Մասնագետը՝ քաղցկեղի առաջացման պատճառների, ժողովրդական բուժման մեթոդների և հիվանդության կանխարգելման մասին
Քաղցկեղը էպիթելային հյուսվածքից ծագող չարորակ ուռուցք է, որին բնորոշ է բջիջների ինքնավար և անվերադարձ աճը։ Սա, թերևս, հիվանդության գիտական ու բժշկական մեկնաբանությունն է, սակայն մարդկանց աչքում սա մի հիվանդություն է, որի բուժումն առ այսօր անհայտ է բժշկությանը: Քաղցկեղի առաջացման պատճառների, ժողովրդական բուժման մեթոդների և հիվանդության կանխարգելման մասին Life.panorama.am-ը զրուցեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանի հետ:
-Տիկին Հակոբյան, որո՞նք են քաղցկեղի առաջացման հիմնական պատճառները:
-Եթե բժշկագիտությանը հայտնի լինեին պատճառները, հայտնի կդառնային նաև բուժման մեթոդները: Սրա հետ մեկտեղ կան գործոններ, որոնք այս կամ այն կերպ ազդում են քաղցկեղի ձևավորման գործընթացի վրա: Առաջին գործոնը, որը կախված չէ մեզանից, դա ժառանգական ֆակտորն է: Եթե ընտանիքում կան կամ եղել են այս հիվանդությունը կրող մարդիկ, ապա ընտանիքի մյուս անդամները պետք է ավելի ուշադիր լինեն, հաճախակի դիմեն բժշկի ստուգումների համար: Ես հաճախ են ասում, որ բժշկին պետք է դիմել այն դեպքում, երբ դու քեզ ամբողջովին առողջ ես զգում: Սրա հետ մեկտեղ սակայն կան գործոններ, որոնք կախված են մեզանից: Դա չծխելն է, չխմելը, առողջ ապրելակերպը, ժամանակին ամուսնանալը, ծննդաբերելը, կրծքով կերակրելը:
-Քաղցկեղի ո՞ր տեսակներն են ավելի շատ տարածված:
-Ամենաշատ տարածվածները հատկապես կանանց օնկոլոգիական հիվանդությունների մեջ դա կանանց կրծքագեղձի և արգանդի պարանոցի քաղցկեղն է: Նշանակություն չունի, թե մարդն ինչ ընտանիքից է, ինչ աշխատանքով է զբաղվում: Սրանք գործոններ են, որոնք նշանակություն չունեն այս հիվանդության վրա: Այս պարագայում մարդը պետք է ուղղակի այցելի բժշկի և փորձի կանխարգելել հիվանդության զարգացումը:
-Եթե համեմատելու լինեք նախորդ տարիների հետ, ապա նկատում ե՞ք հիվանդների թվի աճ:
-Մենք աշխատում ենք արդեն 17 տարի: Սա բավականին երկար ժամանակ է կայանալու համար: Հանրապետությունում այսօր ախտորոշումներից կեսից ավելին դրվում է մեր կենտրոնում: Մեր բժիշկները կատարում են թիմային աշխատանք, ինչն ինձ համար շատ կարևոր է: 17 տարիների ընթացքում մենք փրկել ենք 5000 կնոջ կյանք: Սա փոքր թիվ չէ: Իհարկե այցելուները շատ են, բայց շատերն ուղղակի գալիս են պրոֆիլակտիկ ստուգումների համոզվելու համար, որ խնդիրներ չունեն:
-Անդրադառնալով բուժման կամ ինչպես ինքներդ եք նշում կանխարգելման մեթոդներին արդյո՞ք Հայաստանի բուժհիմնարկները համապատասխանում են միջազգային չափանիշներին:
-Տարբեր կլինիկաներում կան տեղադրված մամոգրաֆներ, որոնց վրա աշխատում է մեկ բժիշկ: Սակայն մեր կենտրոնում տեղադրված գերժամանակակից սարքավորումները, որոնք իրենցից ներկայացնում են եռաչափ, թվայնացված և շերտագրմամբ մամոգրաֆներ, միակն են հանրապետությունում: Մեկ հիվանդի հետազոտությամբ զբաղվում է 4-5 բժիշկ, իսկ սա նշանակում է, որ սխալվելու հավանականությունը գրեթե անհնար է: Ես շատ շնորհակալ եմ իմ աշխատակազմին նվիրված աշխատանքի համար:
-Իսկ ի՞նչ կասեք գնային քաղաքականության մասին:
– Տարվա մեջ մեկ անգամ 20000 դրամ տրամադրել պրոֆիլակտիկ ստուգման համար, կարծում եմ շատ չէ: Մեր երկրում կանանց մոտ 95 տոկոսն այցելում է վարսահարդարի մոտ, հագուստներ և կոսմետիկ միջոցներ է գնում: Ես կցանկանայի, որ բժշկի այցելելը ևս կանանց մոտ դառնա սովորույթ: Շատ դեպքերում մարդիկ ուղղակի վախենում են բժշկի դիմելուց, քանի որ չգիտեն, թե ինչ պատասխան կլսեն: Այս դեպքում պատճառաբանում են, որ գումար չունեն: Մենք ընդառաջում ենք անվճարունակ մարդկանց: Հաշմանդամության կարգ ունեցող մեր հիվանդներն արդեն 17 տարի է առանց պետպատվերի հետազոտվում են մեր կենտրոնում: Առանց պետական աջակցության իրոք դժվար է, սակայն փորձում ենք ընդառաջել բոլորին:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: