Բաժիններ՝

Ինչ դասեր պետք է քաղել այս տարվա  դժվարություններից` ըստ Գագիկ Աղաջանյանի

«Տարին կայուն, բավականին բարեհաջող սկսվեց: Ցավոք, տարեվերջի այս տարադրամի ու հայկական դրամի փոխարժեքի տատանումները բոլոր տնտեսվարող սուբյեկտներին և ազգաբնակչությանը մեծ վնաս հասցրեցին: Այստեղից պետք է միայն մի հետևություն անել` պետք է անցնել և արագ ռեակցիա տալ, որ կիրառեն մյուս տարում, որ այս վնասը չկրկնվի: Իհարկե, փոխարժեքի տատանումներ միշտ կարող են լինել, բայց կան գործողություններ, որոնք պետք է անել` այս ամենից դաս քաղելով»,- նշեց «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

Նա նշեց անհրաժեշտ քայլերից մի քանիսը, օրինակ, թույլ տալ տնտեսվարող սուբյեկտներին գնանշումներն անել ոչ ազգային դրամով` բացարձակապես պահպանելով բոլոր վճարումներն ազգային դրամով, կամ պետք է փորձել վճարումների մեխանիզմի կարգավորում անել տնտեսվարող սուբյեկտների մոտ` պետության միջամտությամբ: Այսինքն, ըստ Գ.Աղաջանյանի, պետությունը պետք է կարողանա պայման դնել տնտեսվարող սուբյեկտների առջև, որ վճարումները պետք է լինեն ժամանակին, հակառակ դեպքում, երբ մի տնտեսվարողի գումարները մնում են մյուսի մոտ, օգտագործվում են` որպես միջոցներ, որից պետությունը չի շահում. «Հակառակ դեպքում այդ կազմակերպությունը բանկից վարկ կվերցներ, և այդ վարկով էլ հարկեր կմտնեին պետության բյուջե: Այս դեպքում պետությունը դա ծախս է թողնում, որ լուրջ եկամտի աղբյուր է»:

«Ամեն դեպքում, տարին եթե ամփոփելու լինենք, սպասումները, որ տեղի են ունենալու 2015-ին, շատ-շատերի համար հանդիսացան պատճառ` ձեռնպահ մնալու նոր ներդրումներից, նոր գործողություններից, նոր ձեռնարկումներից, որովհետև սպասողական վիճակ է, թե ինչ կլինի Մաքսային միությանը միանալուց հետո, այսինքն` ինչպիսի խաղի կանոններ, հատկապես` տնտեսության մեջ, մենք կունենանք: Եվ դա հաշվի առնելով` շատ-շատերը, որ գործարարների մեջ զգալի մասսա են կազմում, բավականին սպասողական դիրքում են, և դա չէր կարող չարտացոլվել տնտեսության վրա, հատկապես ներդրումների ծավալների առումով»,- ասաց Գ.Աղաջանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս