Որտեղի՞ց կատարել ամանորյա գնումները ՝ սուպերմարկետների՞ց, թե՞ շուկաներից
Որքան էլ նախատոնական օրերին դրամն արժեզրկվում և բացասական հետևանքներ է ունենում մարդկանց բյուջեի վրա, այնուամենայնիվ, քաղաքացիները, սովորության համաձայն, չեն կարողանում խուսափել ամանորյա գնումներից:
168.am-ը փորձեց ճշտել՝ համատարած թանկացումների ֆոնին՝ որտեղի՞ց է ավելի մատչելի գնումներ կատարել՝ շուկաների՞ց, թե՞ սուպերմարկետներից: Պարզվում է՝ կան ապրանքներ, որոնք ավելի էժան են շուկաներում, և կան ապրանքներ էլ, որոնց գներն ավելի ցածր են սուպերմարկետներում:
Օրինակ, շուկայում ընկույզի 1 կգ-ը արժե 7000-9000 դրամ, իսկ սուպերմարկետում՝ 9990 դրամ:
Չամիչը շուկայում կարելի է գնել 1600 դրամով, իսկ սուպերմարկետում՝ 1790 դրամով, խոզի ֆիլեն շուկայում վաճառվում է 3000 դրամով, սուպերմարկետում՝ 4350 դրամով, շուկայում տավարի ֆիլեն արժե 4000 դրամ, սուպերմարկետում՝ 4090:
Իսկ, օրինակ, սուպերմարկետներում կաղինն արժե 7000 դրամ, շուկայում՝ 7500:
Նուշը շուկայում վաճառվում է 8500 դրամով, այնինչ սուպերմարկետում՝ 6990 դրամ է: Հնդկական ընկույզը շուկայում 8000 դրամ է, իսկ սուպերմարկետում՝ 6500 դրամ, խնձորը շուկայում 1000 դրամ է, սուպերմարկետում՝ 600: Շուկայում նարինջն 800 դրամ է, սուպերմարկետում՝ 630:
Լոլիկի կիլոգրամը շուկայում վաճառվում է 700 դրամով, սուպերմարկետում՝ 660: Վարունգը շուկայում 1000 դրամ է, իսկ սուպերմարկետում՝ 900: Տեղական խոզի բուդը շուկայում 4000 դրամ է, իսկ սուպերմարկետում՝ 3790:
Մեզ հետ զրույցում Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ եթե կա նման երևույթ, որ որոշ ապրանքատեսակներ սուպերմարկետում ավելի էժան են, քան շուկաներում, նշանակում է՝ այդ սուպերմարկետները եկել են այն եզրակացության, որ էժան վաճառելը չի վնասում իրենց, այլ հակառակը՝ օգնում է, որովհետև շատ կվաճառեն, մարդկանց կգրավեն.
«Այսինքն՝ ճիշտ, գրագետ քայլ են արել, իսկ այն մարդիկ, որոնք տանում են ու շուկաներում վաճառում են, նրանց ծախսերն ավելի շատ են: Եթե դու կենտրոնացված ես բերում, էժան է նստում, քան ձեռքով կամ թեթև մեքենայով: Դա նշանակում է՝ մարդիկ գրագետ են մոտենում բիզնեսին»: Ա.Պողոսյանը նշեց նաև, որ ինքը նախկինում նման երևույթ չի նկատել: