
Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի կապակցությամբ բոլոր երկրների ղեկավարներն ապրիլի 24-ին հրավիրվել են Թուրքիա. Էրդողան

Haber 7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ թուրքական լրատվամիջոցի բնորոշմամբ՝ պատմական որոշում է հրապարակել:
Էրդողանը հայտարարել է, որ Դարդանելի ճակատամարտի 100-ամյակը նշվելու է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Էրդողանը հայտարարել է, որ այդ կապակցությամբ հրավերներ են ուղարկվել աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին, և ինքն ու Ալիևն այդ օրը կլինեն Դարդանելում:
Ընդգծվում է, որ դա կլինի կարևոր քայլ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված դիվանագիտական պայքարում: 1915 թվականի ապրիլի 24-25-ին մեկնարկել է անգլո-ֆրանսիական զորքերի ափհանման (ցամաքային ռազմական) գործողությունը Գալիպոլի թերակզում, ինչից հետո այստեղ սկսվել են ցամաքային զորքերի մասնակցությամբ առաջին ճակատամարտերը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի մարտին բրիտանական The Independent թերթում հրապարակվել էր Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Ռոբերտ Ֆիսկի` «Հայ հերոսը, որին Թուրքիան նախընտրում է մոռացության մատնել» խորագրով հոդվածը, որում նշված էր, որ Թուրքիայի կառավարությունը պլանավորում է 2015 թվականին նշել 1915 թվականին Գալիպոլիի ճակատամարտում (Դարդանելի օպերացիա) տարած հաղթանակի հոբելյանական 100-րդ ամյակը, սակայն նախընտրում է մոռացության մատնել Դարդանելի ճակատամարտում աչքի ընկած հայ հերոս Սարգիս Թորոսյանին: