Բաժիններ՝

Ըստ գործատուների միության նախագահի` տարին հետաքրքիր էր

«Գործարարների համար տարին շատ հետաքրքիր էր, բազմազան էր տեղեկատվության տարատեսակությամբ, խոսում էին Մաքսային միության պահանջների մասին, թե որ ապրանքները կթանկանան, որոնք՝ ոչ, նաև խոսվում էր, որ Եվրամիության հետ աշխատանքները կշարունակվեն: Հետո ի հայտ եկավ ռուբլու պատմությունը, որն այնքան էլ անսպասելի չէր, պետք էր ենթադրել, և երբ ՌԴ-ում սկսվեց, պետք էր ժամանակին հետևանքները ճիշտ գնահատել: Ընդհանուր առմամբ, գործարարությունն ամբողջ տարին եղել է տարբեր տեղեկատվությունների ազդեցության ներքո` մխիթարական կամ ոչ մխիթարական լուրեր, անսպասելի վիճակներ են առաջացել: Այդ առումով տարին հետաքրքիր էր»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Ըստ նրա` դրամի փոխարժեքի տատանումների հետ կապված որոշ ընկերություններ բավականին հաջողությամբ մանևրեցին, ու փոփոխությունները մեծ ազդեցություն չթողեցին նրանց վրա: Սակայն, Գ.Մակարյանի կարծիքով, այս տարվա արտարժույթի փոխարժեքի փոփոխությունների ազդեցությունը կզգացվի 2015-ին: Նա նշեց, որ շատ ընկերություններ զգալի միջոցներ են կորցրել, շատերը դադարեցրել կամ նվազեցրել են իրենց արտահանման ծավալները, մի մասը գները նույնն է թողել, որովհետև ռուսական կողմը չի համաձայնում բարձրացնել գները, իսկ որոշ ընկերություններ էլ շուկան չկորցնելու համար 0 շահույթով կամ վնասով են աշխատում, ոմանք էլ ապառիկ են մատակարարում ապրանքը. «Մեր շուկան այնքան քաոտիկ է, որ այդ իրավիճակում շատ ռիսկային է, հանկարծ շուկան չկորցնեն, որովհետև անմիջապես մի ուրիշը կարող է տեղը գրավել: Արդյունքում` արտահանողների պոտենցիալը թուլացավ, ու հետագայում շարունակելու առումով ռիսկայնություն կարող է տեսնեն»:

Գ.Մակարյանը նշեց, որ ներմուծողները գները բարձրացրին, կամ դեռ էլի կթանկացնեն, որովհետև փոխարժեքը կրկին կարող է փոխվել, իսկ ՌԴ-ն էլ չի ասում, թե ինչքան կտևի այս անկայուն վիճակը: Միության նախագահի կանխատեսմամբ` լավագույն դեպքում 1 դոլարը կարող է արժենալ ռուսական 40 ռուբլի, որի դեպքում հայկական դրամի փոխարժեքը կդառնա՝ 440, լավագույն դեպքում` 430 դրամ, որն արդեն նախկինի համեմատ փոփոխված է 20-30 դրամով. «Նաև տրանսֆերտների հետ կապված` շատերը տուժեցին, որ ռուբլի էին բերել ՌԴ-ից: Շատերն էլ խուճապի ազդեցությամբ դոլար գնեցին ու այժմ վաճառքի ժամանակ են տուժում»: «Այսպիսի դժվար ցուցանիշներով մենք մտնում ենք ԵՏՄ, որի հիմնական դերակատարը Ռուսաստանն է, և, թե ինչ է մեզ սպասվում, կախված է ՌԴ տնտեսությունից»,- ասաց Գ.Մակարյանը, միաժամանակ նկատելով, որ արևմտյան գործընկերները նույնպես ակտիվացել են, ՀԲ-ն, ԱՄՀ-ն ֆինանսավորում են հատկացնում, ԵՄ-ն է այստեղ նոր ծրագրեր սկսում, ինչի արդյունքում` բյուջեի վիճակը մի քիչ կլավանա:
Նրա խոսքով` տնտեսական ակտիվության ցուցանիշը կամփոփվի մոտ 3.6%, որը պայմանավորված է գնաճով: Սակայն, դրա հետ մեկտեղ, 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մասով բնակչությունը փոփոխություն չի զգում: Բայց դեռ պետք է սպասել, նշեց Գ.Մակարյանը, կառավարությունը նոր է ու լավ օրենքներ է ընդունել` փոքր բիզնեսի, սահմանամերձ շրջանների և այլնի հետ կապված, որի արդյունքը դեռ կերևա: Գ.Մակարյանի դիտարկմամբ` ներդրողների մասով որոշակի ակտիվություն կա, ու բավականին մեծ գումարների մասին է խոսք գնում, ֆրանսիական կողմն է հետաքրքրություն դրսևորել:

«Կարծում եմ, որ Հայաստանի դերակատարումը` որպես կամուրջ Արևմուտքի ու ԵՏՄ-ի միջև, կարող է սկսել աշխատել: Եթե մենք մեր ներքին խնդիրները լուծենք` կոռուպցիա, ստվեր, կարող է բավականին գրավչություն առաջանալ ԵՏՄ-ԵՄ բլոկների համար,- ասաց Գ.Մակարյանն ու հավելեց,- Որոշակի դրական սպասելիքների տարի է` ներդրումների, օրենքների առումով, բայց կա նաև ոչ դրական սպասելիք` պայմանավորված արտարժույթի տատանումներով: Ռուբլին դեռ չի կարգավորվել, թե ինչ կլինի հաջորդ տարի, պարզ չէ: Ընդ որում, այս պայմաններում ԵՏՄ-ից ՀՀ-ի ստանալիքը կարող է կրճատվել` պայմանավորված այս իրավիճակով: Այդ ընդհանուր կաթսան պետք է փող մտնի, որից ՀՀ-ն պետք է 1.13% ստանա, բայց կարող է նախատեսվածից քիչ կուտակվել, և համապատասխանաբար՝ ՀՀ-ի մասնաբաժինն էլ քիչ լինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս