
Արշակ Սվազյան. «Երբ ինտերնետով տեսա Արամ Մանուկյանին, լսեցի իր հայհոյանքները իմ նախագահի հասցեին, ինչի դա քի՞չ բան է». armtimes.com

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ հարձակում գործած Արշակ Սվազյանը 2011 թվականին Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է երեք տարի ազատազրկման՝ մաքսանենգության մեղադրանքով: Այս մասին armtimes.com-ը տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից: Սվազյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2010 թվականին փորձել է Դուբայ-Երեւան չվերթով մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծել ադամանդներ՝ 68 միլիոն 859 հազար ՀՀ դրամ արժողությամբ: ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին 2011 թվականի մայիսի 26-ի ԱԺ որոշմամբ Արշակ Սվազյանը ազատվել է պատժի կրումից: Հետաքրքիր է, որ նախաքննության եւ դատաքննության ընթացքում Սվազյանը կալանքի տակ չի եղել եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել բնակության վայրից չհեռանալու ստորագրությունը: Հիմա էլ, Արամ Մանուկյանի դեմ հարձակման գործով, Սվազյանը գտնվում է ազատության մեջ, որովհետեւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կրկին ստորագրությունը՝ բնակավայրից չբացակայելու մասին: Պատճառն այն է, որ պատգամավորի դեմ հարձակման դեպքով գործ է հարուցվել մի հոդվածով, որով առավելագույն պատժաչափը երկամսյա կալանքն է:
Արշակ Սվազյանը եւ նրա երկու երեխաները հաշվառված են Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում, բայց բնակվում են Երեւան քաղաքում, Հարավ-Արեւմտյան Բ-1 թաղամասում (Րաֆֆու փողոց): Նրանց շենք մուտք գործելու համար անհրաժեշտ էր ծածկագիր հավաքել: Կայքի թղթակցի այցելության պահին նա տանը չի եղել, սակայն նրան հաջողվել է դստեր միջոցով կապ հաստատել Արշակ Սվազյանի հետ: Նա թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ ինքն է դեկտեմբերի 11-ի ուշ երեկոյան հարվածել պատգամավոր Արամ Մանուկյանին: Հարվածելու պատճառը, ըստ նրա, այն էր, որ Մանուկյանը հայհոյել է իր հրամանատարին (Սերժ Սարգսյանին – հեղ.):
Շարունակելով իր խոսքը՝ Սվազյանն ասել է. «Ես ազատամարտիկ եմ, 1989 թվականին մասնակցել եմ պատերազմի, իմ հրամանատարը եղել է ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Ռուսաստանում էի, երբ ինտերնետով տեսա Արամ Մանուկյանին, լսեցի իր հայհոյանքները իմ նախագահի հասցեին, ինչի դա քի՞չ բան է մի հատ հայրենասիրական ապտակ հասցնելու համար: Եկա Հայաստան, ու պահը ստացվեց: Եթե պետք լինի նստել, ես կնստեմ, սա թասիբի հարց էր»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: