2015թ. եռյակը շարունակելու է պայքարը. «Հրաժարվել պայքարից, նշանակում է՝ հետ գնալ, իսկ մենք չենք ուզում հետ գնալ»

«2014 թվականը հիմնականում բաց թողնված երևույթների տարի եմ համարում՝ տնտեսական, սոցիալական և այն առումով, որ քաղաքականության վետորը չգնաց այն ուղղությամբ, ինչ ցանկալի էր: Նախևառաջ՝ դա վերաբերում է ներդրումների պաշտպանությանը, ազգային քաղաքականությանը, արտահանման խթանմանը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով 2014 թվականին Հայաստանի ունեցած ձեռքբերումների և կորուստների մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելը այլընտրանք չունենալու արդյունք էր, չնայած նշեց, որ ինքը կողմ է քվեարկել: Ըստ նրա՝ 2014 թվականի վերջին տնտեսական աժիոտաժը նաև քաղաքական սխալների հետևանքն է, որովհետև «պետությունը կորցրել է իմունիտետը». «Օրենսդրական աշխատանքի առումով՝ կոնկրետ ինձ համար, արգասաբեր եմ համարում, որովհետև Արդյունաբերության քաղաքականության մասին Մայր օրենքն ընդունվեց, որին հետևելու է արդյունաբերության պետական ծրագիրը, արդյունաբերական գոտիները, մարզերում համապատասխան ֆինանսական միջոցների տեղակայումը»:

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ քաղաքական առումով ոչ իշխանական ուժերի համար հաջողված տարի էր, որովհետև կարողացան ձևակերպել միասնական քաղաքական օրակարգ և համախմբել խորհրդարանական և ոչ խորհրդարանական ոչ իշխանական ուժերին, կասեցնել Սահմանադրության հայեցակարգի ստորագրումը:

Մ.Մելքումյանը կարծում է՝ ԵՏՄ-ի անդամ դառնալով՝ մենք կարող ենք օգտվել դրանից, եթե վարենք ճիշտ քաղաքականություն. «Այսինքն՝ ավելի դիվերսիֆիկացնենք մեր արտահանումը և դառնանք տարանցիկ երկիր: Ինչքանո՞վ կհաջողվի, չեմ կարող ասել»:

ԲՀԿ-ական պատգամավորը ԵՏՄ-ին միանալը համարում է խոշոր շուկային կամ ուժեղներին միանալ, բայց ոչ գրագետ քաղաքականություն վարելու արդյունքում՝ կարող է էֆեկտիվ չլինել:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մեզ հետ զրույցում խոսելով ԵՏՄ-ի 2015 թվականին շրջելի լինելու հավանականության մասին, նշել էր, որ իրավիճակի փոփոխության արդյունքում՝ արտահերթ ընտրությունների պարագայում, երևի թե, այլ իրավիճակ կլինի. «Եվ կկարողանանք փոխշահավետ համագործակցություն ունենալ Ռուսաստանի հետ, այլ ոչ թե նմանատիպ տնտեսական իրավիճակում հայտնվենք»:

Մենք ԲՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցինք՝ արդյոք ինքն է՞լ է կիսում Ա. Մարտիրոսյանի այս տեսակետը: Մ. Մելքումյանը նշեց, որ ինքն այդպես չի մտածում. «Կարծում եմ՝ ԵՏՄ-ն ինչ կա, այն էլ լինելու է: Այնպես որ, մեր քաղաքական ուժը կողմ է, որ ԵՏՄ-ում մենք գնացել ենք այն ուղղությամբ, ինչ որ պետք է գնայինք՝ առաջնային դնելով մեր անվտանգության հարցը»:

Մեր հարցին՝ 2015 թվականին ոչ իշխանական եռյակը կշարունակի՞ պայքարը, Մ.Մելքումյանն այսպես արձագանքեց.

«Բա ի՞նչ պետք է անի, այսինքն՝ դուք ի նկատի ունեք՝ կարող է հե՞տ գնալ, իհարկե կշարունակվի, միանշանակ, մենք այլընտրանք չունենք, քան առաջ շարժվել: Իսկ հրաժարվել պայքարից, նշանակում է՝ հետ գնալ, մենք հետ չենք ուզում գնալ»:
Հարցին էլ՝ 2015 թվականին իշխանափոխությունը հնարավոր համարո՞ւմ եք, ԲՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց.

«Ամեն ինչ էլ հնարավոր ենք համարում, մեր քաղաքական օրակարգն է՝ Սահմանադրության կասեցում, 12 կետեր, Ընտրական օրենսգրքի փոփոխություն, արտահերթ ընտրություններ: Ես պատկերացնում եմ, որ այս ամեն ինչի մեծ մասը պետք է իրականություն դառնա»:

Տեսանյութեր

Լրահոս