Ո՞վ էր «խոզային մանիպուլյացիայի» հեղինակը
Օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին, թե մայրաքաղաքի շուկաներից երկուսում սատկած խոզի միս է վաճառքի հանվել: Հետո պաշտոնապես հաստատվեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները, Ոստիկանության հետ համատեղ, շուկայից դուրս են բերել ոչ պիտանի միսն ու կապարակնքել: Նախօրեին էլ այդ լուրը հաստատեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ խոստովանելով, որ օրենքը հաճախ են շրջանցում: «Մսամթերքը ստուգում են, թույլատրում են վաճառքի, բայց դուք գիտեք, որ մեր երկրում որոշ տեղեր վաճառողներն էդ կարգը խախտում են»,- ասել էր նախարարը:
Միևնույն ժամանակ, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ սատկած խոզերը պատկանում են ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին:
Մեր տեղեկություններով, սակայն, խոզերի հետ կապված իրական պատմությունն այլ ենթատեքստ ունի։ Այո, Լևոն Սարգսյանի կողմից ներկրված խոզերից մի քանիսը սատկել են՝ զուտ տեղափոխման հետ կապված տեխնիկական պատճառներով։ Սատկած խոզերը, սակայն, վաճառակետերում չեն հայտնվել, դրանք ինչպես կարգն է՝ հուղարկավորվել են։
Այլ հարց է, թե ո՞ւմ էր ձեռնտու այս աղմուկը և այս պատմությունն Ալրաղացի Լյովիկի հետ կապելը։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ դա կարող է ձեռնտու լինել միայն մրցակիցներին, ովքեր նույնպես խոզ են վաճառում։ 168.am-ի տեղեկություններով՝ այս շուկայում բավականին լուրջ կշիռ ունի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, ով համատեղ սեփականության կարգով խոզաբուծարաններ ունի ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ։ Իսկ մրցակցին չեզոքացնելու համար բավական է ընդամենը մի այսպիսի «տեղեկություն» բաց թողնել լրատվական դաշտ։
Հիշեցնենք նաև, որ Վահան Կարապետյանին պատկանող խոզերն այս տարի անկել էին։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ սատկել էր մոտ 20 000 խոզ։