Պաշտպանի խոսքով՝ եթե լիներ օբյեկտիվ քննություն, չէր լինի լարված իրավիճակ, դատախազը նման պատժաչափ չէր պահանջի, Վարդան Պետրոսյանն էլ հաշտված կլիներ տուժողների հետ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով քննությունը: Դատարանում պաշտպանական ճառով հանդես եկավ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա անդրադարձավ գործով մեղադրող դատախազի ճառում նշված հանգամանքներին՝ նշելով, թե քրեական գործի քննությունն օբյեկտիվ չի եղել:
Նա ներկայացրեց իր կարծիքով նախաքննության ընթացում Վարդան Պետրոսյանի իրավունքի խախտման դեպքերը: Նրա խոսքով՝ դեպքից չորս օր անց նախաքննական մարմնի գրությամբ Վարդան Պետրոսյանի համար փակվել են բոլոր ճանապարհները այն դեպքում, երբ նույնը չի արվել «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի համար՝ այն դեպքում, երբ նույնիսկ չկար փորձաքննության եզրակացությունը. ըստ փաստաբանի՝ դեպքի չորս օր անց արդեն որոշվել էր քրեական պատասխանատվության ենթարկել Վարդան Պետրոսյանին. նա ձերբակալվել է մինչև փորձաքննության ստացումը:
Նրա խոսքով՝ դատաքննության ընթացքում Վարդան Պետրոսյանի կողմից տրված ցուցմունքը չի հակասում օրենքով ձեռք բերված որևէ ապացույցի. մինչդեռ նրա խոսքով՝ գործով տուժողը մի քանի անգամ փոխել է իր ցուցմունքը, երբ ձեռք բերված ապացույցներով հերքվել են տրված ցուցմունքները;
Նրա խոսքով՝ կազմակերպված արվել է ամեն ինչ, որպեսզի Վարդան Պետրոսյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ արձակվի: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ դատախազի ճառում որևէ հիմնավորում չի ներայացրել, թե ինչու է միջնորդում 6 տարի 6 ամիս ժամկետով ազտազրկման դատապարտել Վարդան Պետրոսյանին: Նրա խոսքով՝ եթե լիներ օբյեկտիվ քննություն, չէր լինի լարված իրավիճակ, դատախազը նման պատժաչափ չէր պահանջի, Վարդան Պետրոսյանն էլ հաշտված կլիներ տուժողների հետ: Դատախազը, նրա խոսքով, պատժաչափ միջնորդեց մի գործողության համար, որը Վարդան Պետրոսյանը չի կատարել: