Դժվար է բառերով նկարագրել Ադրբեջանում իրականացվող բռնությունների մասշտաբը. RWB

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը դարձավ ԶԼՄ-ների բազմակարծության վերացմանն ուղղված կառավարական կամպանիայի վերջին զոհը: Այս մասին նշված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տարածած հայտարարությունում` կապված երեկ Բաքվում ռադիոկայանի գրասենյակի փակման հետ:

Գրասենյակում իրականացված խուզարկության ժամանակ կոտրել են սեյֆը, առգրավել են փաստաթղթեր, նոթբուքներ, ռադիոկայանի գլխավոր սերվերը, հիշողության քարտեր և այլ սարքավորումներ:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչ Յոհան Բիրը հայտարարել է, որ դժվար է բառերով նկարագրել Ադրբեջանում իրականացվող բռնությունների մասշտաբը. «Իլհամ Ալիևի կառավարությունը մեթոդաբար, հերթով ոչնչացնում է յուրաքանչյուր անկախ ԶԼՄ: Միջազգային կառույցներն ու Ադրբեջանի օտար գործընկերները պետք է վճռականորեն պատասխանեն այդ ապօրինությանը»:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տնօրեն Քենան Ալիևը վստայ է, որ իշխանությունների գործողությունները միտված են ռադիոկայանի գործունեության արգելափակմանն ու նրա աշխատակիցներին ահաբեկելուն: Ներկայումս Ադրբեջանի բանտերում գտնվում է առնվազն 15 լրագրող ու բլոգեր, ինչը նրան վերածում է Եվրոպայում լրագրողների ամենամեծ բանտի:

Տեսանյութեր

Լրահոս