Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ն պետք է շատ խիստ պատժի Գյումրու102-րդ ռազմաբազայի հրամանատարական կազմին

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

Հարցին՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի՝ հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար, քանի որ հանցագործության մեջ կասկածվողը ռուս զինվորական է, ով փախել էր 102-րդ ռուսական ռազմաբազայից, Գ.Համբարյանը պատասխանեց, որ տեղի ունեցածը մեր քաղաքի համար աղետ է, երկրաշարժի նման մի բան, եւ վերջին ամիսներին սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Գյումրին նման սարսափելի իրավիճակում է հայտնվում: «Առաջինն անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցած միկրոավտոբուսի վթարն էր, երբ մեր քաղաքը կորցրեց 7 մարդու, այժմ էլ 1 ընտանիքից՝ 6 մարդու: Սա շատ մեծ աղետ է»,-ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազայի կողմից ձեռնարկվող քայլերին, որ ապագայում այսպիսի բաներ այլեւս չլինեն, Գ.Համբարյանը կոչ արեց՝ մի կողմ դնել հուզական պահը: «Հակառուսականություն քարոզել ընդհանրապես պետք չէ, քանի որ ինչ էլ ուզում է լինի, այսպիսի մարդասպաններն ազգություն չունեն: Մարդասպանն ազգություն ունենալ չի կարող, նա իր բնույթով մարդ էլ չէ, այլ՝ կենդանի: Ռուսական ռազմաբազայի կողմից ձեռնարկվող քայլերը շատ կարեւոր են. եթե ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը վաղուց պատժեր իր հանցագործներին, այս աստիճանի չէինք հասնի»:

Նա շեշտեց, որ Գյումրին շատ լավ հիշում է 1999 թվականը, երբ ռուսական ռազմաբազայից մի քանի հարբած ռուս զինվորականներ կրակոցներ բացեցին քաղաքի կենտրոնում, որի հետեւանքով 1 մարդ զոհվեց, 7-ը ծանր վիրավորվեցին. «Լինելով քաղաքի բնակիչներ, ոչ մեկս չիմացանք, թե այդ հանցագործ մարդասպաններն ի՞նչ պատիժ կրեցին: Դրանից հետո ռուսական ռազմաբազայի ծառայողները եւս շոշափվել են բազմաթիվ հանցագործությունների մեջ, թե՛ վրաերթերի, թե՛ մահվան ելքով ավտոպատահարների, թե՛ իրենց անփույթ պահվածքի հետեւանքով տեղի ունեցած դժբախտ դեպքերի, երբ Վահրամաբերդում երկու մանկահասակ երեխաներ մահացան, երբ զինավարժությունից հետո ռուսները չէին հավաքել իրենց հետեւից թողած չպայթեցված ականներն ու զինվորական պարագաները»:

Հարցն այն է, որ լրատվամիջոցներով հայտնում են՝ ռուս զինվորականն այդպիսի հանցագործություն է գործել, բայց մեր քաղաքացիները երբեւէ չեն տեսնում, թե հանցագործություններ կատարած ռուս զինվորականներն ի՞նչ պատժի են արժանանում կամ ընդհանրապես պատժվու՞մ են, թե՞ ոչ:

«Իմ կարծիքով, 99,9 %-ով ռուս զինվորականները երբեւէ իրենց կոլեգաներին չեն պատժում: Զինվորական դատախազությունը նրանց կատարած հանցագործությունները ծածկադմփոց է անում, կոծկում է դեպքերը, հանցագործներին ուղարկում Ռուսաստան: Այդ դեպքում, էլ ո՞վ պետք է բողոքի: Բողոքելու դեպքում էլ, ինչպես Վահրամաբերդի զոհված երեխաների ծնողներին, ահաբեկում են: Նույնիսկ անապահով խեղճ ու կրակ ընտանիքներին նյութական փոխհատուցում չտվեցին: Եւ գործը հասավ նրան, որ այժմ էլ ռուսական ռազմաբազայի զինծառայողն այսպիսի սպանդի մեջ է կասկածվում»:

Գ.Համբարյանն այն եզրակացությանն է գալիս, որ ՌԴ ՊՆ-ն պետք է շատ խիստ պատժի Գյումրիում տեղակայված ռազմաբազայի հրամանատարական կազմին, որ իրենց զինվորականը, գիշերը ժամը 3-ին կամ 4-ին կորչում է, իսկ իրենք քաղաքով մեկ չեն հայտնում այդ մասին, որպեսզի մարդիկ գոնե տեղյակ լինեն եւ մեր տեղի ոստիկանությունը, դատախազությունը, ազգային անվտանգությունը վերահսկեն, թե ինչ է տեղի ունենում. «Եթե հանկարծ նրանք չպատժեցին, հուսով եմ, ՀՀ իշխանությունները կհասկացնեն իրենց ռուս գործընկերներին, որ իրենք թույլ չեն տա՝ մեր հայրենիքում, մենք ռուսների մոտ հյուր լինենք: Իհարկե, ես հասկանում եմ, որ ռուսական ռազմաբազայի առկայությունը մեզ համար շատ կարեւոր է եւ որ մեր անվտանգությունը նաեւ նրանց միջոցով է ապահովվում, սակայն հասցնել նրան, որ իրենք իրենց այստեղ տանտեր զգան, դա նրանց համար շատ ճոխ կլինի»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս