«Լա՛վ, կարելի՞ է այսքան ոչնչություն լինել»
Ռուսաստանի իշխանությունները տեր են կանգնում իրենց հանցագործին: Հայաստանի իշխանությունները վեց անմեղ հայերի արյունը պատրաստ են ջրով լվանալ, միայն թե ռուսները հանկարծ չկասկածեն մերոնց մահացու մեղքի՝ արժանապատվություն ունենալու մեջ: Ծաղկուն այս ընտանիքի սպանության օրը Հայաստանում սուգ չհայտարարվեց, որ ռուս պաշտոնյաները հանկարծ չմտածեն, թե Հայաստանն ինքնիշխան պետություն է, կարող է վշտանալ իր քաղաքացիների սպանությունից ու դրանով անուղղակիորեն նեղացնել ռուսներին: Ռուսաստանի իշխանությունները պատրաստ են տեր կանգնել իրենց մանկուրտին, կոծկել այս բազմաթիվ անհայտներով հանցագործությունը, իսկ Հայաստանում ամեն օր դանդաղ տանջամահ են անում արտիստ Վարդան Պետրոսյանին, իշխանությունները բարոյապես կաշկանդված չեն տարիներով բանտում փակել հորը պաշտպանած 15-ամյա Շահեն Հարությունյանին, Հայկ Կյուրեղյանի հանդեպ գործ է հարուցված, քանի որ վերջինս ունի մահացու մեղքերից առնվազն երկուսը՝ պատիվ ու արժանապատվություն: Ինչի համար նրան արժանիորեն կդատեն օրենքի ողջ խստությամբ:
Բացարձակ ադեկվատ չեն ՀՀ պաշտպանության նախարարի ու այլ պաշտոնյաների խրատները՝ «Մի՛ քաղաքականացրեք հանցագործությունը, մի դեպքով հնարավոր չէ ռուս-հայկական դարավոր բարեկամությունը ստվերել»: Այս մարդիկ ուղղակիորեն չեն պատկերացնում, որ ՀՀ քաղաքացիները թուլամիտ չեն: Բոլորս հասկանում ենք, որ հանցագործ կարող է լինել թե՛ Բրեյվիկը, թե՛ այս ռուս զինվորը, թե՛ Սյունիքի մարզպետը: Խնդիրը ռուսները չեն: Խնդիրը մե՛նք ենք, որ մեզնից ներկայացնում ենք ՈՉԻՆՉ: Այնպես, ինչպես ռուսները կամ մյուսներն են վարվում մեզ հետ, այդպես ժամանակին եվրոպացի ազնվականներն էին վարվում իրենց սպասավորների հետ. վերջիններիս աչքի առաջ անառակությամբ էին զբաղվում՝ առանց նրանց ներկայությունը նկատելու, քանի որ պարզապես մարդու տեղ չէին դնում:
Պատիվն ու արժանապատվությունը փող չէ, որ մի օր լինի, մի օր չլինի. առավոտյան չունենաք, իսկ երեկոյան արդեն գրպանում ու բանկային հաշիվներիդ նստած լինեն համապատասխան սուպերնախարարության ու ոստիկանության՝ սեփական քաղաքացիներից քերած փողերը: Եթե մարդը կամ պետությունը չունի պատիվ ու արժանապատվություն, ապա չունի անընդհատ: Պատիվն ու արժանապատվությունը չեն կարող մեկ հայտնվել, մեկ՝ անհայտանալ: Լինել, երբ խոսում ես ազգային բանակի, հայրենասիրության մասին, անհետանալ, երբ բանը հասնում է փողին և իշխանությանը: Իշխանություն պահելու գինը ողջ ժողովրդին լաքեյի տեղ դնելն է, որից չեն ամաչում, որի զգացմունքների, արժանապատվության հետ հաշվի չեն նստում:
Որովհետև, լինենք անկեղծ, այդ լաքեյները չեն վաստակել իրենց հետ հաշվի նստելու իրավունքը:
Բոդլերը մի լավ գործ ունի՝ «Ծեծենք աղքատներին» (թարգմանությունը՝ Հենրիկ Բախչինյանի): Մուրացկանը գլխարկը մեկնում է սրճարանի այցելուին՝ աղերսական հայացքով: Եվ ինչ-որ մեկն այցելուի ականջին շշնջում է. «Միայն նա է հավասար ուրիշին, ով ապացուցում է դա, և միայն նա է արժանի ազատության, ով կարող է նվաճել այն»:
Ու այցելուն նետվում է մուրացիկի վրա. բռունցքի մի հարվածով ջնջխում նրա աչքը, փշրում երկու ատամը, ապա գետնից փայտի կտոր գտնելով՝ սկսում է անվերջ հարվածել մուրացիկին: «Հանկարծ, օ՜ հրաշք, օ՜ անհուն բերկրանք». խեղված ու այլանդակված մուրացիկի աչքերում ինչ-որ կրակ է հայտնվում: Նա ողջ ուժով հարձակվում է այցելուի վրա, նրան տապալում գետնին, ջարդում նրա չորս ատամը, ջարդում կողերը…
Այցելուն ձեռքով-ոտքով մուրացիկին հասկացնում է, որ կռիվն ավարտված է, ու ասում է. «Պարո՛ն, դուք ինձ հավասար եք, պատիվ արեք կիսելու ինձ հետ իմ քսակը»:
Մենք այդ մուրացիկի չափ չկանք, կամ մեր ատամներն այնքան չեն փշրել, որ մեր հպարտությունը խոցվի: Եվ խոսքը միայն մեր, այսպես կոչված, քաղաքական էլիտայի մասին չէ:
Այդ էլիտան ինքն իրեն սպասարկել չի կարող: Նրան հարկավոր են տասնյակ-հազարավոր հնազանդ, ծառայամիտ ու վախկոտ սպասավորներ: Որպիսին դարձել ենք բոլորս՝ հանդուրժելով այս համազգային անպատվությունը՝ 21-րդ դարում ունենալ այսպիսի անպատիվ, փողի համար ամեն ինչի ունակ իշխանություն: Ու վիճակն այնքան անհույս է, որ տասնյակ-հազարավոր մարդիկ երազում են իշխանության գլխին տեսնել քաղաքակրթության հետ հեռավոր կապեր ունեցող օլիգարխի, բայց ո՛չ գործող իշխանություններին:
Ռուս հանցագործին փնտրելու և գտնելու այդ պատմությունը՝ անարժանահավատ սկզբից մինչև վերջ, նորից փաստեց մեր իրավապահների խիստ սահմանափակ, կարելի է ասել՝ կամերային, դերը՝ ծեծել ու ձերբակալել ազատամարտիկներին, քաղաքացիական ակտիվիստներին: Թույլ չտալ, որ Գյումրիում բողոքի ավտոերթ տեղի ունենա: Կամ հանրապետության ոլորաններում կանգնեցնել պատահական ավտոմեքենաներ ու վարորդներին երկիմաստ հիշեցնել, որ առջևում Նոր տարի է, և իրենք էլ են ուզում արժանապատիվ… սեղան ունենալ: Սա, ի դեպ, բարձրաստիճան բոլոր օղակներին հատուկ գործելաոճ է՝ Ամանորից առաջ ձեռքը պարզել վճարունակ տնտեսվարողներին, քաղաքացիներին…:
Գյումրեցի ընտանիքի սպանությունը, դրան հաջորդած իրադարձությունները, երբ ողջ օրը մեր իրավապահներն այդպես էլ չկարողացան կամ համարձակություն չունեցան հայտնաբերել մարդասպանին (կամ մարդասպաններին) սպանող ձևակերպումը, թե «մարդասպանին հայկական կողմին հանձնելու հարցն ընդհանրապես չի քննարկվել», ստիպում է անընդհատ տալ նույն հարցը՝ լա՛վ, մի՞թե հնարավոր է այսքան ոչնչություն լինել:
Պատասխանը գտնելու համար կարող ենք դարձյալ դիմել դասականի, այս դեպքում՝ Չեխովին: Նրա փոքրիկ պատմությունը հիշո՞ւմ եք, շատ լավ վերնագրով՝ «Размазня»: Հայերեն, թերևս՝ «Ոչնչություն»:
Սպասուհու ամսական աշխատավարձը տանտերը մտածված, ցինիկաբար կրճատում է: Սպասուհու աչքերը տանտիրոջ ամեն բառից հետո արցունքով են լցվում: Սառը քրտինքը պատում է ճակատը, երբ լսում է, թե որքան ու անարդարաբար կրճատել են իր ամսավճարը: Սակայն գրոշները գրպանը դնելով՝ մրմնջում է. «Մերսի»: Տերը բարկանում է. «Ինչի՞ համար մերսի»: «Փողի»,- շշնջում է սպասուհին: «Բայց ես ձեզ թալանեցի: Ես ձեզնից գողացա: Ինչո՞ւ մերսի: (…) Չէ՞ որ ես գումարը պակաս տվեցի: Ինչո՞ւ չեք բողոքում: Ինչո՞ւ եք լռում: Մի՞թե կարելի է այսքան ոչնչություն լինել»:
Սպասուհին թթված ժպտաց, և նրա աչքերից հնարավոր էր կարդալ. «Կարելի է»: