Mea Culpa

Այո, հարգելի ընթերցողներ, մեղքը ձերն է ու ձեր հարազատ-բարեկամ-ծանոթներինը, որ դրամը կտրուկ արժեզրկվում է: Դուք եք պատճառը, որովհետև ցանկանում եք ձեզ մոտ եղած դրամը փոխարկել դոլարի, ստեղծում եք արտարժույթի դեֆիցիտ: Ստեղծում եք խուճապ, ու դրամն արժեզրկվում է: Դուք դժգոհում եք դրամի արժեզրկումից, սակայն ինքներդ նպաստում եք դրան: Մենք էլ` ձեզ հետ միասին: Ավելի պարզ ասած` մեղավոր է ժողովուրդը:

Ոչ, սա մեր կարծիքը չէ: Սա մեր իշխանությունների կարծիքն է: Նրանք որոշել են ապացուցել, որ «ժողովուրդը երբեք չի սխալվում» արտահայտությունը սխալ է:
Դատելով վերջին հայտարարություններից` իշխանության տարբեր թևերի պաշտոնյաները փորձում են արմատավորել այն միտքը, որ դրամի կտրուկ արժեզրկման պատճառը մենք ենք` քաղաքացիներս: Մեղավորը Կենտրոնական բանկը չէ, ում պարտավորությունների մեջ է մտնում փոխարժեքի կտրուկ տատանումները կանխելը, մեղավորը կառավարության տնտեսական սխալ քաղաքականությունը չէ, որի հետևանքով Հայաստանի տնտեսությունը դարձել է մեկ այլ երկրից կախված ու խոցելի: Մեղավորը ժողովուրդն է:

Ինչպես նշեցինք, այս միտքը` քողարկված կամ բաց տեքստով, փորձում են տեղ հասցնել մեր պաշտոնյաները: Օրինակ, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ դրամը գերարժեզրկված է, իսկ դա ունի երկու պատճառ` խուճապը և սպեկուլյացիաները: Ըստ ԿԲ նախագահի` դրամն իր իրական փոխարժեքին կգա խուճապային իրավիճակի վերացումից հետո: Իսկ ինչպե՞ս պետք է վերանա խուճապը: ԿԲ նախագահի խոսքերով` խուճապը հաղթահարելու համար մեր համաքաղաքացիները պետք է խուսափեն առանց անհրաժեշտության արտարժույթ գնելուց:

Պարզ ասած, խուճապը ստեղծում ենք մենք` ըստ ԿԲ-ի: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանն այս միտքն ավելի ուղիղ ձևով է արտահայտել` բառացիորեն ասելով. «Խուճապային իրավիճակ ժողովուրդն է գցել և նրանք, ովքեր օգտվում են ստեղծված վիճակից»: Բոլորը խոսում են խուճապի մասին` անուղղակի կամ ուղղակի կերպով մեղքը գցելով ժողովրդի վրա:

Դա մի կողմից պարզ է: Հո չե՞ն խոստովանելու, որ իրենց քայլերն անարդյունավետ են եղել, և, որ իրենց «արտարժութային սվոփերը», «լոմբարդային ռեպոները», օրական մի քանի միլիոն դոլար վաճառելն արդյունք չեն տվել, ու ԿԲ-ի առաջին հայտարարությունից հետո (դեկտեմբերի 2-ին) դրամի արժեզրկումն ավելի է արագացել:

Հիմա էլ տարբեր փորձագետներ կարծիք են հայտնում, որ ԿԲ-ի ձեռնարկած քայլերն ի սկզբանե սխալ էին ու արդյունք չէին կարող տալ: Օրինակ` սակարկությունների եղանակով օրական որոշակի քանակությամբ դոլար վաճառելու պրակտիկան (այն էլ` կոնկրետ վերջնաժամկետով) սխալ են համարում գրեթե բոլոր անկախ փորձագետները: Մինչդեռ ԿԲ-ում համոզված են, որ իրենց այդ «վարժությունը» ճիշտ է: Համոզված են, որ իրենք ամեն ինչ ճիշտ են անում: Ու «բացահայտել» են իրական մեղավորին` խուճապը: Բացահայտել են նաև խուճապի մեղավորին` ժողովուրդը:

Այո, ասվածի մեջ իրականում ճշմարտություն կա. մարդկանց խուճապային վարքագիծը բերում է դրամի գերարժեզրկման: Ցանկանալով նվազագույնի հասցնել կորուստները, իրենց դրամը փոխարկում են դոլարի` իրենց այդ քայլով նպաստելով դրամի արժեզրկմանը: Սակայն դա նորմալ է, այդ իռացիոնալության մեջ զարմանալի ոչինչ չկա: Տնտեսական փորձագետ Աշոտ Խուրշուդյանն իր վերլուծության մեջ մի տիպիկ օրինակ էր բերել` երբ նավի առջևի մասում հրդեհ է բռնկվում, բոլոր ուղևորները վազում են նավի ետնամասը, և այդ ծանրությունից նավը շուռ է գալիս: Ուղևորին չի կարելի մեղադրել` ամեն մեկը շարժվում է իր տրամաբանությամբ:

Ու նավապետն էլ իրավունք չունի արդարանալ, թե` ժողովուրդն էր մեղավոր, որ խուճապի մատնվեց, ու նավը խորտակվեց: Այդ դեպքում, ինչպես կասեր Սեյրան Սարոյանը, նավապետին 2 «չափալախ» է հասնում: Առաջինը` հրդեհի առաջացման, երկրորդը` խուճապը չկանխելու համար: Իսկ մեզ մոտ հարց ես տալիս` ինչպե՞ս պետք է հաղթահարվի խուճապն արտարժույթի շուկայում: Պատասխանում են` երբ մարդիկ դադարեն համատարած դոլար գնել: Սա աբսուրդի ժանրից է, որովհետև մարդկանց` համատարած արտարժույթ գնելը խուճապի հետևանք է, ոչ թե պատճառ:
Իսկ իրականում ի՞նչ է պետք խուճապը կանգնեցնելու համար: Օրինակ, նավի հրդեհի դեպքում նավապետը կարող է բարձրախոսով հայտարարել, թե ով որ կողմում կանգնի, ու հրահանգավորել ուղևորներին:

Սակայն կա մի էական գործոն` մարդիկ պետք է նավապետին վստահեն: Առանց այն էլ խուճապային իրավիճակում մարդ դժվարությամբ է որևէ մեկին լսում: Իսկ երբ վստահություն ի սկզբանե չկա, երբ ուղևորները ոչ միայն կասկածներ ունեն նավապետի պրոֆեսիոնալիզմի հարցում, այլ հակառակը` մտածում են, որ նա դիտավորյալ ցանկանում է կործանել նավն ինչ-ինչ նպատակներով, կանեն նրա ասածի հակառակը:
Այ սա լրիվ մեր օրինակն է: Ասում ենք` մարդիկ չեն վստահում դրամին: Սակայն պատճառն ավելի խորն է` դրամին չեն վստահում, որովհետև չեն վստահում այդ դրամը թողարկողին` պետությանը: Չեն հավատում պետական պաշտոնյաների հայտարարություններին: Հակառակը` շատերը համոզված են, որ ոմանք սա անում են դիտավորյալ:

Ուշադրություն դարձնո՞ւմ եք` մեր համաքաղաքացիներն ինչպես են արտահայտվում փոխարժեքի մասին խոսելիս` դոլարի կուրսը ԿԻՋԵՑՆԵՆ, ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆ, ԲԱՐՁՐԱՑՐԻՆգ Ոչ թե դոլարը թանկացավ, այլ թանկացրին: Այսինքն` համոզված են, փոխարժեքն իրեն-իրեն, շուկայական օրենքներով չի տատանվում: Համոզված են, որ դա անում է ինչ-որ մեկը (ոմանք), և ձեռքները տաքացնում են այդ տատանումների վրա, ու, որ այդ ոմանք իշխանական շրջանակներից են (հակառակ պարագայում` կպատժվեին): Ու այս պարագայում մարդիկ ձգտում են որքան հնարավոր է արագ ազատվել դրամից: Ոչ թե ձեռքները տաքացնելու, այլ կորուստներ չկրելու համար:
Ժողովուրդը չի վստահում իշխանությանը, սա է խնդիրների հիմքը: Իսկ իշխանությունը (մասնավորապես` ֆինանսական բլոկի ներկայացուցիչները) կարծես ամեն ինչ անում է, որ այդ վստահությունը թուլանա: Իր քայլերով և հակասական հայտարարություններով:

Օրինակ, մի կողմից հայտարարում են, որ իրավիճակը վերահսկվում է, մյուս կողմից` ասում` խուճապ է:

Մի կողմից՝ ասում են, որ բանկային համակարգը կայուն է, բանկերն արտարժույթի խնդիր չունեն, մյուս կողմից` բանկերի մեծ մասը հրաժարվում է դոլար վաճառել:

Մի կողմից ասում են` դրամը գերարժեզրկված է, մյուս կողմից` շեշտում, որ իրական փոխարժեքը հայտնի կդառնա խուճապային իրավիճակի հաղթահարումից հետո: Եթե չգիտեք, թե որքան է իրական փոխարժեքը, ու հետո պիտի պարզվի, ինչպե՞ս կարող եք պնդել, որ դրամը գերարժեզրկված է: Օրինակ, բանկերի ներկայացուցիչները մասնավոր զրույցներում հակառակն են պնդում. Ասում են, որ դրամը դեռ ավելի պետք է արժեզրկվի, սակայն ԿԲ-ն ներքին կարգով արգելել է էժանացնել դրամը: Դրա պատճառով է ստեղծվել այս վիճակը:

Կամ, ասենք, ԿԲ նախագահը հայտարարում է, որ դրամը կարժևորվի: Մյուս կողմից` նույն ԿԲ-ն ամեն օր թանկացնում է իր կողմից վաճառվող դոլարի գինը (երեկ վաճառել է 570.58 դրամ միջին փոխարժեքով` 44 դրամով ավելի թանկ, քան նախորդ օրը): Ու հետո ակնկալում, որ ժողովուրդը խուճապի չի մատնվի և վստահ կլինի, որ դրամն արժևորվելու է:

Հետո ասում են` ժողովուրդն է մեղավոր: Թեպետ, մեծ հաշվով, այո՛, ժողովուրդն է մեղավոր: Որովհետև ժողովուրդն ունի իշխանություն, որին չի վստահում:

Հ.Գ. – Հոդվածը գրելու պահին արտարժույթի շուկայում խուճապային իրավիճակը դեռ չէր հաղթահարվել

Տեսանյութեր

Լրահոս