Բաժիններ՝

Ինչո՞ւ ազատ արձակվեցին Յուրի Վարդանյանի, Սուրիկ Խաչատրյանի, Արայիկ Քոթանջյանի որդիները

Օրերս պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել Վրաստանում ՀՀ դեսպան, սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրիկ Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը: Մեղավոր ճանաչվելով մաքսանենգության և թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության մեջ, նա դատապարտվել էր 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Յու. Վարդանյանի որդին անազատության մեջ գտնվում էր 2013թ. հոկտեմբերի 13-ից:  Նախորդ տարվա սեպտեմբերին էլ ազատ արձակվեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և Զարզանդ Նիկողոսյանը, ովքեր մեղադրյալներ էին 2013թ. հունիսի 1-ին Ս. Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով, որի արդյունքում՝  սպանվեց «Վարարակն» ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը, հրազենային վնասվածք ստացավ: Այժմ այս որոշումները Բուդաղյանների փաստաբանը վիճարկում է դատարանում:

Այս տարի հունիսի 6-ին էլ կրակոցներ էին հնչել Քանաքեռ-Զեյթունում. այս գործով մեղադրվում էր նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին, ով պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակվել: Նրա և այդ գործով ևս երկու ամբաստանյալների գործը դատարանում քննվել էր արագացված կարգով. ըստ datalex դատական տեղեկատվական համակարգում տեղադրված դատավճռի՝ գործով մեղադրյալները համաձայնել էին մեղադրանքի հետ: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝  Ա. Քոթանջյանի որդու նկատմամբ նշանակվել էր ազատազրկում 11 ամիս 27 օր ժամկետով և տուգանք` 50.000 դրամի չափով: Դատարանը վճռել էր պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի ժամկետով փորձաշրջան:

168.am-ի հետ զրույցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, խոսելով Յու. Վարդանյանի որդու պայմանական վաղաժամկետ ազատման մասին,  ասաց, որ՝ եթե դա գնահատեք Հայաստանի իրականությունից կտրված, ապա դրանում որևէ արտառոց բան չկա, և շատ տգեղ կլիներ ասել, թե նա պետք է անազատության մեջ մնար. «Բայց մենք, բնականաբար, դիտարկում ենք, թե ինչպիսին է Հայաստանի իրականությունն այդ բնագավառում: Այստեղ բնականորեն Յուրի Վարդանյանի և պաշտոնյաների դեմ սկսում է տրամադրվածություն առաջանալ, որն ունի իր հիմքերը: Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հարյուրավոր, եթե չասենք՝ հազարավոր բանտարկյալներ կան, որոնց վրա չի տարածվում վաղաժամկետ պայմանական ազատումը, ովքեր դատապարտված են ավելի մեղմ հանցագործությունների համար: Այստեղից, բնականաբար, գալիս է ընտրովի մոտեցումը»: Նրա խոսքով՝ պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները սուբյեկտիվ են, և չեն կիրառվում չափանիշներ. «Տվյալ դեպքում, բնականաբար, չափանիշը եղել է այն, որ նա պաշտոնյայի տղա է: Դրանով է ազատվել»: Անդրադառնալով անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտին՝ Ավետիք Իշխանյանն ասաց, որ այն Հայաստանում առհասարակ չի գործում.  «Եթե ցանկացած մարդ պաշտպանվելիս վնաս հասցնի, եթե նա պաշտոնյա կամ պաշտոնյայի մերձավոր չէ, ապա, բնականաբար, բոլորովին կմոռանան նրա կողմից անհրաժեշտ պաշտպանության դիմելու մասին, և նա կարող է ստանալ ամենախիստ պատիժը, եթե, իհարկե, չկարողացավ լեզու գտնել (դուք հասկանում եք՝ ինչ նկատի ունեմ) դատավորների, դատախազի հետ: Իսկ մյուս դեպքերը… Պարզապես արտառոց է, երբ մարդը կարող է կրակել, սպանել՝ օգտագործելով իր պաշտոնական դիրքը, և որևէ պատիժ չստանալ»: Ավ. Իշխանյանը մեջբերեց Մուսոլինիի խոսքերը, որոնց համաձայն՝ մեր ընկերներին և մեր համախոհներին թույլ է տրվում անել ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են: Նրա խոսքով՝ Հայաստանում գործում է հենց այս սկզբունքը: Ավետիք Իշխանյանն ասաց նաև, որ նույն իրավիճակն է նաև անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու ինստիտուտի դեպքում. «Խնդրեմ, նայեք դերասան Վարդան Պետրոսյանի գործը: Բոլորին, նաև իշխանություններին հայտնի է, որ նա վտանգավոր հանցագործ չէ: Դժբախտ պատահար է տեղի ունեցել: Ես հիմա չեմ ուզում խառնվել գործին, գուցե իր մեղքի բաժինն էլ կա: Ամեն դեպքում՝ ողբերգություն է եղել, երկու երեխա է զոհվել, բայց բոլորին էլ հայտնի է՝ սկսած հանրապետության նախագահից, որ Վարդան Պետրոսյանը վտանգավոր հանցագործ չէ, և նրան կարելի էր գրավով կամ ստորագրությամբ ազատ արձակել, խափանման միջոց չընտրել կալանքը: Բայց ահա խնդրեմ՝ ինչ իրավիճակ է տիրում»: Նրա խոսքով՝ Հայաստանում գործում է  «ես իշխանություն եմ, օրենքը ես եմ և ես եմ որոշելու, թե ինչպես է կիրառվելու օրենքը» սկզբունքը. «Սա է Հայաստանը, որովհետև իշխանության իրական տարանջատում չկա: Սահմանադրությունում գրվածը դեկլարացիա է: Հայաստանում դատարանի անկախություն, քննչական մարմինների ինքնուրույնություն չկա: Բոլորը կախված են հանրապետության նախագահից, և նա դիրիժորի պես կարգավորում է, թե որտեղ ով պետք է պատժվի, ով քանի տարի պետք է նստի, ում խափանման միջոցը չպիտի փոխվի: Հիշենք, թե ինչպես նա ասաց, թե Շանթը հանցագործ է»: (Խոսքը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի մասին է):

Մանրամասները կարդացեք «168 Ժամի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս