Բաժիններ՝

Արտարժութային ավանդների գաղտնիքը

Մեր թերթի նախորդ համարներից մեկում գրել էինք այն մասին, թե որքանով են նվազել հայաստանյան բանկերում պահվող գումարները (ավանդները և հաշիվները) նախորդ տարվա ընթացքում։

Հիմնվելով բանկերի հաշվետվությունների վրա` նշել էինք, որ 1 տարվա կտրվածքով բանկերում պահվող փողն իրական արժեքով նվազել է շուրջ 90 միլիարդ դրամով։ Սա վերաբերում էր թե՛ ավանդներին, թե՛ հաշիվներին։ Այժմ հնարավոր է ավելի կոնկրետ ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել նախորդ տարվա վերջին բնակչության ավանդների հետ, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց։ Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն հրապարակել է 2014 թ. ամբողջական մակրոտնտեսական ցուցանիշները։ Դրամավարկային ցուցանիշների բաժնում կա նաև այս աղյուսակը, որը կոչվում է առևտրային բանկերի ավանդները` ըստ տնտեսության հատվածների։ Ինչպես տեսնում եք, ռեզիդենտների ավանդների ծավալը 2014-ի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 1 տրիլիոն 319.7 մլրդ դրամ։ Սեպտեմբերի վերջի համեմատ` այդ թիվն աճել է 90.2 մլրդ դրամով կամ 7.3%-ով։ Սակայն այս «աճն» իրականում ոչինչ չի ասում։

avandner

Նախ` խոսենք կոնկրետ բնակչության (տնային տնտեսությունների) խնայողությունների մասին։ ԱՎԾ-ի զեկույցում այս աղյուսակին կից նշվում է. «Բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների մեծությունը 2014թ. դեկտեմբերի վերջին կազմել է 894 152 մլն դրամ և նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 6735 մլն դրամով կամ 0.7%-ով, իսկ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` աճել է 103 925 մլն դրամով կամ 13.2%-ով» (աղյուսակում առանձնացրել ենք այն տողերը, որոնց գումարից ստացվում է 894.1 մլրդ դրամը)։

Կարդացեք նաև

Հիմա հասնում ենք ամենահետաքրքիր մասին, որտեղից կերևա, թե իրականում ինչ է նշանակում այդ 894.1 մլրդ-ը, և աճե՞լ է գումարը, թե՞ նվազել։ Մինչև առաջ անցնելը նշենք, որ աղյուսակում դրամով և արտարժույթով պահվող ավանդները ներկայացված են առանձին։ Սկսենք դրամից։

Ինչ է կատարվել բնակչության դրամային ավանդների հետ

Դրամի դեպքում ամեն ինչ շատ հստակ երևում է։ Սեպտեմբերի վերջին ՀՀ բնակիչներն ունեցել են 77.96 մլրդ դրամի ցպահանջ հաշիվներ և 210.17 մլրդ դրամի ժամկետային ավանդներ։ Միասին` 288.13 մլրդ դրամի դրամային ավանդներ և հաշիվներ։ Երեք ամիս հետո` դեկտեմբերի վերջին` 71.42 մլրդ դրամի ցպահանջ դրամային հաշիվներ և 186.09 մլրդ դրամի ժամկետային ավանդներ։ Միասին` 257.51 միլիարդ դրամ։ Այսինքն` բնակչության դրամային ավանդներն ու հաշիվները 2014-ի վերջին եռամսյակի ընթացքում նվազել են 30.62 մլրդ դրամով կամ 10.6%-ով։ Մարդիկ իրենց դրամները հանել են թե՛ ընթացիկ հաշիվներից, թե՛ ժամկետային ավանդներից։

Արտարժութային ավանդների գաղտնիքը

Գլխավոր գաղտնիքը թաքնված է արտարժութային ավանդների ցուցանիշներում։ ՀՀ քաղաքացիներն իրենց խնայողությունների մեծ մասը պահում են արտարժույթով։ Դատելով ներկայացված տվյալներից` 2014թ. դեկտեմբերի վերջին ՀՀ բնակիչները բանկերում ունեցել են 85.64 միլիարդ դրամին համարժեք արտարժութային ցպահանջ հաշիվներ և 550.1 մլրդ դրամին համարժեք արտարժութային ժամկետային ավանդներ։ Միասին` 636.64 մլրդ դրամ։ Սեպտեմբերի վերջին այդ նույն ցուցանիշը եղել է 565.33 մլրդ դրամին համարժեք արտարժույթ։ Ստացվում է, որ երեք ամիսների ընթացքում արտարժութային ավանդների մեծությունն աճել է 71.31 մլրդ դրամով կամ 12.6%-ով։ Թվում է` դրամային ավանդները նվազել են, արտարժութային ավանդները` աճել։ Այսինքն, կարող է թյուր կարծիք ստեղծվել, որ ՀՀ քաղաքացիները, ճիշտ է, մոտ 30 մլրդ դրամի չափով դուրս են բերել իրենց դրամային խնայողությունները բանկերից, սակայն ոչ թե դրել են ներքնակի տակ, այլ վերածել արտարժույթի ու կրկին դրել բանկում։ Դեռ մի բան էլ ավելի շատ են դրել, և բանկերի փողը ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է։ Ցավոք, այդպես չէ։

Փոխարժեքի գործոնը

Այդպես չէ, որովհետև կա փոխարժեքի գործոնը։ 636.64 մլրդը չի կարելի ուղղակիորեն համեմատել 565.33-ի հետ։ Որովհետև այդ 565.33 մլրդն դրամն այն ժամանակ ավելի մեծ գումար էր, քան այսօրվա 636.64 մլրդը։ Ու այդ թվերը համեմատելու համար նախ` անհրաժեշտ է «ինդեքսավորել»` ըստ փոխարժեքի։ Որպեսզի ավելի ճիշտ ու պարզ լինի, այդ թվերը պետք է դիտարկել ԱՄՆ դոլարով (քանի որ խոսքը վերաբերում է արտարժութային ավանդներին)։ Սեպտեմբերի վերջին 1 ԱՄՆ դոլարն արժեր 408.48 դրամ, հետևաբար` բանկերում եղած արտարժութային ավանդների և հաշիվների մեծությունը կազմել է 1 միլիարդ 384 միլիոն դոլար։ Դեկտեմբերի վերջին դոլարն արժեր արդեն 474.97 դրամ։ Այսինքն` արտարժութային ավանդների և հաշիվների ծավալը կազմել է 1 միլիարդ 340.3 միլիոն դոլար։ Ստացվում է` արտարժութային ավանդների իրական ծավալը վերջին եռամսյակում նվազել է 43.7 մլն դոլարով կամ 20.7 մլրդ դրամով։

Եվ վերջնական թիվը։ ՀՀ ռեզիդենտ բնակիչների դրամային և արտարժութային ավանդները (այդ թվում ցպահանջ հաշիվները) նվազել են 51.3 մլրդ դրամով։ Նշում ենք, որ այդ նվազումը տեղի է ունեցել 2014-ի վերջին եռամսյակի ընթացքում, քանի որ վիճակագրությունը ներկայացնում է միայն եռամսյակային տվյալներ, սակայն ակնհայտ է, որ նվազումը տեղի է ունեցել մեկ ամսում` դեկտեմբերին։

Առավել հետաքրքրասերների համար մենք առանձնացրել ենք արտարժութայնի ավանդների ցուցանիշները և կազմել առանձին ճշգրտված աղյուսակ։ Ըստ այդմ՝ կարող եք տեսնել, թե տնտեսության տարբեր հատվածների արտարժութային ավանդների և հաշիվների մեծությունն ինչպես է փոփոխվել 2014 թվականի վերջին եռամսյակի ընթացքում։

artarjutayin-avandner
Այլ եզրահանգումներ

Որպես հետևանք` փոխվել է նաև դոլարային և դրամային ավանդների հարաբերակցությունը։ Կոնկրետ տնային տնտեսությունների դեպքում` դեկտեմբերի վերջին արտարժութային ավանդների տեսակարար կշիռը կազմել է 71.2%, մինչդեռ սեպտեմբերին այդ ցուցանիշը 66.2% էր։ Սա էլ վկայում է դոլարայնացման մակարդակի բարձրացման մասին։

Ի դեպ, տվյալների ուսումնասիրությունից հետաքրքիր մանրամասներ են պարզվում ոչ միայն` բնակչության, այլև բիզնեսի տեղաշարժերի վերաբերյալ։ Մասնավորապես, երևում է, որ ոչ ֆինանսական մասնավոր ընկերությունները 2014-ի վերջին իրենց դրամային ընթացիկ հաշիվներից հանել են 14 մլրդ դրամ, իսկ արտարժութային ցպահանջ հաշիվներին ավելացրել 22 մլրդ դրամին համարժեք արտարժույթ։ Այսինքն` շրջանառու միջոցները փոխել են դրամից` արտարժույթի։

Պակաս ուշագրավ չէ նաև այն հանգամանքը, որ այդպես են վարվել ոչ միայն մասնավոր, այլև պետական մասնակցություն ունեցող ընկերությունները։ Իսկ սա չափազանց մտահոգիչ է, որովհետև հենց նման գործողությունների պատճառով շուկայում սրվեց դոլարի դեֆիցիտն ու խորացավ խուճապը։ Ու երբ պետական կառույցներն անգամ ազգային դրամին չեն վստահում, դժվար է նույնն ակնկալել բնակչությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս