Բաժիններ՝

Մշակույթի նախարարը՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախարարության այս տարի կատարած աշխատանքների մեջ առանցքային է համարում Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքները: Այսօր՝ տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ նախարարը նշեց, որ կարևոր էր հասկանալ, թե մենք ինչ ենք ուզում ասել այդ տարվա մեջ.

«Այդ ասելիքը պետք է ուղղված լինի և՛ մեզ, և՛, անշո՛ւշտ, ամբողջ աշխարհին: Ինձ համար շատ կարևոր է, թե մենք ինքներս մեզ ինչ պետք է ասենք, իսկ մենք մեզ պետք է ասենք, նորից պատմենք մեր 100 տարվա պատմությունը, որը մենք ապրեցինք Ցեղասպանությունից հետո: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք այդ պատմությունը ճիշտ վերարտադրել, որպեսզի մեր ինքնագնահատականը, մեր  հպարտությունը, մեր համոզվածությունը մեր ապագայի մեջ ավելի ամրապնդվի»:

Նախարարը տեղեկացրեց, որ Մշակույթի նախարարությունը՝ Պատմության թանգարանի, Պետական արխիվի, Պատմության ինստիտուտի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ, նախաձեռնել է մի ցուցահանդես, որը հենց նվիրված է լինելու Ցեղասպանության պատմությանը և վերլուծությանը. «Կարծում եմ՝ Մշակույթի նախարարության ամենակարևոր ցուցահանդեսը լինելու է այդ ցուցահանդեսը, որը բացվելու է ապրիլ ամսին՝ Պատմության թանգարանում»:

Ըստ նախարարի՝ շատ կարևոր է, որպեսզի հասարակական, մտավորական զանգվածը «Քեզ հետ, Հայաստան» խորագրով ծրագրեր իրականացնի. «Երկրորդը՝ համերգներն են տարբեր ձևաչափերով, որոնց խորհրդանիշը հենց կոչվում է՝ «Քեզ հետ, Հայաստան»: Երրորդ հատվածը վերաբերում է այն միջազգային բոլոր հարթակներին, որտեղ մենք ներկայանալու ենք Ցեղասպանության թեման արծարծող ծրագրերով՝ մասնավորապես՝ Վենետիկի բիենալե, Պեկինի միջազգային բիենալե, Կվադրինալե՝ Պրահայի թատերական փառատոնը, բոլոր  գրքի տոնավաճառները»:

Հ. Պողոսյանը նշեց, որ այդ գործընթացը սկսվել է դեռ 2014 թվականին, և հաջողված օրինակ արդեն կա. «Օրինակ, Ֆրանկֆուրտի տոնավաճառը, երբ բացառապես հրավիրեցինք մտավորականներ արտերկրներից՝ օտարազգի, որոնք ներկայացնում էին մեր գրականությունը, և դրանք նաև թուրք մտավորականներ էին, հատուկ կլոր սեղան նվիրվեց Ցեղասպանության թեմային՝ գրականության մեջ, և կարծում եմ՝ հենց այդ տրամաբանության մեջ է, որ մենք պետք է շարունակենք մեր աշխատանքները 2015 թվականին»:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ «Ոսկե Ծիրան» փառատոնի մասնակցությամբ տարբեր երկրներում լինելու են Ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի դիտումներ՝ կինոթատրոններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս