Տեղի է ունեցել Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի արտադրատեսակների արտադրության և այլ շինանյութերի արտադրության ոլորտների խնդիրներին նվիրված քննարկում
Դեկտեմբերի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի արտադրատեսակների արտադրության և այլ շինանյութերի արտադրության ոլորտների խնդիրներին նվիրված քննարկում, որին հրավիրված էին ոլորտի 23 ընկերությունների ներկայացուցիչներ:
Քննարկումը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Քննարկման նպատակն էր վեր հանել ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները և համատեղ ջանքերով գտնել դրանց արդյունավետ լուծման ուղիները:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արթուր Աշուղյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը:
Ոչ մետաղական հանքանյութերի արտադրատեսակների արտադրության և այլ շինանյութերի արտադրության ոլորտի վերաբերյալ տեղեկանք
Հայաստանի Հանրապետությունը ոչ մետաղական օգտակար հանածոների պաշարների բազմազանությամբ ու հարստությամբ աշխարհում գրավում է առաջատար տեղերից մեկը:
Դրանով է պայմանավորված, որ ոչ մետաղական հանքանյութերի արտադրութան ոլորտը դեռևս խորհրդային տարիներից դասվել է Հայաստանի արդյունաբերության հիմնական ոլորտների շարքին և ունեցել է բավականին մեծ դերակատարում ՀՀ տնտեսության վրա: Ներկայումս էլ այդ ոլորտը համարվում է զարգացման և արտահանման մեծ ներուժ պարունակող ոլորտ:
Կարևորելով ոլորտի զարգացման հեռանկարները` ՀՀ կառավարության կողմից ընդունվել է ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգ, որի նպատակն է նախանշել ոլորտի զարգացման ուղիները, վեր հանել ոլորտի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները և աջակցության հնարավորությունները:
Ոչ մետաղական հանքանյութերի առկա պաշարների վերամշակման և վերջնական արտադրանք ստանալու արդյունքում` կարելի է արտադրել բարձր որակական հատկանիշներ ունեցող շինանյութեր, որոնք կարող են լինել մրցունակ նաև արտաքին շուկայում:
Ներկայումս այդ ներուժն օգտագործվում է ոչ ամբողջությամբ: Տրանսպորտային խնդիրների լուծման պարագայում մեծ հեռանկարներ կբացվեն պեռլիտի` որպես ձայնա- ջերմամեկուսիչ շինանյութերի արտադրության և արտաքին շուկայում իրացման համար: Լայն կիրառում կարող է ունենալ հայկական բարձրորակ բազալտի հիմքի վրա ձուլածո շինանյութերի, մասնավորապես` շինարարական ամրանների արտադրությունը: Մագնեսիլիկոնային ապարների բաղադրությունը թույլ է տալիս ստանալ հրահեստ, հրակայուն և բարձր ջերմաստիճանային ջերմամեկուսիչ արտադրանք: Դոլոմիտը լայն կիրառում ունի որպես կապակցող նյութ, ապակու, ապակեբյուրեղային հրակայուն նյութերի արտադրությունում:
Ըստ ԱՎԾ կողմից վարվող վիճակագրության` հանրապետության ոչ մետաղական հանքանյութերի արտադրատեսակների արտադրության ոլորտը հիմնականում ներառում է ապակու և ապակե արտադրատեսակների արտադրությունը, կավե շինանյութերի արտադրությունը, ցեմենտի, կրի ու գաջի արտադրությունը, բետոնի արտադրությունը, քարի մշակումը և հարդարումը և այլն:
Իսկ շինանյութերի արտադրության ոլորտի ցուցանիշներում հաշվի են առնված շինարարական պլաստմասսայե արտադրատեսակների, լաքերի և ներկերի, ինչպես նաև սոսինձների ու տարբեր մածիկների արտադրությունները:
2014թ. 10 ամիսների դրությամբ` ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ոլորտի 219 ընկերություններն արտադրել են 44,2 մլրդ դրամի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է նույն քանակի արտադրանք: Արտահանվել է շուրջ 7 մլրդ դրամի արտադրանքը: Ոլորտում աշխատում է 4970 մարդ:
2014թ. առաջին կիսամյակում շինանյութերի արտադրության ոլորտի շինարարական պլաստմասսայե արտադրատեսակների, լաքերի և ներկերի, ինչպես նաև սոսինձների արտադրությամբ զբաղվել է 131 ընկերություններ, որոնք արտադրել են 4,78 մլրդ դրամի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է 8,8%-ի անկում: Ոլորտի արտադրանքը հիմնականում սպառվում է ներքին շուկայում: Ոլորտում աշխատում է 1411 մարդ: