Որքան գումար է «փախել» ՀՀ բանկային համակարգից

Նախորդ շաբաթ հրապարակել էինք «Ամենակարևորը` բանկերի մասին» հոդվածը, որտեղ ներկայացված էին ՀՀ առևտրային բանկերի 2013 թվականի առանցքային ցուցանիշները։ Խոստացել էինք, որ առաջիկայում կներկայացնենք նաև 2014-ի տվյալները, երբ դրանք հասանելի դառնան։

Առավելևս, որ բանկային համակարգը ցնցումների մեջ ընկավ 2014-ի վերջին, և մանավանդ` փոխարժեքի կտրուկ տատանումը պետք է իր ազդեցությունը թողներ բանկերի գործունեության վրա։

Առևտրային բանկերն արդեն հրապարակել են 2014 թվականի 4-րդ եռամսյակի ցուցանիշները։ Սկսեցինք ուսումնասիրել թվերը, սակայն դրանց վերլուծության արդյունքում բացված պատկերը մեզ ստիպեց նախ` առանձին նյութ հրապարակել ավանդների մասին։ Համոզված ենք, որ այն կհետաքրքրի ընթերցողին։

Եվ այսպես։

ՀՀ 21 բանկերի եռամսյակային հաշվետվությունների հիման վրա կազմված աղյուսակից երևում է, որ հաճախորդների ավանդների և հաշիվների մեծությունը 2014 թվականի վերջին կազմել է 1 տրիլիոն 701 միլիարդ դրամ։ Տարվա սկզբի համեմատ այդ ցուցանիշն աճել է 78.1 միլիարդ դրամով կամ 4.8%-ով։

Ինչպես տեսնում եք, որոշ բանկերում ավանդները շեշտակի են աճել, որոշներում` ոչ այնքան, իսկ մի քանի բանկերում` անգամ նվազել են։

axyusak-avandner

Սակայն վերադառնանք ընդհանուր ցուցանիշին` 4.8% աճին։ Իրականում այս 4.8%-ը ցույց է տալիս ոչ թե աճ, այլ նվազում։

Բանն այն է, որ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն` Հայաստանի բանկերում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների ավանդների ու հաշիվների մեծ մասն արտարժույթով է։ Հարաբերակցությունը մոտավորապես այսպիսին է` 70% արտարժույթ, 30% ՀՀ դրամ։
Սա նշանակում է, որ տարվա սկզբին 1 տրիլիոն 622.9 միլիարդ դրամին համարժեք ավանդների 70%-ը եղել է արտարժույթով։ Այսինքն` շուրջ 1 տրիլիոն 136.5 միլիարդ դրամի արտարժութային ավանդներ և 486.5 միլիարդ դրամի դրամային ավանդներ։
Հասանք ամենակարևոր մասին։ Տարվա ընթացքում ՀՀ դրամն արժեզրկվել է 15%-ով (դոլարի գինը 408 դրամից հասավ 471 դրամի)։

Սա էլ իր հերթին` նշանակում է, որ արտարժութային ավանդների մեծությունը` դրամով արտահայտված, պետք է մեծանար 15%-ով։ Այսինքն, եթե անգամ մարդիկ իրենց բանկային ավանդներին ոչ մի կոպեկ չավելացնեին, միայն արտարժույթով ավանդների դրամային արժեքը տարվա վերջին պետք է կազմեր 1 տրիլիոն 306.5 միլիարդ դրամ։ Սրան էլ գումարենք տարեսկզբին առկա 486.5 միլիարդ դրամի ավանդները` ՀՀ դրամով։ Ստացվեց 1 տրիլիոն 793 միլիարդ դրամ։

Մեկ անգամ ևս արձանագրենք. սա նշանակում է, որ եթե մարդիկ ավանդներին ոչ մի լումա չավելացնեին, դրանց մեծությունը միայն դրամի արժեզրկման արդյունքում պետք է դառնար 1 տրիլիոն 793 միլիարդ դրամ։ Այսինքն` պետք է աճեր 170 միլիարդ դրամով կամ 10.5%-ով։

Սակայն, ըստ հրապարակված տվյալների` ավանդների մեծությունն աճել է 78.2 միլիարդ դրամով։ Սա էլ նշանակում է, որ իրականում ՀՀ բանկերում հաճախորդների ավանդների ու հաշիվների վրա եղած գումարները ոչ թե աճել են, այլ նվազել 5.1%-ով կամ 91.8 միլիարդ դրամով։

Շատ ավելի պարզ ասած` մարդիկ նախորդ տարվա ընթացքում բանկերից դուրս են հանել 91.8 միլիարդ դրամ։ Ու տրամաբանությունը հուշում է, որ դա տեղի է ունեցել նախորդ տարվա վերջին, երբ խուճապ էր տիրում։ Իսկ դա իրոք լուրջ ցնցում է բանկային համակարգի համար։

Ընդ որում, այսօրվա պաշտոնական թվերը լիովին հաստատում են այն շշուկները, որ շրջանառվում էին դեկտեմբերին։ Օրինակ, լուրեր կային, որ շատերը բանկային հաշիվներից հանում են գումարները, կանխիկացնում և դնում նույն բանկի պահատուփերում։ 91.8 միլիարդ դրամի նվազումն անուղղակիորեն հենց այդ մասին է վկայում։
Նման խոսակցություններ առավել ակտիվ շրջանառում էին հատկապես Առէկսիմբանկի հետ կապված։ Նայեք թվերը։ Առէկսիմբանկի ավանդները պարզապես գահավիժել են` 160.8 միլիարդ դրամից հասնելով 41.8 միլիարդ դրամի (շուրջ 4 անգամ)։ Ու բանկն էլ 2014 թվականը փակել է 5.6 միլիարդ դրամի վնասով։ Բացի Առէկսիմբանկից, նվազել են նաև 3 այլ բանկերի ավանդները։

Կարելի է ենթադրել, որ այդ գումարների մի մասը կանխիկ տեսքով տեղ է գտել բանկերի պահատուփերում կամ մարդկանց ներքնակի տակ, մյուս մասը հոսել է այլ բանկեր։ Օրինակ` Ամերիաբանկ, որի ավանդների մեծությունն աճել է 22.8%-ով կամ 38.8 միլիարդ դրամով։ Բանկային ոլորտից դրամի փախուստի ֆոնին առանձնանում է իրանական Մելլաթ բանկը։ Իր ծավալներով հայաստանյան ամենափոքր բանկում ավանդների և հաշիվների մեծությունն ավելացել է 5.6 անգամ` 1 միլիարդ 270 միլիոն դրամից հասնելով 7 միլիարդ 120 միլիոնի։ Թե ինչով է պայմանավորված ավանդատուների վստահության շեշտակի աճը Մելլաթի նկատմամբ, դժվար է բացատրել։
Հ.Գ. Բանկային համակարգի ամբողջական վերլուծությունը` 2014 թվականի արդյունքներով, կհրապարակենք երեքշաբթի օրը։

Տեսանյութեր

Լրահոս