2014 տնտեսական տարին՝ հետահայաց
Տարին բավականին հագեցած էր։ Բուռն սկսվեց, բուռն էլ ավարտվեց։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ թեժ շրջանը մեկնարկել էր դեռ նախորդ տարվա` 2013 թվականի վերջից։
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր տարեվերջյան ասուլիսում կարծիք էր հայտնել, որ նախկին տարիներին փչվել էր «շինարարական փուչիկ», որը պետք է վաղ թե ուշ պայթեր և դժվարությունների առջև կանգնեցներ տնտեսությունը։
Պատասխանը չուշացավ։ Հետևեց Ռոբերտ Քոչարյանի պատասխանը, ով կոշտ ձևակերպումներով սուր քննադատության ենթարկեց Տիգրան Սարգսյանի գործունեությունը։ «Թերարժեք վարչապետն անթույլատրելի ճոխություն է երկրի համար»,- ասել էր Քոչարյանը։ Բանավեճը շարունակվեց նաև 2014թ. սկզբին` պատասխան հոդվածներով և մեկնաբանություններով։ Տիգրան Սարգսյանն այնքան էլ շահեկան վիճակում չէր գտնվում։ Բավական է նշել, որ Հայաստանի տնտեսական աճը 2013-ին կազմել էր 3,5 տոկոս, նախատեսվածից երկու անգամ պակաս։
2014 թվականի ապրիլի 3-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարվեց, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել, և երկրի նախագահն ընդունել է նրա հրաժարականը։ Նշենք, որ դրա նախորդ օրը` ապրիլի 2-ին, ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ ճանաչել էր Սահմանադրությանը հակասող: Թե որքանո՞վ կապ ունեին այս իրադարձությունները միմյանց հետ, դժվար է միանշանակ ասել։ Ամեն դեպքում, հայտարարվեց, որ նա հրաժարական էր ներկայացրել դեռևս մեկ ամիս առաջ, և դա պայմանավորված է եղել անձնական պատճառներով։ Այդպիսով, Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետներից մեկը լքեց կառավարությունը։
Դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ Տիգրան Սարգսյանը ճիշտ ժամանակին հրաժարական տվեց։ Աշխարհաքաղաքական իրավիճակը (մասնավորապես` Ուկրաինայի մասով) մարտին լարվեց, ԱՄՆ-ը ու եվրոպական երկրները պատժամիջոցները կիրառեցին Ռուսաստանի դեմ, նավթի գինն ընկավ, ռուսական տնտեսությունը հայտնվեց աննախանձելի վիճակում, ինչի հետևանքն իր վրա զգաց նաև Հայաստանը։
Տիգրան Սարգսյանին փոխարինեց Հովիկ Աբրահամյանը։ Պաշտոնը ստանձնելու պահին արդեն նա մտավ մի մեծ բեռի տակ` հանձն առնելով լուծել պարտադիր կուտակայինի կենսաթոշակների հարցը։ Հ. Աբրահամյանը նշանակումից մի քանի օր անց հայտարարեց, որ փաստացի կկասեցնի պարտադիր բաղադրիչը մինչև սեպտեմբերի 30-ը։ Հետո շրջանառության մեջ մտցրեց «պարտադիր, բայց ոչ պարտադրված» թեզը։ Ազգային ժողովը հունիսին փոփոխություններ մտցրեց պարտադիր կուտակային համակարգի օրենքների մեջ: Այն պարտադիր մնաց պետական հատվածի համար, իսկ մասնավորի համար հետաձգվեց մի քանի տարով։ Այս լուծումը շատերի սրտով չէր, սակայն հանդարտեցրեց կրքերը, իսկ կառավարությանը լարվածության մեջ պահող «Դեմ եմ» շարժումը թուլացրեց ակտիվությունը։
Սակայն Հովիկ Աբրահամյանի փորձությունները դեռ առջևում էին։ Մետաղների համաշխարհային գների անկման պատճառով ծանր վիճակի մեջ հայտնվեց հանքարդյունաբերությունը։ Խոշորագույն հարկատուները միլիարդավոր դրամներով կրճատեցին բյուջե վճարվող հարկերը։ Թերևս նկատի ունենալով այս և մյուս վտանգները` նոր վարչապետը նախաձեռնեց ստվերի դեմ պայքարի «ակցիա»։ Նա հավաքեց հանրապետության խոշոր գործարարներին և հայտարարեց, որ խաղի կանոններ են փոխվում` այսուհետ բոլորն աշխատելու են օրենքի դաշտում։ Արդյունքը եղավ այն, որ բյուջեն համալրվեց, մի շարք ստուգումները բյուջեն համալրեցին մի քանի միլիարդ դրամով։ Ստվերը, սակայն, դրանից էական կրճատում չունեցավ։
Ստվերի դեմ պայքարի մյուս փուլն ավելի մեծ գլխացավանք դարձավ Հովիկ Աբրահամյանի կառավարության համար: Խոսքը վերաբերում է ՓՄՁ ոլորտի շրջանառության հարկին։ Հիշեցնենք, որ կառավարությունն օրենսդրական փոփոխություն նախաձեռնեց` փոքր ու միջին գործարարներին առաջարկելով 3.5%-ի փոխարեն` վճարել 1% հարկ, սակայն ապահովել ամբողջական փաստաթղթավորում։ Պարզվեց` տնտեսվարողները չեն ցանկանում ստվերից դուրս գալ և պատրաստ են վճարել 3.5%։ Սկիզբ առած բողոքի ակցիաները ստիպեցին կառավարությանը թեթևակի զիջումների գնալ և մինչև հաջորդ տարի հետաձգել գույքագրումը։
Տնտեսական առումով կարևոր իրադարձություն էր նաև կառավարության կառուցվածքի փոփոխությունը։ Ամենալուրջը, թերևս, հարկային և մաքսային ծառայությունների միավորումն էր Ֆինանսների նախարարությանը։ Քննադատությանն ի պատասխան, որ դրամը հավաքող և դրամը ծախսող գերատեսչությունների միավորումը սխալ է, նշվում էր, որ նախարարությունների թիվը մեծ է Հայաստանի նման փոքր երկրի համար, և պետք է դրանք խոշորացնել։ Կառավարության կառուցվածքը փոփոխությունների երկրորդ փուլն անցավ նոյեմբերին։ Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրաժարականից հետո այդ նախարարությունը միացվեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը` Արմեն Երիցյանի գլխավորությամբ։ Իսկ մյուս փոփոխությունը խոշորացումների տրամաբանության մեջ չէր տեղավորվում։ Ստեղծվեց նոր` Միջազգային ինտեգրացման և բարեփոխումների նախարարություն։
Տնտեսական ու քաղաքական առումով ամենակարևոր իրադարձությունը, թերևս, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի վերջնականացումն էր։ Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագիրը, որը տարվա վերջին հաստատվեց ԱԺ-ի կողմից։ Հստակեցվեց այն ապրանքների ցանկը, որոնց գծով Հայաստանը դեռ 5 տարի կշարունակի ցածր մաքսադրույքներ կիրառել ներմուծման համար։ Սակայն ամենավիճահարույց կետերից մեկի` ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև հնարավոր մաքսակետի հարցն այդպես էլ չհստակեցվեց:
Իհարկե, տարվա ընթացքում տեղի ունեցան նաև շատ այլ տնտեսական կարևոր իրադարձություններ։ Օրինակ, էլեկտրաէներգիայի թանկացումը, քաղաքացիների բանկային հաշիվների կալանքների թեման և այլն։ Սակայն տարվա վերջին ամսում գրանցված փոխարժեքի տատանումը ստվերում թողեց բոլոր մյուս իրադարձությունները։
Խոսքը, իհարկե, վերաբերում է դրամի կտրուկ արժեզրկմանը։ Նոյեմբերի 24-ին դրամն արժեզրկվեց դոլարի նկատմամբ միանգամից 17 դրամով` հասնելով 435 դրամի։ Կենտրոնական բանկը դա պայմանավորեց վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով և Ռուսաստանից Հայաստան եկող դրամական փոխանցումների կրճատմամբ։ Սակայն ԿԲ-ի հավաստիացումը, որ փոխարժեքը կայունացման տիրույթում է, ճշգրտումն էլ օգտակար է կայունացմանը, հավատ չէր ներշնչում։
Դեկտեմբերի 2-ից դրամը մտավ արժեզրկման երկրորդ փուլ։ Մեկ շաբաթում դոլարի գինը հասավ 450 դրամի։ Իսկ դեկտեմբերի 15-ից սկսվեց դրամի փլուզման ու խուճապի փուլը։ Դոլարն արժեր արդեն 470 դրամ ու շարունակում էր աներևակայելի արագությամբ արժևորվել։ Դեկտեմբերի 17-ին բանկերը դոլար վաճառում էին 560-570 դրամով (փոխանակման որոշ կետեր` 600-620 դրամով), այն էլ՝ սահմանափակ քանակությամբ։ Վարկավորումը սառեցվել էր։ Մարդիկ չէին կարողանում փոխանցումներ կատարել արտերկիր։ Խուճապն ու անորոշությունը հասել էին գագաթնակետին, տնտեսությունը կոլապսի վտանգի առաջ էր։ Դեկտեմբերի 17-ին` ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կրկին ասուլիս հրավիրեց։ Ասելիքի մեխն այն էր, որ դրամը գերարժեզրկված է և անպայման կարժևորվի։ Դժվար է միանշանակ ասել, թե այս հայտարարությունն ինչ դեր խաղաց, սակայն տագնապային պահանջարկն արդեն երեկոյան կանգ առավ, և փոխանակման կետերում դոլարը թուլացավ։ Դեկտեմբերի 18-ի առավոտյան բանկերում դոլարը վաճառվում էր առանց սահմանափակումների և նախորդ օրվանից 40 դրամով ցածր գնով։ Օրվա ընթացքում դրամն ավելի արժևորվեց, պրոցեսը շարունակվեց նաև ուրբաթ օրը։ Շաբաթ օրը փոխարժեքը կայունացավ. առքի գինը տատանվում էր 440-450 դրամի սահմաններում, վաճառքի գինը` 455-460 դրամի սահմաններում։ Խուճապը հաղթահարվեց։
Դժվար է ասել` որն էր իրականում այս խուճապի պատճառը, ինչպես այն սկսվեց, ինչպես արագ մարեց, ովքեր կարողացան այս ընթացքում մեծ փողեր աշխատել։ Սակայն մի բան ակնհայտ է` այս ցնցումը ցույց տվեց, որ ՀՀ այդքան գովերգված ֆինանսական ու բանկային համակարգն այնքան էլ կայուն չէ, և կարող է քիչ թե շատ լուրջ շոկերի դեպքում` կաթվածահար անել տնտեսությունը։