«Զուգահեռ կառույցը» համագործակցում է Ամերիկայում ու Եվրոպայում Թուրքիայի դեմ գործող յուրաքանչյուր լոբբիի հետ. Չավուշօղլու
Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հերթական անգամ անդրադարձել է ԱՄՆ-ում բնակվող իսլամական-հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման խնդրին և այդ պլանում հիշատակել է Հայոց ցեղասպանության 10-րդ տարելիցը:
Չավուշօղլուն հիշեցրել է, որ երբ ժամանակին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մոտ բարձրացրել է Գյուլենի արտահանձման հարցը, Օբաման հայտարարել է, որ դրա համար անհրաժեշտ է, որ լինի իրավական փաստաթուղթ:
Չավուշօղլուն ընդգծել է, որ այժմ կա այդ փաստաթուղթը (թուրքական դատարանը վճռել է հեռակա կարգով կալանքի տակ առնել Գյուլենին). «Դատարանի որոշումը հասել է Արդարդատության նախարարությանը: Հաջորդ քայլը կլինի (Ինտերպոլի) կարմիր շրջաբերականը: Գործընթացը պետք է այդպես ընթանա:
«Զուգահեռ կառույցը» (Գյուլենական շարժում) համագործակցում է Ամերիկայում ու Եվրոպայում Թուրքիայի դեմ գործունեություն ծավալած յուրաքանչյուր լոբբիի հետ: Նա այդ հարցում համագործակցում է Հայկական սփյուռքի հետ համատեղ աշխատող կոնգրեսականների հետ, նրանց նվիրատվություններ է անում, ցանկանում է, որ կայացվեն հակաթուրքական որոշումներ»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Չավուշօղլուն հայտարարել էր, թե «զուգահեռ կառույցը» անգամ Հայկական հարցում է գործում Թուրքիայի դեմ: