս:
– Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների այս կոմբինացիան ինչպե՞ս կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա, երբ այնտեղ առանց այն էլ իրավիճակը պայթյունավտանգ է:
– Այո, հետևում ենք այդ լարված իրավիճակներին: Ակնհայտ է, որ Մոսկվան ցանկացած պահի բարձրացնում է լարվածությունը, վերահսկում, կառավարում հակամարտությունն իր այս կամ այն նպատակին հասնելու համար: Մոսկվայի համար անհրաժեշտություն է այդ լարվածությունը պահելը ԼՂ-ում այնպես, ինչպես հետխորհրդային մյուս հակամարտությունների դեպքում: Պուտինը պարզ խոսում է ռուսական աշխարհի իր ծրագրերի, Ռուսաստանին տարածքներ միացնելու, ավելի մեծ ազդեցության ոլորտներ ներգրավելու մասին: Մենք տեսանք, թե ինչ ճնշումների ենթարկվեց Հայաստանը, երբ ցանկանում էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրը Եվրոպական միության հետ: Ռուսաստանը Հայաստանին էլ ավելի խոցելի և թույլ է դարձնում: ԼՂ-ն պահելով` հիշեցնում է Հայաստանին, որ կա վտանգ, և Հայաստանն առանց Ռուսաստանի չի կարող և պետք է ենթարկվի Ռուսաստանի ճնշումներին: Իսկ այս ամենի առջև Արևմուտքը գլուխ է խոնարհում` տրվելով ՌԴ միջուկային շանտաժներին: