«Նման վարկերի վերջը պետք է տալ». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն, անդրադառնալով ով Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի սեպտեմբերի 5-ին ստորագրված «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագիր» վարկային համաձայնագրի մասին, ասաց.

«Պողոսը Պետրոսից վարկ է վերցնում, Գերասիմը ծախսում է. ի՞նչն է ստիպելու Գերասիմին արդյունավետ ծախսել այն: Կպատասխանեք` Ֆինանսների նախարարության հետ պայմանագիրը, հետո՞: Բայց մենք 5 տարվա մեջ կարող ենք 5 նախարար փոխել, 25 տարվա մեջ 7 վարչապետ և 4 նախագահ»,- ասաց նա:

Ի դեպ, Հ. Բագրատյանը, ի տարբերությոուն ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների, ովքեր բոյկոտում էին նիստը, որոշել էր մասնակցել ԱԺ արտահերթ հրավիրված նիստին, թեև ելույթի պահին էլ դահլիճը կիսադատարկ էր:

Ըստ Հ. Բագրատյանի` «Նման վարկերի վերջը պետք է տալ»: Հիշեցնենք, որ ՀՀ վերցրած վարկը 37 միլիոն ԱՄՆ դոլար է` 25 տարով: Ի պատասխան կառավարության հավաստիացումներին, թե վարկը Հայաստանին լավ պայմաններով տրվում, Բագրատյանը արձագանքեց.

«Մենք պիտի հասկանանք, որ այսօր աշխարհում զրո տոկոսով լիքը փող կա: Լավ վարկերը թափած են: Այս վարկի վարկառուն ՀՀ կառավարությունը չպետք է լիներ, այլ վարկառուն պիտի լիներ պետական որևէ ձեռնարկություն: Այդ ձեռնարկությունը պետք է հաշիվ տար և՛ վարկատուին, և՛ վարկառուին: Մենք հետ ենք գնում այն իրավիճակին, որը կար 2004-2005 թվականներին և այս ամենը ավարտվելու է 45 տոկոս աղքատությամբ: Կարելի էր քննարկում կազմակերպել, այս պետության մեջ շատ մարդ չկա, գուցե մեկ կամ երկու հոգի, որ կարող էր լուրջ խոսել այդ թեմայով: Թե չէ` չի կարելի այս ամենը բացատրել, թե սա սպեկուլյացիա է»:

Ամբողջական ելույթը` տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս