Օրենքի նախագիծ՝ Թուրքիային պատերազմ հայտարարելու մասին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն ԱԺ քարտուղարություն է ներկայացրել օրենքի նախագիծ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»: Օրենքի նախագիծը բավական համառոտ է, ընդամենը 4 հոդված: Առաջին հոդվածում նշվում է, որ ՀՀ-ն դատապարտում է հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը Թուրքիայի Հանրապետության կողմից: Ըստ երկրորդ հոդվածի՝ հայ ժողովուրդը ճանաչում է հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների նկատմամբ հայրենատիրության անօտարելի իրավունքը և հետամուտ է պահանջատիրության (տարածքային, նյութական և բարոյական) իրավունքի իրացմանը, իսկ երրորդ հոդվածով հայ ժողովուրդը վերահաստատում է Թուրքիայի Հանրապետության կողմից բռնազավթված հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքներում Հայկական պետականության վերականգնման իրավունքը: Չորրորդ հոդվածը տեխնիկական է. ըստ դրա՝ օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Չնայած օրենքի համառոտությանը, դրան կցված է օրենքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորող մոտ 60 էջանոց մի փաստաթուղթ, որի մի մասը կազմել է «Մոդուս վիվենդի» կազմակերպության նախագահ Արա Պապյանը: Հիմնավորումներում հայ ժողովրդի 1918-20թթ. պատմությունն է և այդ թվականների Հայաստանի Հանրապետության իշխանությունների և տարբեր ազգային պատվիրակությունների փորձերը՝ ստեղծելու միացյալ Հայաստան, որն իր մեջ պետք է միավորեր ոչ միայն Արևելյան և Արևմտյան Հայաստանները, այլ նաև Կիլիկիայի չորս սանջակներ: Թե ինչով ավարտվեցին Հայաստանի Հանրապետության այն թվականի իշխանությունների և տարբեր ազգային պատվիրակությունների հավակնությունները Թուրքիայի նկատմամբ, անհերքելի փաստ է. Թուրքիայի Հանրապետությունը պատերազմ հայտարարեց Հայաստանին: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ստիպված եղան ստորագրել Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով ՀՀ-ի ինքնիշխանությունը 60 հազար քկմ տարածքի փոխարեն՝ տարածվում էր ընդամենը 10 հազարի վրա, այն էլ՝ բացառիկ ստորացուցիչ պայմաներով:
Ինչի՞ է ուզում հասնել Զարուհի Փոստանջյանն իր այս օրենսդրական առաջարկով: Մեզ հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասում է, որ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա ծրագիր, նպատակ, թե ուր է շարժվում այդ երկիրը, ինչ խնդիրներ է դնում իր առջև և ինչպես է պատկերացնում այդ խնդիրների լուծումը: Նա ասում է, որ դա կարող է լինել Ազգային անվտանգության հայեցակարգի կամ այլ փաստաթղթի ձևով: Որպես օրինակ՝ Փոստանջյանը նշում է, որ Միացյալ Նահանգներն ամբողջ Ամերիկա մայրցամաքը հռչակել են իրենց հետաքրքրությունների գոտի, որ Չինաստանն ունի ազգային ռազմավարության հայեցակարգ, որտեղ հազար տարվա կտրվածքով են շարադրված այդ երկրի առջև կանգնած խնդիրները:
– Մի պահ պատկերացնենք, որ այս օրենքն ընդունվում է, դա նշանակում է, որ Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի այս օրենքի դրույթների իրականացման ուղղությամբ, պետք է քայլեր ձեռնարկի Թուրքիայի ինքնիշխանության տակ գտնվող հայկական տարածքների վրա Հայկական պետականություն ստեղծելու ուղղությամբ, ինչը նշանակում է՝ պատերազմի հայտարարում Թուրքիային: Դուք դա՞ եք ուզում:
– Այս պահի դրությամբ էլ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, և Թուրքիան Հայաստանին թշնամի պետություն է:
– Թշնամի, բայց ոչ պատերազմող:
– Թուրքիան շրջափակել է Հայաստանի հետ սահմանը, որը պատերազմական գործողության տարրերից մեկն է:
– Ընդունել նման օրենք, նշանակում է՝ պետականորեն չճանաչել Ձեր կողմից նշված սահմանները:
– Այո, այդ սահմաններն անօրինական են, դրանք գծվել են Ղարսի և Մոսկվայի անօրինական պայմանագրերով և դրանք պետք է վերանայվեն:
– Այսինքն՝ Դուք առաջարկում եք ընդունել օրենք Թուրքիայի հետ պատերազմ սկսելու մասի՞ն:
– Ես չեմ կարծում, որ այս օրենքի ընդունումից հետո Թուրքիայի հետ ռազմական գործողություններ կսկսվեն, ինչպես որ, եթե մեր Ազգային ժողովն օրենք ընդուներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին, դա չէր նշանակի, որ պետք է պատերազմ սկսվեր Ադրբեջանի հետ:
– Եթե ոչ՝ պատերազմով, ապա ուրիշ ի՞նչ կերպ պետք է իրականացվեն Ձեր գրած օրենքի հոդվածները:
– Աշխարհը փոխվում է, և անընդհատ տեղի են ունենում աշխարհաքաղաքական փոփոխություններ, և մենք պետք է մեր ժողովրդին պատրաստենք այդ փոփոխություններին: Օրինակ, երբ Պուտինն ու Էրդողանը հանդիպեցին, համաշխարհային մամուլը գրեց. «Ցարը և սուլթանը հանդիպեցին»: Երբեք Թուրքիայի և Արևմուտքի հարաբերություններն այսքան լարված չեն եղել, որքան այժմ, և մենք պետք է պատրաստ լինենք այդ կոնֆրոնտացիայի խորացմանը:
– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Թուրքիայի և Արևմուտքի հակամարտության արդյունքում հնարավոր է հե՞տ վերադարձնել Արևմտյան Հայաստանի տարածքները, մնում է միայն դրա մասին օրե՞նք ընդունել:
– Ես համարում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք օգտագործելու ցանկացած հնարավորություն. պետք է դիմել միջազգային դատարաններ, պետք է օգտագործել քաղաքական լծակները: Մենք 100 տարի առաջ հայրենիք ենք կորցրել և պետք է հայտարարենք, որ մենք պատրաստվում ենք հետ վերադարձնել մեր կորցրած հայրենիքը, մենք պետք է հայտարարենք այդ հայրենիքի նկատմամբ մեր իրավունքների մասին: