«Քոչարյանի գնահատականները Գյումրիի ողբերգության առնչությամբ համահունչ են հասարակության շրջանում հնչող գնահատականներին». Երվանդ Բոզոյան

«Ռոբերտ Քոչարյանի գնահատականները համահունչ են հասարակության շրջանում հնչող գնահատականներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը`գնահատելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անդրադարձը Գյումրիում օրերս տեղի ունեցած ողբերգությանն ու ՀՀ ներկայիս իշխանություններին ուղղված նրա քննադատությանը: Ըստ քաղաքագետի, Գյումրիի ողբերգությունը ցույց տվեց, թե որքան թուլացած է Հայաստանը, և, որ ՀՀ իշխանություններն այնքան են խեղճացած, որ, ըստ էության, վախենում են և հակասական գնահատականներ են տալիս տեղի ունեցածին: Ըստ Երվանդ Բոզոյանի՝ ՀՀ երկրորդ նախագահը փորձել է շեշտել, որ Գյումրիի իրադարձությունները ցույց տվեցին Հայաստանի իշխանության և պետության խղճուկ կարգավիճակը:

«Պետք է նշել, որ այդպիսի վիճակ չկար տարիներ առաջ: Օրինակ` 1999 թվականին, երբ նույնպիսի սպանություններ կատարվեցին ռուս զինվորականների կողմից, նրանք դատապարտվեցին ՀՀ դատարանում և պատիժը կրեցին ՀՀ բանտում, ապա որոշ ժամանակ անց միայն տեղափոխվեցին Ռուսաստան: Սա ցույց է տալիս, որ այսօր տեղի ունեցողը ոչ թե օրենսդրական, իրավական խնդիր է, այլ քաղաքական: Հայաստանը թուլացած է, կախվածությունը շատ ավելի է մեծացած, Ադրբեջանը լկտիացած է, այս իրավիճակում ՀՀ իշխանություններն ավելի զգուշավոր են դառնում, ավելի վախկոտ, քանի որ կախվածությունն ավելի մեծանում է, որի արտացոլումը տեսանք Գյումրիում»,- ասաց Ե. Բոզոյանը: Դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահը ևս հստակ պահանջներով հանդես չեկավ. մեղադրելով իշխանություններին և պաշտոնյաներին՝ Գյումրիի դեպքերի առիթով լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարություններ անելու մեջ, այնուամենայնիվ, Ռ. Քոչարյանն էլ դաժան այդ իրադարձությանն արձագանքեց բավականին ուշ, Ե. Բոզոյանն արձագանքեց, որ երկրորդ նախագահի գնահատականները համահունչ են հանրության գնահատականներին. «Իսկ դետալների շուրջ պարզաբանումներ կարող է տալ երկրորդ նախագահն ու նրա անմիջական շրջապատը»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել՝ անդրադառնալով Գյումրիի ողբերգությանը ևս: Նա նշել է. «Գյումրիում կատարված ոճրագործությունը, որ ցնցեց ամբողջ Հայաստանը, ապշեցնում է իր դաժանությամբ: Ակնհայտ էր, որ մարդկանց վրդովմունքը կարող է վերածվել զանգվածային գործողությունների՝ անկանխատեսելի հետևանքներով: Դա կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները: Եվ առաջին հերթին՝ միանշանակ հավաստիացումներն առ այն, որ ոճրագործությունը կհետաքննվի հայաստանյան իրավապահ մարմինների կողմից, ու հանցագործը կկանգնի ՀՀ դատարանի առաջ (առավել ևս, որ մենք ունենք նման որոշման նախադեպ՝ 1999 թվականին):

BBՎստահ եմ, որ դա ուղղակի անհրաժեշտ էր ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմին, քանի որ այդպիսով կկանխվեին բոլոր փորձերը դիտարկելու հայ-ռուսական հարաբերությունները՝ կոնկրետ ողբերգական դեպքի համատեքստում: Մեր պաշտոնյաների լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, և առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին: Իսկ դա արդեն պայթյունավտանգ համադրություն էր և, ցավոք, մարդկանց զայրույթը թափվեց հայ ոստիկանների վրա: Այսպես թե այնպես, Գյումրիում տեղի ունեցածը սարսափելի ողբերգություն էր: Ես և իմ ընտանիքը խորապես ցնցված ենք և կիսում ենք բոլորի վիշտը»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս