Մոսկվան չի էլ նկատում ԼՂ հակամարտության գոտում առաջացած լարվածությունը. Ֆելգենգաուեր

168.am-ի զրուցակիցն է ռուսաստանցի հեղինակավոր ռազմական փորձագետ, վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը:

– Պարոն Ֆելգենգաուեր, հունվարի 2-ից Հայաստանը  համարվում է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, ինչը ենթադրաբար պետք է Հայաստանի թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքական կյանքը կայունացնող գործոն հանդիսանար, այնինչ մենք ականատեսն ենք ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման՝ սկսած նախորդ տարվա հուլիս-օգոստոս ամիսներից: Ըստ Ձեզ` ինչո՞ւ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին սրեց իրավիճակը՝ ԼՂ հակամարտության գոտում լարվածությունը լիցքաթափելու փոխարեն:

– Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հակամարտող կողմերի միջև փոխհրաձգություն եղել է միշտ, լարվածությունն ավելի  սրվել է վերջին ժամանակաշրջանում: Սակայն, իմ համոզմամբ, ներկայիս լարվածությունը չի վերաճի լայնածավալ ռազմական գործողությունների, ապա՝ պատերազմի: Վերջին ամիսներին, իհարկե, փոխվել է իրավիճակն այս գոտում, բայց Մոսկվայում որևէ մեկը դա լրջորեն չի նկատում: Մոսկվայում պաշտոնյաները և բոլորը տարված են տնտեսական խնդիրներով, դոլարի փոխարժեքի տատանումներով, ուկրաինական ճգնաժամով, Արևմուտքի հետ հակամարտությամբ, Հայաստանի և ԼՂ-ի ուղղությամբ որևէ մեկը լրջորեն չի էլ մտածում,  թեև  կան փորձագետեր, որոնք հետևում են իրավիճակին մանրամասնորեն, բայց որոշում կայացնողներն իրավիճակը դեռ չեն նկատում:

– Դուք նախկինում նշում էիք, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ այս տարածաշրջանում իրավիճակի սրմամբ, ուստի  բացառել էիք հնարավորությունը, թե իրավիճակի սրումը հրահրված է Մոսկվայի կողմից: Մի շարք փորձագետների համոզմամբ` Ադրբեջանն օգտագործում է Մոսկվայի զբաղվածությունը Ձեր նշած խնդիրներով՝  ԼՂ հակամարտության բանակցային սեղանին  առավելություն ստանալու նպատակով: Ձեր կարծիքով` ի՞նչն է լարվածության պատճառը:

– Ինչ-որ առումով միգուցե Ադրբեջանն օգտագործում է իրավիճակը: Բայց կրկնում եմ՝ անհասկանալի  իրավիճակ չկա: Հակամարտության գոյության առաջին իսկ օրվանից կողմերի միջև եղել է  փոխհրաձգություն, ինչը  շարունակվում է նաև այսօր, նախորդ տարվա  օգոստոս ամսին կամ նախորդ տարվա վերջին, երբ ադրբեջանական զինուժը հայկական ուղղաթիռ ոչնչացրեց:  Սա մի մշտական իրավիճակ է, զինծառայողներ են սպանվում, դիվերսիոն գործողություններ կազմակերպվում: Բայց առավել լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման միտումներ դեռ տեսանելի չեն: Թեև սա պարզապես նախկին տրամաբանության շարունակությունն է, լարվածության նպատակամղված հրահրում որևէ հակամարտող կողմի մոտ չեմ տեսնում: Իսկ Մոսկվայի բարձր ղեկավարությունը դրանով ընդհանրապես չի զբաղվում, նրանց չեն զեկուցում, որովհետև նրանք պետք է լուծեն այլ խնդիրներ. ինչպես փրկել երկիրը: Երբ ԼՂ հակամարտության գոտում  սկսեն իսկապես կրակել, միգուցե Ռուսաստանը սկսի դա նկատել: Տեղական խաղացողների ձեռքերը կապված են, Իսկ Ռուսաստանը ներկայումս չի զբաղվում դրանով, Արևմուտքը ևս: Ղարաբաղյան ճակատը որևէ մեկին այսօր լրջորեն չի անհանգստացնում:

– Պարոն Ֆելգենգաուեր, որտե՞ղ են այն անվտանգության երաշխիքները, որոնք, ինչպես ընդունված է համարել, տրամադրում է Ռուսաստանը, ե՞րբ են դրանք ուժի մեջ մտնելու, ի՞նչ պարտավորություններ ունի Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում: Եթե լինեն ռազմական գործողություններ, ինչի մասին Դուք խոսեցիք, Ռուսաստանը կմիջամտի՞, թե՞ ոչ:

– Ղարաբաղում և ԼՂ հակամարտության շուրջ Ռուսաստանը չունի որևէ պարտավորություն: Մենք ունենք պարտավորություններ միայն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում: ՀԱՊԿ-ի շրջանակում մենք ունենք պարտավորություններ, ունենք զորքեր Հայաստանում: Եթե Ղարաբաղում սկսվի լայնամասշտաբ հակամարտություն, Ռուսաստանը, այսպես թե այնպես, կներքաշվի այդ պատերազմում, իսկ թե որքանով՝ կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակն այդ գոտում: Բայց ինչ-ինչ անհապաղ պարտավորություններ Ղարաբաղում Ռուսաստանը չունի: Մենք ճանաչում ենք  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը:

– Հայաստանյան պաշտոնյաները, արդարացնելով ՀՀ իշխանությունների որոշումը՝ միանալ եվրասիական ինտեգրացիոն նախագծերին, պնդում էին, որ Հայաստանն այդ որոշմամբ ամրապնդում է իր անվտանգությունը, որի արդյունքում Հայաստանը ԵՏՄ կազմում առավել անվտանգ է լինելու: Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը փաստորեն չի՞ ունեցել որևէ ազդեցություն  Հայաստանի անվտանգության հարցում:

– Այո, սկզբունքորեն Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը ոչինչ չի փոխել: Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանին պաշտպանելու պարտավորություն ունի, իսկ Ադրբեջանի հետ հակամարտությունում Հայաստանը պետք է հաղթահարի խնդիրներն ինքնուրույն:

Թուրքիայի առնչությամբ կան պարտավորություններ, Ռուսաստանն ունի զորքեր Հայաստանում, թեև փոքրաթիվ, բայց այնուամենայնիվ՝ որոշակի ուժի տիրապետող: Անվտանգության երաշխիքն ուժի մեջ կմտնի, երբ թուրքական ներխուժում տեղի ունենա թուրքական կողմից:

– Ձեր վստահեցմամբ, ռուս-թուրքական մերձեցման ներկայիս պայմաններում Ռուսաստանի այդ երաշխիքներն ունե՞ն ուժ:

– Թերևս Մոսկվայում և Անկարայում այսօր չեն էլ մտածում այդ մասին: Ռուսաստանի համար այսօր շատ ավելի կարևոր են Թուրքիայի հետ հարաբերությունները: Հայաստանը ճիշտ քայլի դիմեց՝ միանալով Եվրասիական հանրությանը, սակայն Թուրքիան իր հերթին՝ չաջակցեց Արևմուտքի պատժամիջոցներին՝ ընդդեմ Ռուսաստանի, ուստի Ռուսաստանի համար Թուրքիայի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են: Ռուսաստանը չի դիմի որևէ քայլի, որը կտխրեցնի թուրքերին:

– Պարոն Ֆելգենգաուեր, Հայաստանը ԵՏՄ կազմում է, բայց Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հարցը մնում է օդում կախված, այս առնչությամբ չկան պաշտոնական պարզաբանումներ: Ի՞նչ պետք է ակնկալել:

– Եթե Հայաստանը միանում է մաքսային միության, ապա այդպես պետք  է լինի, քանի որ դա ենթադրում է միասնական մաքսային տարածք: Բայց այդ հարցը ռուսական կողմն ակտիվ առաջ չի մղելու: Թեև անհնար է նաև պատկերացնել, որ Իրանից ապրանքներն առանց մաքսազերծման հայտնվեն Ռուսաստանում: Ես կարծում եմ, որ այստեղ դեռ անելիք կա, ու կշարունակվեն բանակցությունները: Դա հրատապ հարց չէ, բայց կկարգավորվի և կտեղակայվի, ամենայն հավանականությամբ, մաքսակետ:

Տեսանյութեր

Լրահոս