Արդյոք Բաքուն կհաղթահարի՞ նավթի գնանկման խնդիրը. EurasiaNet
EurasiaNet.org կայքում հրապարակվել է «Ադրբեջան. արդյոք Բաքուն կհաղթահարի՞ նավթի գնանկման խնդիրը» խորագրով հոդվածը, որում նշված է.
«Կառավարամետ Trend լրատվական կայքում ոչ վաղ անցյալում հայտնվեց այսպիսի վերնագիր` «Ադրբեջանին չի վախեցնում մեկ բարել նավթի համար 60 դոլար գինը»: Սակայն, հաշվի առնելով, որ Brent տեսակի մեկ բարել նավթի գինը տատանվում է 60 դոլարի շուրջ, հնարավոր է, որ կան պատճառներ` մտավախություն ունենալու համար:
Ադրբեջանի բյուջեն կազմված է մեկ բարել նավթի համար 90 դոլար գնի հաշվարկի հիման վրա (մինչև նավթի գնանկումը պլանավորված էր Ադրբեջանի հաջորդ տարվա պետբյուջեն կազմել մեկ բարել նավթի համար 100 դոլար հաշվարկի հիման վրա- 168.am):
Վերլուծաբանները նշում են, որ պետբյուջեի մտո 53,5 %-ն ապահովվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) միջոցների հաշվին, որոնք գոյանում են հանրապետության նավթային նախագծերից, իսկ ևս 20%-ը կազմում են նավթային ոլորտում գործունեություն ծավալած ընկերություններից ստացվող հարկային եկամուտները:
Ադրբեջանի էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Նատիգ Ալիևը դեկտեմբերի 17-ին Trend-ի հետ զրույցում հայտարարեց, որ եթե իրենք հայացք նետեն վերջին քսան տարիների վրա, ապա կտեսնեն, որ նավթի գները մշտապես ենթարկվել են փոփոխության:
Եվ այնուամենայնիվ, երկրի նախագահ Իլհամ Ալիևն ընթացիկ ամսում ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ խոստովանեց, որ նավթի գնանկումը կարող է բացասաբար անդրադառնալ կառավարության բյուջետային պլանների վրա:
2015 թվականի բյուջեի մեկ երրորդը հատկացվել է ներդրումային նախագծերին, ընդ որում, տնտեսագետների հաշվարկներով, այդ նախագծերին հատկացված միջոցների քսան տոկոսը նախատեսված է նախագահի սիրելի նախագծի` Եվրոպական Օլիմպիական խաղերի համար, որոնք Բաքվում պետք է անցկացվեն 2015 թվականի մայիսին:
Դեռ որևէ բան չի վկայում այն մասին, որ իշխանությունները կարող են կրճատել այդ խաղերի ֆինանսավորումը, սակայն նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում կարող են կրճատվել ենթակառուցվածքային նախագծերի հատկացումները: Նա մանրամասներ չի հաղորդել:
«Տնտեսական ֆորում» վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիր Սամիր Ալիևը հայտարարել է, որ շինարարական ոլորտը տնտեսական ակտվության մակարդակով երկրորդն է երկրում` զիջելով միայն նավթային ոլորտին. 2013 թվականին երկրի ՀՆԱ-ում (73,56 միլիարդ դոլար) շինարարական ոլորտի բաժնեմասը հասել է 12 տոկոսի:
Նախագահ Իլհամ Ալիևի կանխատեսմամբ` եթե նավթի գինը չնվազի 60 դոլարից, ապա չեն լինի տնտեսական հետևանքներ: Նրա տվյալ հայտարարությունից հետո նավթի գինը նվազել է այդ մակարդակից, սակայն հետագայում վերստին բարձրացել է:
Բարդ է ասել, թե ինչպիսին կլինեն «սև ոսկու» գներն առաջիկա շաբաթներին, սակայն վստահորեն կարելի է ասել, որ Ադրբեջանի կառավարությունը չի ունենա ավելորդ գումարներ:
SOCAR-ի հասարակական կապերի հետ բաժնի ղեկավար Ջամալ Ալիևը հայտարարել է, որ նավթի համաշխարհային գնանկման պատճառով 2015 թվականին SOCAR-ի բյուջեում կարող է առաջանալ դեֆիցիտ: Սակայն նա կոնկրետ թվեր չի ներկայացրել:
Նատիգ Ալիևի նման նա ևս կարծում է, որ նավթի գնանկումը չի լինի երկարաժամկետ, և անհրաժեշտության դեպքում SOCAR-ը կարող է օգտվել իր պաշարներից` կարճաժամկետ հեռանկարում ծածկելու համար եկամուտների ու ծախսերի միջև տարբերությունը:
Սակայն SOCAR-ը միակը չէ, որի վրա կարող է ազդել նավթի գնանկումը: Սամիր Ալիևը պնդում է, որ նավթի գնանկումն արդեն իսկ հարվածել է Կենտրոնական բանկի ռեզերվներին:
Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի հաղորդմամբ` մայիս-նոյեմբեր ամիսներին ռեզերվների մակարդակը կրճատվել է միայն աննշան չափով (15 միլիարդ դոլարից մինչև 14,99 միլիարդ դոլարի): Տվյալ հոդվածի հրապարակման պահին բանկը չի պատասխանել իրավիճակը մեկնաբանելու մասին EurasiaNet.org-ի խնդրանքին:
Կառավարության քննադատները հայտարարում են, որ կառավարությունը երկիրը վատ է պատրաստել բարդ ժամանակներին: REAL ընդդիմադիր շարժման գործադիր քարտուղար, տնտեսագետ Նատիգ Ջաֆարլին հայտարարել է. «Նրանք պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ, դիվերսիֆիկացնեն բյուջեի եկամուտների աղբյուրները, նպաստեն փոքր և միջին բիզնեսի զարգացմանը»»: