Ռազմաբազայից հեշտ է փախչել, սակայն 1 ժամից բոլորը կիմանան այդ մասին. նախկին զինվոր. armlur.am
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունը զարմացրել և զայրացրել է ոչ միայն հայերին, այլև` Գյումրիի 102-րդ ռազմաբազայում երբևէ ծառայած զինվորներին:
2011-2012թթ. ռազմաբազայում իր ծառայությունն անցկացրած Դմիտրի Լեոնտևն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ գյումրեցիների հետ միշտ լավ հարաբերություններ է ունեցել, իսկ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի արարքն իրենց զարմացրել է: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ամաչում է Պերմյակովի արարքի համար:
«Գյումրեցիների հետ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, հաճախ շփվել ենք տաքսիի վարորդների հետ: Մենք նրանց մեր բանկային քարտերն էինք տալիս, նրանք գնում էին քաղաք, գումար էին հանում և մեզ բերում:
Երբեք նրանք մեզ չեն խաբել: Ես անձամբ Սամարայից եմ, և իմ մայրիկն այնտեղից անընդհատ գումար էր փոխանցում իմ հառախոսահամարին: Ազգությամբ հայ մի տղամարդ հետաքրքրվել էր, թե մայրիկս ում է այդքան հաճախ գումար փոխանցում: Իմանալով, որ ես Գյումրիում եմ ծառայում, նա իր օգնությունն էր առաջարկել: Նա բարեկամների օգնությամբ ինձ ծանրոցներ էր ուղարկում: Նրա բարեկամները Սպիտակից էին, և մենք իսկապես ընկերացանք: Զինվորներին միշտ լավ են վերաբերվել, և դա փոխադարձ է եղել:
– Դժվա՞ր է ծառայել Գյումրիում:
– Ծառայությունն ինձ համար դժվար է եղել, բայց ոչ հարաբերությունների տեսանկյունից: Դժվարն այն էր, որ լեռնային տարածք էր, իսկ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ շուտ ես հոգնում, մշտական վարժություններն էլ ավելի են հոգնեցնում:
– Ի՞նչ կարող եք ասել Գյումրիի ողբերգական դեպքերի մասին: Պերմյակովի պատմածները հավատ ներշնչո՞ւմ են:
– Բազմաթիվ հարցեր են առաջացնում նրա պատմածները: Եթե նա չէր ցանկանում ծառայել, կարող էր փախչել Ռուսաստանում ծառայելու ժամանակ: Հրացանով փախչել զորամասից, այն էլ՝ այնպիսի մի երկրում, որը Ռուսաստանի հետ սահմանակից չէ, ուղղակի խելագարություն է: Միգուցե նա մտածված գնացել էր սպանություն կատարելու, կամ ուղղակի վախեցնելու ցանկություն է ունեցել, սակայն չափն անցել է: Այլ հարց է, թե ինչու է հրացանով փախել:
-Մի՞թե ռազմաբազայից այդքան հեշտ է փախչել:
– Ռազմաբազայի տարածքից հնարավոր է փախչել, բայց դրա համար ջանք է պետք գործադրել: Եթե նա զորամասում է, դա գրեթե անհնար է, իսկ եթե հերթապահության մեջ է, ինչպես Պերմյակովը, հնարավոր է, սակայն 1-2 ժամվա ընթացքում այդ մասին հայտնի կդառնա հրամանատարին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝