ԱՄՆ-ի նոր բյուջեի նախագծում Հայաստանի համար առաջարկվում է ռեկորդային ցածր ֆինանսական օգնություն
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) կայքի փոխանցմամբ՝ Օբամա-Բայդեն վարչակարգը Կոնգրեսին է ներկայացրել 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը: Դրանում կոչ է արվում կրճատել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին ԱՄՆ-ի ցուցաբերած տնտեսական օգնության ծավալը:
Միևնույն ժամանակ պահպանվում է այդ երկու երկրների համար նախատեսված ռազմական օգնության ծավալը: Մասնավորապես, եթե Կոնգրեսը հավանության արժանացնի 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, ապա Հայաստանի համար նախատեսված տնտեսական օգնության ծավալը կկազմի 18.360.000 դոլար:
Դա օգնության ռեկորդային ցածր ցուցանիշ է՝ սկսած Հայաստանի անկախության ձեռք բերումից: Սպիտակ տան առաջարկն ավելի քան 2 միլիոն դոլարով պակաս է՝ համեմատած 2014 ֆինանսական տարվա ցուցանիշի հետ և կրկնակի պակաս է այն 40 միլիոն դոլար գումարից, որը պահանջում էին հայամետ կոնգրեսականներն ու ANCA-ն:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ իրենք խորապես մտահոգված են նրանից, որ Օբամայի վարչակազմը ցանկանում է ռազմական որևէ օգնություն ցուցաբերել Ադրբեջանի զինված ուժերին՝ չնայած ադրբեջանական սահմանային ագրեսիայի հերթական ալիքին:
Համբարյանը նշել է, որ դրա հետ մեկտեղ իրենք հասկանում են, որ ռազմական օգնության ցուցաբերման հարցում պահպանվել է հավասարությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: ԱՄՆ բյուջեի նախագծում որևէ բան նշված չէ Լեռնային Ղարաբաղին օգնելու մասին, թեև վերջին մի քանի տարում USAID-ն այդ նպատակով տարեկան հատկացրել է 2 միլիոն դոլար:
2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի հաստատման դեպքում Հայաստանը Տնտեսական աջակցության հիմնադրամի կողմից կստանա 18.360.000 դոլար, Ադրբեջանը՝ 7.978.000 դոլար, իսկ Վրաստանը՝ 50.552.000 դոլար:
Հայաստանին հատկացվելիք Օտարերկրյան ռազմական ֆինանսավորումը կազմելու է 1.7 միլիոն դոլար, Ադրբեջանինը՝ 1.7 միլիոն դոլար: Վրաստանը չի ստանա այն: Միջազգային ռազմական կրթության ու դասընթացների համար Հայաստանը կստանա 600.000 դոլար, Ադրբեջանը՝ 600.000 դոլար, իսկ Վրաստանը՝ 2.2 միլիոն դոլար:
Թմրանյութերի նկատմամբ միջազգային վերահսկողության և իրավակարգի աջակցման համար Հայաստանը ստանալու է 1.7 միլիոն դոլար, Ադրբեջանը՝ 800.000 դոլար, իսկ Վրաստանը՝ 3.5 միլիոն դոլար: