«Ավելի լավ է այսօր ամեն ինչ կորցնեմ, քան իմ երեխաների ու թոռների ապագան». Կարեն Կարապետյան. asekose.am
asekose.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ
-Պարոն Կարապետյան, Դուք բավական ժամանակ բացակայում էիք հանրապետությունից: Այս ընթացքում քաղաքական դաշտում կարծես հարաբերական անդորր է: Այդուամենայնիվ, հետևո՞ ւմ էիք քաղաքական գործընթացներին:
-Բնականաբար հետևում էի և ցավալիորեն այնպիսի տպավորություն ունեմ, որ մեր իրականության մեջ քաղաքական հարաբերություններն ու գործընթացները հաճախ որևէ տրամաբանության չեն ենթարկվում: Իրավիճակը շատ ավելի նման է անձերի ինտրիգների, քան քաղաքական գործընթացների: Ես չէի ցանկանա Ամանորի նախաշեմին, այսպես ասած, ազդել որոշ մարդկանց նյարդերի վրա, բայց կան հանգամանքներ, որոնց մասին չբարձրաձայնել չեմ կարող:
Առաջին հերթին խոսքն այն մասին է, որ ոչ մեկի իրավունք չի տրված սեփականաշնորհել քաղաքական դաշտը: Առանձին անձինք պետք է գիտակցեն, որ քաղաքական դաշտում գտնվելով՝ պետք է պահեն այդ դաշտի կանոնները: Դասական իմաստով, իհարկե, ընդդիմությունը պետք է ի ցույց դնի իշխանությունների թերություններն ու հասարակության ուշադրությունն իր կողմը գրավի, որպեսզի հաջորդ ընտրություններին հաջողություններ ունենա: Իշխանություններն էլ պետք է հիմնավորեն իրենց քայլերը՝ առկա իրավիճակում ներուժի ու հնարավորությունների սահմաններում: Այսինքն, երկխոսության արդյունքում պետք է հասարակությունը գնահատի՝ ով ով է: Փոխարենը շատ դեպքերում մեզ մոտ գործում են «ախպերավարի» հարաբերություններ, ինչի արդյունքում մի շարք անհասկանալի ու անընդունելի գործընթացների ականատեսն ենք լինում:
Սա առաջին հերթին ձեռնտու է իշխանություններին: Սակայն այսօր ոչ թե պետք է մտածել սոսկ սեփական անձի կամ ուժի ապագայի մասին, այլ այն մասին, որ հասարակությունը հերթական անգամ հիասթափվում է բոլորիցս: Անթույլատրելի է հասարակությանը պատրաստել ինչ-որ գործընթացների, ապա նորից հիասթափեցնել: Եթե այս ամենը փոխադարձ պայմանավորվածությունների արդյունք է, ապա այլ հարց է, և դրան հարկ կլինի անդրադառնալ առանձին: Բայց եթե անելիք չունեք, ավելի լավ է՝ ոչինչ մի ձեռնարկեք: Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ ժողովրդական լեզվով ասած՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»: Հայոց արգանդը չի չորացել, և կգտնվեն առողջ ուժեր, որոնք, ուզենք, թե չուզենք, դաշտի ակտորների փոխարեն քայլեր կձեռնարկեն` առանց հասարակությանը դատարկ խոսքերով ու խոստումներով կերակրելու:
-Այս ընթացքում բռնաճշումների ենթարկվեցին մի քանի ազատամարտիկներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը: Եթե վերջինիս առումով գոնե խփողը հայտնաբերվել է, ապա ազատամարտիկների առումով մշուշոտ է: Ի՞ նչ կասեք այս առումով:
– Խնդիրն, անշուշտ, առաջին հերթին իրավական հարթության մեջ է: Սակայն պակաս էական չէ բուն երևույթի թե բարոյական, թե հասարակական նշանակությունը: Անկեղծ ասած, չէի ցանկանա այդ ամենի մեջ քաղաքական երանգներ տեսնել: Սակայն սոսկալի կլինի, եթե պարզվի, որ իրականում այդպես էլ կա, եթե պարզվի, որ հանուն հայրենիքի իրենց կյանքը վտանգած ու արցախյան ազատամարտին մասնակցած մարդիկ այսօր բռնության են ենթարկվում ընդդիմախոսության համար:
Դա իրապես ինչ-որ վերջի սկիզբը կլինի… Ցավում եմ, որ նման վերաբերմունքի են արժանանում մարդիկ, ովքեր պաշտպանել են մեզ ու մեր հայրենիքը: Անձամբ ճանաչում եմ Ռազմիկին ու Սուրիկին: Մանվելին չեմ ճանաչում, բայց հպարտանում եմ նաև իր անցած ուղով ու պահվածքով: Եվ ուղղակի ամաչում եմ, որ ինչ-որ ճիզվիտ կարող է ձեռք բարձրացնել նրանց վրա, մարդկանց վրա, ովքեր օրինակ պիտի լինեն սերունդների համար: Իհարկե, հնարավոր է, որ գործ ունենք ինչ-որ երրորդ ուժի հետ, որը փորձում է հրդեհի վրա ձեռքերը տաքացնել:
Սակայն ինչ էլ եղած լինի, ամոթ է բոլորիս համար: Մյուս կողմից, բնական է, որ առաջին հերթին ստվեր է ընկնում մի ամբողջ ինստիտուտի վրա, որ կոչվում է իշխանություն: ՈՒ շատ կարևոր է ստանալ բոլոր հարցականների պատասխանները, որոնք, ի դեպ, բավական շատ են: Հակառակ պարագայում կարող ենք ստանալ անվերահսկելի իրավիճակ, երբ մի կողմից ամեն մի անլվա ու փնթի իրեն իրավունք կվերապահի ձեռք բարձրացնել կյանքի անցած ուղի ու վաստակ ունեցող մարդկանց վրա, ոմանք ինչ-ինչ նկատառումներից ելնելով բռնությունը կփորձեն արմատավորել քաղաքական դաշտում, մյուս կողմից գուցե ոմանք սկսեն նույնիսկ անձնական դրդապատճառներով ամեն մի քաշքշուկ ներկայացնել որպես քաղաքական հալածանք:
Մեր ժողովուրդը հաճախ է հարվածներ ստացել, ծանրագույն հարվածներ, սակայն միշտ էլ կարողացել ենք նորից հառնել, ոտքի կանգնել: Եվ այսօր ուղղակի իրավունք չունենք թույլ տալ, որ Հայաստանը դառնա անհայրենիք լկտիների երկիր: Չպետք է թույլ տանք, որ տիրապետող լինեն դատարկամտությունն ու պնակալեզությունը, բազուկի ուժն ու զոռբայությունը: Բայց և չպետք է թույլ տանք միմյանց հետ խոսել հայհոյանքի լեզվով, ինչը ևս պակաս դատապարտելի չէ: Որևէ մեկս որևէ վայրկյան չպետք է մոռանա, որ մենք ծնողներ ունենք, ընտանիք ունենք, երեխաներ ունենք… Ու ոչ ոք իրավունք չունի իրեն անշնորհք, լկտի ու անբարո պահել իմ, իմ երեխաների ու իմ թոռների հայրենիքի հանդեպ: Ավելի լավ է այսօր ամեն ինչ կորցնեմ, քան իմ երեխաների ու թոռների ապագան:
-Դառնանք տնտեսությանը: Վերջին տասը օրերին երկրի ֆինանսական շուկան լուրջ ցնցումներ ապրեց, ինչը իշխանությունները պայմանավորում են համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներով ու սպեկուլյատիվ գործողություններով: Համաձա՞ յն եք նման տեսակետի հետ:
-Բնականաբար, որոշակի օբյեկտիվ հիմքեր կան, բայց մեծ հաշվով դա ինքնապաշտպանության ինստինկտ է: Մենք ժամանակին պետք է դիվերսիֆիկացնեինք մեր տնտեսությունը, որպեսզի արտաքին գործոններից կախվածությունը շատ մեծ չլիներ: Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Մասնավորաբար, մեր տնտեսության մոտ 70 տոկոսը փոխկապակցված է Ռուսաստանի տնտեսության հետ: Այլ խոսակցության թեմա է, թե որքանով է դա լավ կամ վատ: Իմ կարծիքով՝ շատ վատ է: Այսուամենայնիվ, չի կարելի ամբողջ մեղքը բարդել նավթի շուկայում կամ Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացների վրա: Ըստ իս վերջին օրերին մեր երկրում կատարվածն առաջին հերթին փնթի աշխատանքի արդյունք է: Ցավոք, առկա է անտարբեր վերաբերմունք սեփական պատասխանատվության նկատմամբ: Դա է վկայում հենց միայն այն հանգամանքը, որ մեկ շաբաթվա ընթացքում դրամը կտրուկ արժեզրկվեց ու մեկ օրում կտրուկ արժևորվեց:
Եթե կարելի էր մեկ շաբաթ անց այսօրվա վիճակն ունենալ, հարց է ծագում՝ ինչու կորցրեցինք այդ մեկ շաբաթը, ինչու ձևավորեցինք արհեստական խուճապ ու անվստահության նոր մթնոլորտ բանկային ու ֆինանսական համակարգի նկատմամբ: Չնայած, իմ կարծիքով, դրամի ներկա փոխարժեքը արհեստական է, և Ամանորից հետո կամ ստիպված ենք լինելու մսխել պետական ռեզերվները կամ բաց թողնել փոխարժեքը՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ: Ինչ վերաբերում է սպեկուլյատիվ գործողություններին, ապա որքան էլ անընդունելի, սակայն բնական է, որ դրա համար պարարտ հող լինելու պարագայում որոշ մարդիկ գումար կաշխատեն: Այս առումով պատկան մարմինների խնդիրը պետք է լինի նման հնարավորությունների առավելագույնս բացառումը: Իսկ ընդհանուր առմամբ, որպեսզի ճիշտ հասկանանք առկա վիճակի պատճառները, անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել այն ինդիկատորները, որոնք ուղղակի ազդեցություն ունեն երկրի տնտեսության զարգացման վրա: Դրանք մեծ հաշվով բազմաթիվ են, սակայն կառանձնացնեի հատկապես չորսը: Խոսքը ներդրումային, վարկային համակարգերի, տրանսֆերտների ու ավանդների մասին է: Սրանք այն բնագավառներն են, որոնք պետք է ապահովեն ազատ միջոցների առկայությունը և տնտեսության ընդհանուր զարգացումը: Հիմա ըստ հերթականության:
Այն, որ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԸ նվազելու էին, պարզ էր տարրական տնտեսագիտական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուրի համար: Դա կանխատեսելու համար պետք չէր մտքի տիտան լինել: Այդ ուղղությամբ կանխարգելիչ ի՞ նչ միջոցառումներ են իրականացվել: Իմ պատկերացմաբ՝ ոչ մի:
Հաջորդը. ՆԵՐԴՈԻՄԱՅԻՆ դաշտի առողջացման մասին հայտարարությունները, ինչպես նաև միջազգային առանձին կառույցների գնահատականներով մի քանի տողով առաջընթացի արձանագրումը նյութական որևէ արդյունք չունեն: Ինչպես ասում են՝ <հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա>: Փողը հոսում է այնտեղ, ուր կա բիզնեսի զարգացման համար բարենպաստ դաշտ, կայուն շուկա, հարկային ու բանկային առողջ ու ճկուն համակարգ և, իհարկե օրենքի գերակայություն ու վստահություն դատական համակարգի հանդեպ, ուր օրենքով պաշտպաված է դրամը, այլ ոչ թե <փայ են մտնում>: Հիմա յուրաքանչյուրը թող ինքն իրեն հարց տա՝ որքանով ենք մենք համապատասխանում նշյալ չափանիշներին, և հասկանալի կլինի՝ ներդրումները կհոսեն դեպի մեր, թե այլ երկրներ:
Երրորդ. ՎԱՐԿԱՅԻՆ ռեսուրսները պետք է միտված լինեն մի քանի ուղղությունների: Առաջնայինը գործարար միջավայրի, առաջին հերթին փոքր ու միջին բիզնեսի զարգացումն է, ինչը մուլտիպլիկատիվ էֆեկտով կազդի այլ ոլորտների զարգացման վրա: Փոխանակ կոնկրետ քայլեր ձեռնարկելու, հեքիաթներ ենք պատմել ու դեռ պատմելու ենք: Այնինչ, խոսքերով իրավիճակ չես փոխի: Համոզված եմ, որ ոչ միայն հարկային դաշտում, այլև վարկային համակարգում հարկավոր է կիրառել դիվերսիֆիկացված քաղաքականություն ՓՄՁ և խոշոր ձեռներեցության համար: Բազմիցս նշել եմ ու աննպատակահարմար չեմ համարում վերստին կրկնել, որ անցած տարիների ընթացքում խոշորը աստիճանաբար կուլ տվեց մանր ու միջին բիզնեսին: Արդյունքում որոշ ժամանակ անց խոշորն է ամբողջովին թելադրելու իր պայմաններն ու գնային քաղաքականությունը, այլ ոչ թե շուկայի բնականոն օրենքները: Իսկ թե ինչ հետևանքներ կունենա նման իրավիճակը, կարծում եմ, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Հաջորդ կարևոր ուղղությունը հիպոթեքային շուկան է, որն իր հետ կարող է հանգեցնել շինարարության ոլորտի զարգացման ու ըստ այդմ նոր աշխատատեղերի ստեղծման: Այստեղ էլ դեռ շատ հեռու ենք իրավիճակը բավարար համարելուց՝ հատկապես բարձր տոկոսադրույքների ու կարճ ժամկետների առումով: Հասկանալի է, որ բանկերը գումար են աշխատում վարկերի միջոցով, բայց դարձյալ հարց է ծագում, թե պետությունն ինչ քայլեր է ձեռնարկում, ինչ ծրագիր ունի նշյալ հարցերի կարգավորման ուղղությամբ: Այս դաշտի հիմնական ինդիկատորը պետական բյուջեն է: Լրջորեն ուսումնասիրեք այն և ամեն ինչ պարզ կդառնա: Ուրախ կլինեմ, եթե իրական միջոցներ ձեռնարկվեն, սակայն առայժմ նման բան չեմ տեսնում:
Չորրորդ. ԱՎԱՆԴՆԵՐԻ տեսակետից առաջնային նշանակություն ունի վստահության առկայությունը: Սակայն հատկապես վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք մեծ հաջողությամբ կորցնում ենք առանց այդ էլ թույլ վստահությունը բանկային համակարգի նկատմամբ: Մարդը վստահ չէ, որ իր խնայողությունները լիարժեքորեն ապահովագրված են կորցնելու վտանգից: Ես գնահատում եմ Կենտրոնական բանկի կողմից պաշտպանական բարձիկի տոկոսադրույքի մեծացումը: Ու թեպետ իմ կարծքիով այդ քայլը ուշացած էր, այդուամենայնիվ, որոշակիորեն զսպեց գործընթացները:
Մի խոսքով, մենք պարտավոր ենք առաջին հերթին ուշադրություն դարձնել հատկապես այս չորս բաղադրիչներին, ունենալ հստակ քայլերի հաջորդականություն, ոչ թե անընդհատ հրդեհներ փորձել հանգցնել, այլ առաջին հերթին կանխարգելել այդ հրդեհները: Իրականում փոքր երկիր պահելն այնքան էլ դժվար չէ, եթե ունես հստակ չափորոշիչներ, իսկ հեքիաթներ պատմելու փոխարեն կոնկրետ գործ ես անում: Հակառակ պարագայում այսօր կարծես 90-ականներից ոչնչով չենք տարբերվում, գուցե թե միայն այնքանով, որ գազ ու լույս ունենք: Սա բոլորիս պատասխանատվության խնդիրն է, ու լավ կլինի, եթե յուրաքանչյուրս իր տեղում իր բաժին պատասխանատվությանը տեր կանգնի:
Հեղինակ` Ա.Հարությունյան
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: