Գիտնականները խաշած ձուն վերածել են հում ձվի
Կալիֆոռնիայի Իրվին համալսարանի և Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները լաբորատոր փորձարկումներից հետո ապացուցել են, որ քիմիական հավելումների միջոցով հնարավոր է խաշած ձուն դարձնել հում: Քիմիկոսները սպիտակուցն ամբողջովին թուլացնելու և ձուն իր հեղուկ վիճակին վերադարձնելու համար խաշած ձվի վրա ավելացրել են ռեակցիունակ միզանյութը (мочевина):
Ըստ մասնագիտական գրականության՝ միզանյութի (կարբամիդ, H2NCONH2, ածխաթթվի երկամիդը, կարբամինաթթվի ամիդը) պարունակությունն արյան մեջ ավելանում է (ուրեմիա)։ Այն առաջանում է լյարդում, սպիտակուցների քայքայման վերջնանյութերից (NH3 և C02)։ Հայտնաբերված է մեզի, արյան, թքի, ավշի, կաթի մեջ և այլ հեղուկներում ու հյուսվածքներում։ Առողջ մարդու արյան մեջ միզանյութի պարունակությունը 18–38 մգ 1100 մլ է, մեզում կախված է սննդում սպիտակուցների քանակից և բաղադրությունից։ Մարդու օրգանիզմից օրական հեռանում է 25-30 գ միզանյութ։ Արդյունաբերության մեջ միզանյութ ստանում են ամոնիակից և ածխաթթու գազից՝ սինթեզով (160–200°C, 100–400 մթն)։ Օգտագործվում է կարբամիդային խեժերի, ներկանյութերի, պարարտանյութերի, ցիանատների, քնաբեր դեղամիջոցների արտադրության համար։ Միզանյութն արժեքավոր ազոտական պարարտանյութ է (պարունակում է 46% ազոտ)։ Միզանյութը որպես սպիտակուցների փոխարինող՝ ավելացվում է կերերին, քանի որ որոճողների գանձակում գտնվող մանրէները միզանյութից սինթեզում են սպիտակուց։
Ըստ ամերիկյան գիտնականների՝ ձվի եփման ընթացքում տեղի է ունենում ներքին մոլեկուլյար բնափոխում՝ դենատուրացիա (սպիտակուցի բնական կառուցվածքի)։Բնափոխումը սովորաբար առաջանում է տարբեր գործոնների ազդեցության տակ (ջերմություն, ճնշում, ճառագայթում, քիմիական նյութեր), խզվում են թույլ կապերը։ Բնափոխված սպիտակուցի հատկությունները փոխվում են։ Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները կարողացել են պինդ խաշած ձուն վերադարձնել հում վիճակի: 90 աստիջան ջերմաստիճանով և 20 րոպե տևողությամբ ձվի եփման ընթացքում գիտնականները ջրի մեջ միզանյութ են ավելացրել:
Մասնագետների պնդմամբ, իրենց հայտնագործությունն օրերից մի օր կնվազեցնի քաղցկեղի դեմ բուժման ծախսերը:
«Այո, մենք հայտնագործել ենք ձուն կրկին հում դարձնելու մեթոդը»,- ասել է Իրվին համալսարանի պրոֆեսոր Գրեգորի Վեիսը: «Մենք չենք ցանկանում ցույց տալ, թե ինչ է կատարվում ձվի հետ այդ ընթացքում, մենք պարզապես ցույց ենք տալիս, թե ինչ հզոր գործընթաց է կատարվում»,- ասել է պրոֆեսոր Վեիսը:
Գիտնականները հույս են հայտնել, որ այս հետազոտությունները կօգնեն քաղցկեղի բուժումն ավելի մատչելի դարձնելուն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը